Փիլիպպոս առաքեալը «հայ մարդակերների» երկրում

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

 Օրերից մի օր Մատթէոս առաքեալը ճամբայ է ընկնում դէպի մարդակերների երկիրը՝ քրիստոնէութիւն քարոզելու։ Մարդակերները սրան բռնում ու բանտարկում են։ Աստծու հրամանով Մատթէոսին օգնութեան է գալիս Փիլիպպոս առաքեալը։

 Փիլիպպոսը, գալով մարդակերների երկիր, ծաղրում է նրանց կուռքը, թէ իբր այդ ինչ բան է, մի խրտուիլակ էք կանգնեցրել, վրան ոսկիներ շարել ու երկրպագում էք այդ խրտուիլակին։ Եւ ժողովուրդը նրան էլ է բանտարկում։

 Սակայն Փլիպպոս առաքեալը ինչ-որ գերբնական ուժի միջոցով դուրս է գալիս բանտի կղպուած դռնից եւ կանգնում դրան առջեւ։ Ապշած ժողովուրդը շրջապատում է նրան։ Այստեղ են հաւաքւում նաեւ երկրի աղքատները։  հարցնում է թէ ինչ է նրանց ուզածը, ինչի են սպասում։ Եւ աղքատները Փիլիպպոսին յայտնում են թէ իրենք անօթի են, Փիլիպպոսն էլ ահա հրաշագործ է, սուրբ է, դէ ուրեմն թող մի հրաշք գործէ եւ աղքատներին կշտացնի։

 Փիլիպպոս առաքեալը երկար չի մտածում, իր գաւազանը տնկում է հողի մէջ եւ անմիջապէս մի թզենի է աճում՝ հարուստ բերքով։ Աղքատները ուտում են թուզն ու կշտանում։

 Այս դէպքի մասին լուրերը հասնում են երկրի թագաւորին։ Սա մեծ շուք ու հանդէսով գալիս է՝ տեսնելու առասպելական թզենին ու հրաշագործին։

 Երբ թագաւորը մօտենում է Փիլիպպոսին, առաքեալը սկսում է յանդիմանել նրան կեղծ կուռքեր կանգնեցնելու համար եւ պահանջում վերացնել դրանք։

- Ապա թէ ոչ, - ասում է Փիլիպպոս առաքեալը, - ես կը հրամայեմ բերանից ջուր բխել ու խեղդել բոլորիդ։

 Թագաւորին շատ է բարկացնում Փիլիպպոսի յանդուգն խօսքը, բացի այդ նա չի հաւատում առաքեալի այդ անհաւանական սպառնալիքներին։ Սակայն Փիլիպպոսը կատարում է իր ասածը եւ ջուրը բխում է այնքան, մինչեւ խորտակում է մարդակերների քաղաքը եւ հասնում նրանց կոկորդներին։

 Այդ ժամ թագաւորը խնդրում է գթալ իր երկիրը, ազատել ժողովրդին եւ մկրտել նրանց։ Փիլիպպոս առաքեալը դադարեցնում է ջուրը եւ կործանում կուռքը։ Այդուետք նա կնքում է բոլոր բնակիչներին «հայ քրիստոնեաներ»։

 Ահա այսպիսի տարօրինակ ու անհաւանական պատմութիւն թէ ինչպէս «հայ մարդակերը» դարձաւ «հայ քրիստոնեայ», կամ էլ գուցէ՝ թէ ինչպէս հեթանոս հային դարձրին «մարդակեր» (յիրաւի՝ որքա՜ն բազմազան են արտացոլւում պատմական դէպքերը ժողովրդական աւանդապատումներում)։

 Ինչ վերաբերում է Փիլիպպոս առաքեալին, ապա աւանդազրոյցը շարունակւում է։ Ասում են՝ առաքեալներից միայն Փիլիպպոսը չնահատակուեց, ուստի երկնային արքայութիւն մտնել չկարողացաւ։ Եւ նա այնքան կանգնած մնաց դրան առջեւ, մինչեւ 11 առաքեալները 32 պատարագ մատուցեցին։ Միայն դրանից յետոյ նրան ընդունեցին ներս

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ