Լեզգիներն Ու Հաղպատի Ս․Նշանը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

  Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցին համալիրի հնագոյն շինութիւններից է, կառուցուել է 976-991 թուականներին Աշոտ Գ. Բագրատունու (Ողորմած) թագաւորութեան օրոք։ Այն կառուցել է տուել Խոսրովանոյշ թագուհին իր Սմբատ եւ Կիւրիկէ որդիների արեւշատութեան համար։

  Խոսրովանոյշի օրոք կառուցուել է նաև Սանահինի վանքային համալիրը, որը Հաղպատի հետ միասին հանդիսանում է «ԵՈՒՆԵՍՔՕ»ի համաշխարհային ժառանգութեան առարկայ։

  Հաղպատում հիմնուել են դպրոց, գրադարան, մատենադարան, ընդօրինակուել են ձեռագրեր, դասաւանդուել են աստուածաբանութիւն, փիլիսոփայութիւն, երաժշտութիւն եւ այլն։

  Ցավոք, Հաղպատը բազմիցս տուժել է երկրաշարժներից, ասպատակութիւններից, կողոպուտներից։ Արդէն 11-րդ դարի կէսերին վանքը աւերում եւ կողոպտում են Սելջուկները։ Թշնամական յարձակումներից պաշտպանուելու նպատակով համալիրը պարսպապատուում է, շուրջը փորուում են բազմաթիւ այրեր ու թաքստոցներ։

  Իսկ արդէն 18-րդ դարում Հաղպատը ասպատակում են լեզգիները։ Այդ յարձակումների մասին յուշերը ժողովուրդի յիշողութեան մէջ վերածուում են աւանդազրոյցների՝ այդպէս փոխանցուելով դարեդար։

   Պատմում են՝ երբ լեզգիները յարձակվում են հաղպատցիների վրայ եւ ուզում են կոտորել նրանց, յանկարծ նկատում են, որ Ս․Նշան եկեղեցու դռները ինքըստինքեան բացվում են եւ մի դեղին զգեստով եպիսկոպոս է դուրս գալիս։ Սա խաչակնքելով հալածում է բոլոր լեզգիներին։

  Մարդիկ հասկանում են որ այդ դեղնազգեստ եպիսկոպոսը Ս․ Նշանն էր, եւ սկսում են նրան «դեղնաթիկունք» անուանել, իսկ լեզգիների հալածուած տեղը «յաղթուած փոս» կոչել։

  Պատմում են նաեւ, որ լեզգիները Լոռին աւերելու ժամանակ աւերում ու կողոպտում են շրջանի շատուշատ եկեղեցիներ։ Իգահատցի 75 տարեկան մի ծերունի այդ միջոցին փախչում գալիս է Հաղպատի վանք։ Նրա անունը Խուդավերդի է լինում։

  Նոյն օրերին մի արտասովոր ու մեծ թռչուն գալիս թառում է Ս․Նշան եկեղեցու խաչի թագի վրայ եւ երեք օր չի հեռանում։ Վերջը վանահայրը մտիկ է անում, թէ ինչ կը նշանակի այս ամէնը։

   Ծերունի Խուդավերդուն երբ հարցնում են, ասում է թէ այդ լեզգիների աւերած շրջակայ եկեղեցիների զօրութիւնն է թռչունի կերպարանքով եկել իջել Ս․Նշանի վրայ։

   Խուդավերդին սա որ ասում է, թռչունն անմիջապէս սաւառնում է երկինք եւ անհետանում։

   Այդ օրէն ի վեր մարդիկ հաւատում են, որ շրջակայ Քոբայրի, Սեդուի, Ս․Գրիգորի եւ այլ եկեղեցիների զօրութիւնը Հաղպատի Ս․Նշան եկեղեցու մեջ է ամփոփուած։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ