ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Հայ իրականութեան մէջ մեծ մասսայականութիւն վայելող դրամատուրգ Գաբրիէլ Սունդուկեանի պիէսներն իրենց հասարակական հնչեղութեամբ մօտ ու հարազատ են եղել նաեւ հեռու ու մօտիկ ժողովուրդներին եւս։ Սունդուկեանի «Խաթաբալան», «Էլի Մէկ Զոհը», «Քանդած Օճախը», «Ամուսինները» դեռեւս
Հեղինակի կենդանութեան օրերից խաղացուել են մի քանի լեզուով։ Իսկ նրա ստեղծագործութեան գլուխ գործոց «Պեպօ»ն, որտեղ գրական ու գաղափարախօսական մեծ վարպետութեամբ է տրուած երկու հակադիր դասակարգերի անհաշտ պայքարը, թարգմանուել է տասը լեզուով,, խաղացուել ութ ազգային թատրոնում, աւելի քան հարիւր քաղաքում։ «Պեպօ»ն խաղացուել է նաեւ գրական լեզուով, Ագուլիսի, Նոր Նախիջեւանի բարբառներով եւ արեւմտահայերէն (երեք տարբերակով)։
«Պեպօ»ն իր բեմական պատմութիւնն է ունեցել նաեւ պոլսահայ թատրոնում։ Արեւմտահայութեանը Սնդուըեանի դրամատուրգիայի հետ առաջին ծանօթացնող եղել է թիֆլիսահայ թատրոնի դերասան Միհրդատ Սմրիկեանը (1843-1879), որը միաժամանակ առաջին արեւելահայ դերասանն է, որ հիւրախաղերի է մեկնել Պոլիս։ Նա եղել է Սունդուկեանի բացասական կերպարների՝ Զիմզիմով «Պեպօ» եւ Զամբախովի «Խաթաբալա» լաւագոյն դերակատարը՝ ընդունուած հեղինակի կողմից։
1874 թուականի սկիզբներին մեկնելով Պոլիս Սմրիկեանը մտադիր է եղել մի քանի ներկայացում տալով բարելաւել իր վիճակը, բայց բախտը չի ժպտացել, թերթ է հրատարակել, դարձեալ անօգուտ։ Վերադառնալով Թիֆլիս, իր դժբախտ կեանքին վերջ է տուել ինքնասպանութեամբ (1879)։
Պոլսում Սմրիկեանը երկու բեմադրութիւն է տուել՝ «Պեպօ»ն եւ «Աւազակները»։ Վերջինիս մէջ ինքը խաղացել է (Ֆրանց) արեւելահայերէն թարգմանութեամբ, իսկ միւսները (Քառլոս-Ադամեան, Ամալիա-Աստղիկ)՝ արեւմտահայերէն։
«Պեպօ»-ի բեմադրութեան համար Սմրիկեանն իր հետ թիֆլիսից տարել է համապատասխան զգեստներ, շուրջ երկու ամիս լրջօրէն պարապել դերակատարների հետ, որոնցից մինչեւ այժմ յայտնի է եղել միայն Սիրանոյշը, որպէս Պեպոյի քրոջ Կեկելի դերակատար։ Նոյնիսկ յայտնի չի եղել Սմրիկեանի կատարած դերը։ Ընդունուած կարգով նրան է վերագրուել Զիմզիմովի դերը։
Բեմադրութեան պատրաստելով «Պեպօ»ն, Սմրիկեանը նպատակ է ունեցել պոլսահայութեանը ծանօթացնել ոչ միայն Սունդուկեանի ստեղծագործութեանը, այլեւ պատկերացում տալ այն կեանքի ու բարքերի մասին, որ այնքան հարազատօրէն վերարտադրել է մեծ դրամատուրգը։
Իր աշխատանքների եւ նպատակի մասին Սմրիկեանը «Մասիս» եւ «Մանզումէի Էֆքյար» թերթի 1874 թ. համարներում տուած ծանուցման մէջ գրել է՝ «կը խնդրեմ Պոլսոյ հայ թատերասէր ժողովրդից ուշադրութիւն դարձնել այս նոր երեւոյթի վրայ, որովհետեւ այս ներկայացմամբ ունենալիք յաջողութեանս պիտի նպաստէ ինձ ծանօթացնել ազգակիցներիս թէ իմ ռեպերտուարի եւ թէ առհասարակ ռուսահայոց կեանքի եւ նրա տաղանդաւոր հայ ուսումնականաց գրականական հանճարի հետ։
Աւելորդ չեմ համարում մի քանի տեղեկութիւն եւս տալ, որ իմ հայրենիքի մէջ եթէ փոքր ի շատէ վաստակել եմ ժողովրդական համակրութիւնը կը խոստովանիմ բացարձակ, որ պարտական ես վերոյիշեալ Պ. Սունդուկեանցի պիէսներին, որոնցմով գլխաւորապէս մշակուել է իմ բեմական արհեստը»։
Տեւական նախապատրաստութիւնից յետոյ, 1874-ի Մայիսի 5-ին ֆրանսիական թատրոնում, Պետրոս Մաղաքեանի ղեկավարութեամբ դերասանական խմբի հետ, «տրուել է արտաքոյ կարգի փառաւոր գրգկոյթ»՝, «Պեպօ»ն ընտանեկան կեանքի մը նկարագրութիւնը։
Թիֆլիսից (1871) եւ Ղզլարից (Հիւսիսային Կովկաս, 1873) յետոյ, Պոլիսը երրորդ քաղաքն է, ուր բեմադրուել է, «Պեպօ»ն բեմադրութեան մասնակիցները եղել են Մաղաքեանի խմբի լաւագոյն ուժերը՝ Շուշան (Պեպոյի մայրը) Մարի Նուարդ Գրայեան, Կեկել (Շուշանի աղջիկը) Մեոհրուբէ Գանթարճեան Սիրանոյշ, Գիգօ (նրանց մօտ ազգականը) Եդուարդ Չափրաստճեան, Կակուլի (Պեպոյիս բարեկամը) Ղ. Երեցեան, Արթին Աղա (հարուստ վաճառական) Մանուկ Սիսակ, Էփեմիա (Ամպեր Գանթարճեան) Աստղիկ, Կիկոլի (Զիմզիմովի գործակատար) Գէորգ Պերպերեան, Սամփսոն (Զիմզիմովի տան ծառայ) Վ. Մուրատեան։ Ձկնորս Պեպոյի դերը կատարել է ինքը՝ Սմրիկեանը, առաջին ու վերջին անգամ։ Նա Պեպոյի երրորդ (յայտնիներից երկրորդ) դերակատարն է հայ թատրոնում։ Դժուար է ասել թէ ստանձնելով Պեպոյի դերը, ինչ մտայղութիւններ է ունեցել։ Նրա բնորոշմամբ «Պեպօն միայն հայ ձկնորս չէ, ամէն ազգի ձկնորս է։ Նա հայերէն կը խօսի, բայց միայն հայ չէ, այլ ամէն ազգութենէ է»։
Դերերի սունդուկեանական անուանումների պահպանութիւնը ցոյց է տալիս, որ Սմրիկեանը «Պեպօ»ն բեմադրել է բնագրով՝ Թիֆլիսի բարբառով։
Նոյն երեկոյին, ի պատիւ Ս. Սմրիկեանի, դաշնամուրային համերգ է տուել Կ. Տէովլեթի եւ Տ. Չուխաճեանի կողմից։ Սիմֆոնիկ նուագախմբով կատարուել է Չուխաճեանի «Օլիմպիադա» ստեղծագործութեան առաջին մասը։ Աւելցնենք, որ Թէոդիկի վկայութեամբ Պոլսում Գէորգ Դոդոխեանի «Ծիծեռնակ» երգի առաջին կատարողը եղել է Միհրդատ Սմրիկեանը։
Հետագայ տարներին, պոլսահայերին աւելի մատչելի դարձնելու նպատակով, դերասան Արամ Վրոյրը «Պեպօ»ն վեր է առել պոլսահայերէնի եւ բեմադրել 1890-ին Խասգիւղի թատրոնում, կատարելով գլխաւոր հերոսի դերը։
1909-ին Պոլսում, «Պեպօ»ն բեմ են հանել նաեւ Աբելեան-Արմէնեան կովկասեան թատերախումբը (գրական լեզուով) եւ երիտասարդ թատերական գոծիչ Ենովք Շահենը, որի կեանքի թելը կտրուել է 1915-ին։ «Պեպօ»-ի մի բեմադրութիւն էլ իրականացուել է դերասան եւ ռեժիսոր Աշոտ Մատաթեանի կողմէ, 1936-ին, թաղապետական թատրոնում, շատ հնարաւոր է իր՝ թրքերէն թարգմանութեամբ։ «Պեպօ»-ի դերակատար Աւնի Պեքիրից բացի միւս գլխաւոր դերերը կատարել են Ա. Մատաթեանը, Լիւսի Թոգաթլեանը, Զարեհ Արշակը։
Սունդուկեանի պիէսներից պոլսում բեմադրուել են նաեւ «Գիշերուան Սաբրը Խեր Է», «Օսկան Պետրովիչը Էն Կինքումը» պիէսների փոխադրութիւնները տեղական բարբառով ու տեղին յարմարեցուած։