ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Վանայ լճից հիւսիս-արեւելք, Արածանիի վերին հոսանքի ձախափնեայ հատուածում, Մանազկերտի ու Ալաշկերտի դաշտերի միջեւ հարաւ-արեւմուտքից հիւսիս-արեւմուտք աղեղնաձեւ ձգւում են հրաբխային ծագում ունեցող Ծաղկանց կամ Ծաղկոտան լեռները, որ ոմանք նոյնականացնում են ասորեստանեան սեպագիր արձանագրութիւններում յիշուող էրիտիա (Իրդիա) լեռներին։
Չորս կողմը տարածուած այդ լաւային կուտակումները ժամանակի ընթացքում Արածանիի վտակների ազդեցութեան ներքոյ վերածուել են հովհարային դասաւորութեամբ աչքի ընկնող լեռնաբազուկների։ Սրանցից մէկը վերջանում է Նպատ լեռնագագաթով, որի պատուին էլ լատինական աղբիւրները լեռնաշղթան անուանում են Նպատ կամ Նպատական։
Հին աւանդութիւնը պատմում է, թէ ժամանակին հայոց լեռները յաղթանդամ եղբայրներ էին։ Ահա Ծաղկանց լեռները ճիշդ այդ յաղթանդամ եղբայրների պէս իրենց բարձրադիր մարմնով գրկում են Արճեշ, Բերկրի եւ Արածանի գետերի հովիտները՝ աչքի լոյսի պէս պահպանելով հայրենի հողում հրաբխային կրակի ու կենարար ջրի միաձուլումից ծնուած ծաղկաշատ բարձրավանդակը։
Ասում են՝ այստեղ է եղել Շահապիվանը՝ «Բանակատեղի Հայոց Թագաւորաց», եւ այստեղ էր Արշակունիների ամառանոցավայրը։
Լեռնաշղթայի հիւսիսային կողմը յայտնի է «Ծմակ (անտառ) լերան Ծաղկոց» անուամբ, Ալաշկերտի դաշտի մի մասն էլ ՝ Ձիրաւ անուամբ։
Ծաղկոտան լեռների ամենաբարձր գագաթը Թոնդրակն է կամ Թոնդուրեկ, գտնւում է այն արեւելքում։ Իսկ ահա հիւսիս-արեւմուտքում վեր է խոյանում բարձրութեամբ երկրորդ, բայց իր վեհութեամբ առաջին գագաթը՝ Ծաղկէոն, որի անունը տարածուել է ամբողջ լեռնաշղթայի վրայ, եւ որը ոմանք կապում են հին աղբիւրներում յիշուող Աղի լերան հետ։
Ծաղկէոն հետագայում աւելի յայտնի է դառնում թրքերէն Ալատաղ անուան ներքոյ, ինչից ամբողջ լեռնաշղթան սկսում են անուանել Ալատաղի լեռներ։ Պատահում է դա, ամենայն հաւանականութեամբ, միջնադարեան Ալատաղ քաղաքի անուան ազդեցութեան հետեւանքով բազմազգ մի քաղաք, որը 13-րդ դարին Հուլաւու Էլղանը հիմնում է Ծաղկանց լեռների ստորոտում՝ հայերի հարկադիր աշխատանքի շնորհիւ, եւ որը ծառայում էր որպէս Հուլաւեանների ամառանոց եւ վերանում է արդէն 14-րդ դարում։
Մի գեղեցիկ աւանդութիւն կայ Ալատաղի մասին։ Եթէ այն ժամանակ, երբ դեռ կենդանի էր հայի շունչը հայրենի բոլոր գաւառներում, ճամբորդելիս լինէիր Բասենի գիւղերով, քեզ անպայման եւ ամենուր կը պատմէին, որ Ալատաղը ժամանակին քրտուհի աղջնակ էր։ Սրա հայրը շատ հարուստ էր։ Օրերից մի օր գեղեցկուհի քրտուհին հանդիպում է Քոսատաղին՝ հայ տէրտէրի որդուն։ Նրանք սիրահարւում են, բայց երկուսի ծնողքն էլ ընդդիմանում են այդ սիրուն։ Սիրահար զոյգը փախչում է, եւ ծնողները անիծում են նրանց։ Ցաւօք, անէծքը կատարւում է, եւ Ալատաղն ու Քոսատաղը վերածւում են քար լեռների՝ յաւերժ միմեանցից հեռու քրտուհին՝ Վանանդ եւ Բասեն գաւառների միջեւ, հայորդին՝ Հայկական Պարի կեդրոնում։ Նրանց հայեացքները մշտապէս ուղղուած են մէկմէկու՝ սառած արցունքներով, որ ձիւն է դարձել (Ծաղկանց լեռներում ամառները կարճատեւ էին, իսկ ձմեռները՝ երկար եւ ձիւնառատ)։
Եւ միայն Համբարձման գիշերուայ կախարդանքն էր ի զորու յաղթելու այդ չար անէծքը։ Երբ այդ սպասուած գիշերը ջրերը կանգ էին առնում եւ աստղերը շունչ առնում, Ալատաղն ու Քոսատաղը մի պահ կենդանանում էին, գալիս հասնում էին Արազի ափը եւ Վարդհեր վանքի մօտ գրկախառնւում, համբուրւում, յետոյ կրկին ետ դառնում, նստում իրենց տեղերը։
Այդ ակնթարթային համբոյրի ժամանակ արշալոյսին ցօղ էր իջնում, որ ապաքինում էր բոլոր հիւանդութիւնները, լեզու էին առնում խոտաբոյսերը՝ անցորդներին պատմելով իրենց բուժիչ գաղտնիքները, իսկ հայ եւ քուրտ երիտասարդներն ամէն տարի Համբարձման տօնին ուխտի էին գնում Ալատաղ եւ սիրոյ երգեր հիւսում։