ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտից եւ զինադադար յայտարարուելուց յետոյ, թրքական կոտորածներից ու հալածանքներից փրկուած Կիլիկեան Հայաստանի բնակչութիւնն սկսել է մի քիչ ազատաշունչ քաշել խաղաղութիւնն իր հետ ազատութիւն բերելով, մարդիկ սկսել են նաեւ ստեղծագործական աշխատանքով վերապրել։
Թրքական բռնութիւններից ազատուած հայութեան մի որոշ մասը սկսել է կամաց-կամաց վերադառնալ իր հարազատ բնակավայրը։ Նրանց են միացել նաեւ աքսորից ու գերութիւնից ազատուած բազմաթիւ մտաւորականներ։
Արաբական անապատներից, Տէր Զօրի տարածութիւնից ողջ մնացած գաղթականութեան մնացորդներն անտէր ու անտէրական որբերի հետ ժամանակաւոր ապաստան են գտել Պէյրութում, Հալէպում եւ Կիլիկեան հայաբնակ քաղաքներում ու գիւղերում։ Ապրել են բաց երկնքի տակ, լաւագոյն դէպքում՝ թիթեղածածկ վրաններում դիմակայել են ամէն տեսակի հիւանդութիւնների, մարդկային մեծ կորուստներով ապաքինուել, կեանքի կոչուել։
Տեղացի հայրենակիցների կողմից համեստաբար նպաստազօր պայմաններ են ստեղծուել նրանց համար՝ արուեստներ սովորելու, կրթութիւն ստանալու, մշակութային կեանքով դժուարութիւնները յաղթահարելու համար։ Մտաւորականութիւնն էլ իր հերթին է հոգացել տառապած ժողովրդի բարոյա-հոգեբանական ցաւերը մեղմելու համար։
Հալէպահայութիւնը յաջողուել է Տէր Զօրի աքսորեալներից 1918-ին փրկել Պոլսահայ թատերական գործիչ Աշոտ Մատաթեանի (1882-1965) կեանքը։ Վերջինս իր շուրջը հաւաքելով երիտասարդ թատերականների, նոյն դարում կազմակերպել է «Մելպոմէ» երիտսարդաց թատերախումբը եւ ներկայացումներ տալով նպաստել ազգակիցների հոգեբանութեան կայունացմանը։
Մատաթեան լինելով օրուայ հոգսերից անբաժան գործել գրել ու բեմադրել է ժամանակակից կեանքին վերաբերող «Ահա Սերունդը» վերնագրով մէկ գործողութեամբ պիէսը։ Պիէսում պատկերուել է ամէն տեսակի դժուարութիւնները յաղթահարող եւ ազատութիւն վայելելու տենչին ձգտող ու հասնող հայ մարդու կերպարը։ Պատահական չէ, որ ներկայացման հանդիսատեսների շարքերում գտնուող անգլիական ու ֆրանսիական բանակների բարձրաստիճան զինուորականներին զարմացրել է թէ՝ դեռ երեկ հրի ու սրի միջով անցած այս մարդիկ ինչպիսի կամք ու զօրութիւն ունեն, որ կարողացել են հանդիսատեսի ոգեւորութիւնը բարձրացնող ստեղծագործութիւն գդել ու բեմադրել։
Այսպիսի ոգեւորութիւնից ներշնչուած Մատաթեանն սկսել է նաեւ դասական պիէսներ բեմադրել։ Այդ պիէսներից երկուսը պատմական նշանակութիւն են ունեցել։ Առաջաքինը եղել է Շիրւանզատէի «Պատուի Համար», դրաման որով 1909-ից սկզբնաւորուել է հալէպահայ թատրոնը՝ դառնալով միջին արեւելեան երկրների առաջին թատերական քաղաքը։
Որոշ ընդմիջումից յետոյ, Հալէպի «Անդրանիկ» թատերախումբը բեմ է բարձրացրել Շեքսպիրի «Համլետ»ը (1911), դառնալով այդ կողմերում առաջին անգամ Շեքսպիր ներկայացրած քաղաքը։ 1920-ից «Անդրանիկ» թատերախումբն ան ընդմէջ գործել է մինչեւ վերջին տարիներս՝ սիրիահայութեան հետ կատարուած նոր աղէտը։
1918-ի ընթացքում «Մելպոմէ» թատերասիրաց խմբի ուժերով Աշոտ Մատաթեանը բեմադրել է նաեւ Ա. Կոնան-Դոյլի «Շարլոկ Հոլմս» պիէսը, իսկ յետոյ՜ «Համլետը», ինքն էլ կատարելով Համլետի դերը։
Այս շրջանում Հալէպում է գտնուել նաեւ երիտասարդ բանաստեղծ Գէորգ Արապաճեանը, որը հետագայում պէտք է ճանաչում ստանար Կառվարենց գրական անունով (1892-1946)։ Կառվարենցը յայտնի է որպէս նաեւ «Համլետ»ի թարգմանիչ։ 1919-ի Յուլիսի 5-ին Պոլսոյ Հայ Դրամատիկ Ընկերութեան թատերախումբի դերասանների ուժերով Աշոտ Մատաթեանն այդ տեղ եւս բեմադրել է «Համլետ»ը Գէորգ Արապաճեան-Կառավարենցի թարգմանութեամբ։ Ինքը կատարել է Համլետի դերը, իսկ թարգմանիչ Արապաճեանը՝ Ա. դերասանի դերը։ Արդեօք Հալէպի «Համլետն» է՞լ չի եղել Գ. Արապաճեանի թարգմանութիւնը։ Թէեւ ուղղակի տուեալներ չկան, բայց հաւանակնութիւնը Արապաճեանի կողմն է։
Արապաճեանի գրիչին է պատկանում նաեւ Հալէպում նրա գրած «Հայաստանի Յոյսը» այլաբանական պիէսը, որը 1916-1919թթ. Բեմադրուել է Հալէպում եւ կիլիկեան քաղաքներում։ Այդ խրախուսական յոյսը «նոյնպէս վերաբերել է ժամանակի քաղաքական» անցքերին եւ յուսադրել ժողովրդին։
1918-ի Նոյեմբերի 19-ից լրագրող Սեդրակ Կեպենլեանի խմբագրութեամբ Հալէպում սկսել է լոյս տեսնել «Հայ Ձայն» թերթը, որը լուսաբանել է ինչպէս քաղաքական կեանքում տեղի ունեցող իրադարձութիւնները, այնպէս էլ քաղաքում եւ մերձակայ վայրերում կատարուող երեւոյթները։ 1919-ի Փետրուարից «Հայ Ձայնը» շարունակել է լոյս տեսնել Ատանայում եւ ծառայել նոյն նպատակներին։
Մատաթեանը Հալէպում աւարտելով ներկայացումների շարքը, 1919-ի Մարտի կէսերին իր «Մելպոմէ» թատերախումբով նոյնպէս անցել է Ատանա։ Թատերախումբի հետ Ատանա է փոխադրուել նաեւ երիտասարդ երաժիշտ (ջութակահար, Կոմիտասի հինգ աշակերտներից մէկը) Բարսեղ Կանաչեանը (1885-1976)։ Իր ղեկավարութեամբ երկսեռ երգչախմբով ու երաժշտախմբով, կազմակերպուել են թատերաերաժշտական միջոցառումներ։
Այս առնչութեամբ Ատանայի «Կիլիկիա» թերթի 1919-ի Մարտի 21-ի համարում գրուել է, «Ա. Մատաթեանի Մելպոմէ Հայ թատերախումբը մէկ քանի օր առաջ Հալէպէն հասաւ Ատանա Պոլիս երթալու համար։ Հայկական այս վերջին աննախընթաց աղէտէն ետ Պոլիսէն դուրս կազմուած անդրանիկ եւ կարեւորագոյն թատերախումբն է այս»
1 Կարեւորագոյն թատերախումբի սկսած գործունէութիւնը, թերթը միաժամանակ նշել է նրա ստացած գնահատութիւնը օտարների կողմից եւ ցանկութիւն յայտնել, որպէսզի խումբը կիլիկեան շրջանի մէջ էլ մնա եւ խանդավառի հայի սրտերը ինչպէս Հալէպում։
«Մէլպոմէ» թատերախումբի ներկայացումները Ատանայում տեղի են ունեցել Աբգարեան Վարժարանի սրահում։ Առաջին ներկայացումներից մէկը եղել է Շիրվանզատէի «Պատուի Համար» չորս գործողութեամբ դրամական, որը հասարակութեանն ներկայացուել 1919-ի Մարտի 22-ին։ Դէյեչի կատարմամբ հանդէս են եկել՝ Էլիզբարեան- Ս. Խաչերեան, Երանուհնի- օր. Նուարդ Բագրատ- Արապաճեանի (Գէորգ Կառավարենց), Սուրէն- Եղիշէ, Ռոզալիա- Տ. Գոնտալեան, Մարգարիտ- տ. Զարուհի (Խաչերեան), Օթարեան- Աշոտ Մատաթեան, Սաղաթել- Ա. Շիրինեան եւ ուրիշներ։
2 Յաջորդ օրը՝ Մարտի 23-ին «Պատուի Համար»ը կրկնուել է հայ զինուորների համար։ Մարտի 26-ին եւ 29-ին «Մելպոմէ» թատերախումբը հանդիսատեսներին ծանօթացրել է Յակոբ Պարոնեանի «Պաղտասար Աղբար» կատակերգութեան բեմադրութիւնը։
«Մէլպոմէ» թատերախումբն ընդառաջելով ժողովրդի փափաքին Ապրիլի 5-ին էլ բեմ է հանել երեք գործ։ Դրանք են՝ . Ռիվոլէի «Վերադարձ»ը, «Վիռի Ճաշարանին Ծառան» զաւեշտը եւ Հ. Բատայլի «Կոյրը» թարգմանական պիէսները։
Ապրիլի 13-ին՝ Կիրակի օրուայ կէսօրից յետոյ տրուած ներկայացումը եղել է «Շերլոկ Հոլմսը»։ Այս պիէսի ներկայացման գտած յաջողութեան մասին «Հայ Ձայն» թերթում գրուել է «Մատաթեան եւ իր ընկերները՝ պ.պ. Խաչերեան, Կառվարվենց, Պալեան եւ տիկ. Խաչերեան շատ յաջող կերպով կատարեցին իրենց դերերը եւ ջերմապէս ծափահարուեցան։ Ատանայի մէջ ուրախալի է տեսնել ներկայութիւնը գիտակից եւ խղճմիտ «Մելբոմէ» հայ թատերախումբին»։
3 Ադամեան իրենց հիւրախաղերն աւարտելուց յետոյ, Մատաթեանի եւ Կանաչեանի խմբերն իրենց գործունէութեանը շարունակել էր Կիլիկեան մի այլ քաղաքում՝ Մերսունում։ Քաղաք հասնելու յաջորդ օրը՝ Ապրիլի 21-ին տեղի Հայ ազգային միութեան նախաձեռնութեամբ եւ ֆրանսիական կառավարիչի հովանաւորութեամբ տրուել է «նուագային եւ թատերական երեկոյթ» յօգուտ հայ գաղթականութեանը։ Երեկոյթը մեծ խանդավառութեամբ է ընդունուել հայ եւ օտարազգի հանդիսատեսների կողմից։
Առաջին բաժինը եղել է երաժշտական կատարումների մասը։ Երգ եւ նուագի կատարման ժամանակ, մամուլի վկայութեամբ աչքի են ընկել դաշնակահարուհի տիկ. Անժէլ Աճեմեանը, ջութակահար Բ. Կանաչեանը, երգերի կատարմամբ տիկ. Խաչերեանը «Հովերն Առան» եւ Կառվարենցը՝ (յունարէն)։
4 Թատերական մասում կատարուել են տեսարաններ տարբեր պիէսներից, որոնց մէջ մեծ ընդունելութիւն է գտել մասնաւորապէս Գ. Կառվարենցի «Հայաստանի Յոյսը» այլաբանական պիէսը։ Հայրենասիրական այդ պիէսը՝ Մայր Հայաստանի եւ յոյսի յուսադրական գաղափարը, «իբրեւ խորհրդանիշ հայ զինուորի երեւելը էլեկտրական լոյսի ցոլքին տակ» ծայր աստիճան խանդավառութիւն է առաջացրել հայ, յոյն, արաբ երկսեռ հանդիսատեսների մօտ։ Յաջորդ օրը մի խումբ հայ լեգիոնականներ բացօթեայ սեղան են պատրաստել ի պատիւ թատերախումբի։
Թատերա-երաժշտական միացեալ այս միջոցառումը Մերսինում կրկնուել է նաեւ Մայիսի 28-ին։
Ճեյհանի բնակչութիւնից 30-35 ընտանիք հայրենի օճախ վերադառնալուց յեյտոյ, Մատաթեան-Կանաչեան միացեալ խումբը մտադիր է եղել Ապրիլի 29-ին մի ներկայացում տալ Ճեյհանցիների համար։ Կատարուել է նրանց մտայղացումը թէ ոչ, յայտնի չէ։
Ապրիլ 28-ին Մերսինում իրենց վերջին ելոյթը տալուց յետոյ, թատերա-երաժշտախումբը Տէրսիմ գնացել է։ Այստեղ եւս տրուել է թատերա-երաժշական երեկոյթ Ա. Աճեմեանի եւ Բ. Կանաչեանի մասնակցութեամբ։ Իսկ «Մելպոմէ» թատերախումբը ներկայացուել է Գ. Կառվարենցի «Հայաստանի Յոյսը» այլաբանական պատկերը։ Երեկոն եղել է ոգեւորիչ։
Թատերա-երաժշտական միացեալ խմբի յաջորդ ելոյթները տեղի են ունեցել Տարսոնում։ Այստեղ էլ նախաձեռնութիւնը պատկանել է քաղաքի երիտասարդաց միութեանը, հովանաւորութիւնը՝ տեղի ֆրանսական կառավարիչի կողմից։ Մայիսի 10-ին «Մելպոմէ» թատերախումբը ներկայացրել է Ա. Մատաթեանի «Ապառաժներ» եւ Գ. Կարվարեանցի «Հայաստանի Յոյսը» խիստ արդիական բովանդակութեամբ պիէսները եւ մի զաւեշտ։
Աշոտ Մատաթեանի ղեկավարութեամբ գործող «Մելպոմէ» թատերախումբի վերջին ներկայացումը Կիլիկեան Հայաստանում տեղի է ունեցել 1919-ի Մայիսի 11-ի Կիրակի օրը։ Իբրեւ հրաժեշտի ներկայացում, Աբգարեան վարժարանի սրահում խաղացուել են վերոյիշեալ «Ապառաժներ» եւ «Հայաստանի Յոյսը» պիէսները։
Այսպիսով, ըստ «Կիլիկիա» թերթի տուեալների «Մէլպոմէ» թատերախումբը Կիլիկիայում 1919-ի գարնան ամիսներին տուել է տասը ներկայացում։ Մատաթեանը եւ Կառվարենցը մեկնել են Կ. Պոլիս եւ այստեղ շարունակել իրենց գործունէութիւնը, իսկ խմբի միւս անդամների ճակատագիրն անյայտ է։
Մատաթեանի հեռանալով Կիլիկիայի հայկական թատրոնը որոշ շրջան գործել է տեղական ուժերով, ըստ որում, նաեւ տարբեր վայրերում։
Արեւմտահայ դրամատուրգ, խմբագիր եւ հրապարակախօս Սուրէն Պարթեւեանի (Սիսակ Պարտիզպանեան, 1876-1921) 1916-ին գրուած «Ձայն մը Հնչեց» պիէսը (1915-ի Կիլիկիայի Տէօրթ Եոլ (Չորք Մարզուան) բնակավայրի թատրոնում, տեղի Կարմիր Խաչի մասնաճիւղի խոստացած ներկայացումը կայացել է 1919-ի Մայիսի 22-ին։
Այս պիէսի՝ հանդիսատեսի կեանքում ունեցած տեղի ու նշանակութեան մասին ուշագրաւ բնութագրութիւն է տուել Ատանայի «Հայ Ձայն» թերթում տպագրուած մի թատերախօսական։ «Հակառակ բեմական անհրաժեշտ կազմած եւ տարազներու չգոյութեան, -գրուած է թերթում- պէտք է խոստովանել, ներկայացումը յաջող անցաւ, տպաւորութիւնն ալ զգալի եւ գոհացուցիչ։ Առաջին անգամն էր այս, որ գիշերային հանդէս մը տեղի կ՚ունենար։ Տէօրթ Եոլի մէջ։ Ժողովուրդը շնորհաւորելի փութկոտութեամբ եկած էր»
5 Ներկայացման վերջում տրուել է պիէսի բովանդակութեանը հարազատ մի պատկեր։ Մթութեան մէջ, գունաւոր լուսաւորութեան տակ կամաւորուհին պատգարակով դուրս է տարել վիրաւորներին։ Ահա եւ տեղական ուժերի հնարամտութեան մի փայլուն օրինակ՝ իրականութիւնից առնուած պատկերով արձագանգել օրուայ քաղաքական կեանքին։ Հայ Կարմիր Խաչի մասնակցութիւնը կամաւորական շարժմանը, ճերմակ զգեստով մի հայուհի ձեռքն դրօշակ շրջելով երգել է հանրայայտ «Լռեց Ամպերը» երգը։
Միւս օրինակը տեղի է ունեցել Ատանայում։ Տեղի երիտասարդական երկսեռ միութեան կողմից Գ.Ծ.Վ. Ասլանեանի Հովանաւորութեամբ ներկայացուել է Գրիգոր Անգութի (Սոմունեան, ?-1924) «Հայրենիքի Ձայն» ողբերգութիւնը եւ մի զաւեշտ։ Ներկայացումը տրուել է յօգուտ Աբգարեան Վարժարանի սրահին, որտեղ տեղի են ունեցել Ատանայում կազմակերպուող միջոցառումները։
«Հայրենիքի Ձայնը»՝ ողբերգութիւնը կրկնուել է Մայիսի 30-ին այս անգամ Տիկնանց Միութեան կողմից։ Ողբերգութիւնից յետոյ, հանդիսատեսի տրամադրութիւնը բարձրացնելու նպատակով խաղացուել են Գարեգին Ռշտունու «Վեցուկէս Պորտի Ժառանգութիւնը» եւ Գ. Կարվարենցի «Հայաստանի Յոյսը» պիէսները։
1919 Յունիսի 15-ին տրուել են մեզ յայտնի վերջին տուեալները Կիլիկեան Հայաստանի թատրոնի մասին։ Այդ օրը Աբգարեանի սրահում ներկայացուել են «Գինեմոլի մը Վախճանը» մէկ արարով դրաման եւ «Երկու Շերիֆները» երեք գործողութեամբ կատակերգութիւնը։
6 Յետագայ շրջանում առաւել վատթարանալով Կիլիկիայի վիճակը, առաւել եւս Թուրքիայի բաժին դառնալուց յետոյ էլ ի՜նչ հայերէն գիր ու գրականութիւն , ի՜նչ երգ-երաժշտութիւն, ի՜նչ թատերական արուեստ։ Բոլորն անհետացան երկրի երեսից։ Բայց քանի հայի բերանումը շունչ կայ ինչպէս ասել է Խաչատուր Աբովեանը —Պէտք է ապրի Կիլիկիայի փառաւոր յիշողութեամբ։
Ծանօթագրութիւններ
1 Կիլիկիա (Ատանա) 1919, N 9։
2 Նոյն Տեղում
3 Հայ Ձայն (Ատանա ) 1919, N 102։
4 Կիլիկիա 1919, N 25։
5 Հայ Ձայն, 1919, N 142։
6 Նոյն Տեղում, N 152։