Սիամանթօն Թիֆլիսի Թատերական Միջավայրում

ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Սկսած 19-րդ դա­րի 80-ական թո­ւական­նե­րից աշ­խուժա­ցել են արե­ւելա­հայ եւ արեւմտա­հայ գրա­կանու­թեան եւ արո­ւես­տի գոր­ծիչնե­րի փո­խադարձ հան­դի­պումներն ու գնա­հատու­թիւննե­րը։ Դրանք երկկող­մա­նիօրէն նպաս­տել են գրա­կան-քննա­դատա­կան մտքի հա­սու­նացմա­նը, թատ­րո­նի, երաժշտու­թեան, կեր­պա­րուես­տի զար­գացման հար­ցե­րի ու­սումնա­սիրու­թեան ընդլայնմա­նը։

1910-ական թթ. Անդրկով­կաս եկած արեւմտա­հայ գրող­նե­րից մի առան­ձին հե­տաքրքրու­թիւն է ներ­կա­յաց­րել հա­յոց վէր­քի, վշտի, միաժա­մանակ՝ վե­րածննդի եր­գիչ-բա­նաս­տեղծ Սիաման­թօն-Ատոմ Եար­ճա­նեանը։ Նրա Թիֆ­լիս գա­լը զու­գա­դիպել է Հա­յոց Գրող­նե­րի Ըն­կե­րու­թեան գոր­ծունէու­թեան երկրորդ տա­րեշրջա­նի բաց­մա­նը։ Առա­ջին մի­ջոցա­ռու­մը նո­ւիրուած է եղել արեւմտա­հայ գրա­կանու­թեանը, որի մա­սին խօ­սել է գրա­կան-մշա­կու­թա­յին գոր­ծիչ Գաս­պար Իփե­կեանը (դե­րասան եւ ռե­ժիսոր Ար­մէն Ար­մէ­նեանի եղ­բայրը)։

1913-ի Նո­յեմ­բե­րի 7-ի այդ մի­ջոցա­ռու­մը հա­կիրճ խօս­քով ըն­կե­րու­թեան նիս­տը բա­ցել է նրա նա­խագահ Յով­հաննէս Թու­մա­նեանը։ Արե­ւելա­հայ եւ արեւմտա­հայ գրող­նե­րի ու գրա­կան կա­պերն ամ­րապնդող նրա ելոյ­թում, խօս­քը մաս­նա­ւորեց­նե­լով օրո­ւայ պա­տուա­ւոր հիւ­րին, ասել է՝ «Առան­ձին ու­զում եմ յի­շատա­կել, որ տաճ­կա­հայ գրա­կանու­թեանը նո­ւիրո­ւած էս երե­կոյեան ներ­կայ է տաճ­կա­հայ գրա­կանու­թեան ամե­նաինքնա­տիպ, տա­ղան­դա­ւոր ներ­կա­յացու­ցիչնե­րից մի­նը՝ մեր ազ­գա­յին վշտի ու կո­րովի ու­ժեղ եր­գի­չը, պ. Ատոմ Եար­ճա­նեան- Սիաման­թօն, որին յայտնում ենք մեր սէրն ու յար­գանքը»։ (Յ. Թու­մա­նեան, ԵԼԺ, հ.7, 1995, էջ 108)։

Սիաման­թո­յի պա­տուին ու­րիշ մի­ջոցա­ռումներ էլ են կազ­մա­կեր­պո­ւել Թիֆ­լի­սում։ Դրան­ցից մէ­կում, սի­րուած բա­նաս­տեղծի գոր­ծե­րից կար­դա­ցել է մի քա­նի ամիս առաջ Թիֆ­լիս հրա­ւիրո­ւած դե­րասան Վահ­րամ Փա­փազեանը, «ՄՇԱԿ»ի խմբա­գիր Համ­բարձում Առա­քելեանը գնա­հատե­լով նրա առա­ջին դե­րակա­տարու­մը Աբե­ղայի։ «Հին Աս­տո­ւած­ներ» գրել է՝ «Ահա ձեզ մի նոր ուժ եւս, մեր յար­գե­լի տի­կին Սի­րանոյ­շի շնոր­հիւ Թուրքիայից հրա­ւիրո­ւած դե­րասան Վահ­րամ Փա­փազեանը»։ (Մշակ, նօ. 133)։

Թիֆ­լի­սի թա­տերա­կան գոր­ծիչնե­րից Սիաման­թո­յի հետ ծա­նօթու­թիւն է ու­նե­ցել նաեւ պոլ­սա­հայ դե­րասա­նու­հի Սի­րանոյ­շը։ Եթէ ոչ վա­ղուց, Հա­ւաս­տի է, որ նրանք տես­նո­ւել են Սիաման­թո­յի՝ Թիֆ­լի­սում գտնո­ւած օրե­րին Նո­յեմ­բե­րի 20-ից յե­տոյ, Սի­րանոյ­շը Սիաման­թո­յի (թե­րեւս նաեւ Վ. Փա­փազեանի) հետ հիւր են եղել կոմ­պո­զիթոր Ար­մէն Տիգ­րա­նեանի տա­նը։ Պատ­կա­ռելի հիւ­րե­րի հա­մար Տիգ­րա­նեանը նո­ւագել է հա­տուած­ներ «Անուշ» օփե­րայից։

Սի­րանոյ­շը Նո­յեմ­բե­րի 25-ին Աշ­խէն Տիգ­րա­նեանին գրած մի փոք­րիկ նա­մակով նրանց ներ­կա­յաց­ման է հրա­ւիրել՝ «Ազ­նո­ւափայլ տի­կին, այ­սօր, եթէ ցան­կութիւն ու­նէք, պա­րոն Տիգ­րա­նեանի հետ միասին հա­յոց թատ­րոն գա­լու, ես կ՚ու­ղա­րկեմ ձեզ քոնթրմար­քեր, երբ որ ստա­նամ։ Իսկ եթէ մին­չեւ ժա­մը 7 չի բե­րեն, ես ձեզ իմաց կու տամ եւ մենք բո­լորս միասին կը գնանք եօթ եւ կէ­սին…» (Գրա­կանու­թեան եւ Արո­ւես­տի թան­գա­րան, Ս. Տիգ­րա­նեանի Ֆոնդ նօ. 436)։

Թւում է թէ «բո­լորս միասին կը գնանք» ասե­լով Սի­րանոյշն ի նկա­տի է ու­նե­ցել նաեւ Սիաման­թո­յին։ Իսկ այդ օրը Զու­պա­լովի անո­ւան ժո­ղովրդա­կան տա­նը ներ­կա­յացո­ւել է Սեն­կե­ւիչի «Հօ՞ եր­թա­սի» բե­մակա­նացու­մը Վ. Փա­փազեանի մաս­նակցու­թեամբ։

Փա­փազեանի եւ Սիաման­թո­յի հան­դիպման հա­ւաս­տի հետ­քե­րը տա­նում են Վե­նետիկ։ Փա­փազեանն իր «Յե­տադարձ Հա­յեացք»ի առա­ջին հա­տորում նշել է որ Սիաման­թո­յի հետ ծա­նօթա­ցել է 1914-ի ամառ Վե­նետի­կում, Սի­պիլի մի­ջոցով։ Այդ հան­դի­պու­մից քա­ռասուն տա­րի անց, նա տո­ւել է Սիաման­թո­յի հե­տեւեալ դի­պուկ եւ խտա­ցուած բնու­թագրու­թիւնը՝ «Սի­պիլին ըն­կե­րանում էր սափ­րո­ւած դէմ­քով, փոքր աչ­քե­րով, յու­սա­հատ ու թախ­ծոտ մի կեր­պա­րանք, թէեւ խնամ­քով ու վա­յելուչ հագ­նո­ւած, բայց աւե­լի շատ յու­սալքու­մի մարմնա­ցում, քան կեն­դա­նի արա­րած։ Հար­ցա­կան ակ­նարկս գու­շա­կեց Սի­պիլը եւ ծա­նօթաց­րեց այդ մար­դու հետ, խորհրդա­պաշտ բա­նաս­տեղծ Սիաման­թօն էր։ Եր­բեք գրո­ղը իր գրա­ծի հա­յելին չի եղել այնպէս, ինչպէս նա, ում վրայ որ կանգ էր առ­նում նրա տար­տամ, ցուրտ հա­յեաց­քը, յու­սա­հատու­թիւնը չո­գում էր նրա վրայ, ձայ­նը գա­լիս էր կար­ծես հե­ռուից, ինչ-որ խո­նաւ նկու­ղից, անո­ղոք, ամուլ, անա­րեւ եւ երբ ձեռ­քը մեկ­նեց, ինձ՝ թո­ւաց թէ մրսում եմ»։

Թէ ինչքան են տե­ւել Սիաման­թո­յի եւ Փա­փազեանի հան­դի­պումնե­րը, ստոյգ յայտնի չէ։ Բայց պահ­պա­նուել է նրանց մի լու­սանկա­րը միասին, ամ­բողջ հա­սակով, Վե­նետի­կի Սուրբ Մար­կո­սի հրապարակում, աղաւնիների կերակրելիս։ Ուրեմն, նրանց հանդիպումները պատահական բնոյթ չեն կրել։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ