ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Քրիստոնէութեան մուտքը նոր երանգ բերեց հայ թատրոնին։ Նորի ու առաջաւորի հետ նա ունեցաւ եւ իր բացասական հետեւանքները։ Մերժուեցին եւ կործանուեցին մինչ այդ կառուցուած հեթանոսական-պաշտամունքային յուշարձանները, տաճարները, որոնցից երջանիկ բացառութեամբ փրկուել է Գառնիի տաճարը, որը վերջին տասնամեակներում վերանորոգուելով ստացել է իր նախնական տեսքը։ Դրանց փոխարէն կառուցուել են եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, կրօնական ու աշխարհիկ շինութիւններ, որոնք նպաստել են քրիստոնէութեան տարածմանն ու ամրապնդմանը։
Հնագիտական պեղումները ցոյց են տալիս, որ վաղ քրիստոնէական շրջանում կառուցուած մի շարք վանքեր ու տաճարներ, ինչպէս օրինակ, Էջմիածնի մայր տաճարը, Հռիփսիմէի վանքը եւ ուրիշներ կառուցուել են հեթանոսական պաշտամունքային շինութիւնների տեղը, նրանց հիմքերի վրայ, այն շինութիւնների, որոնց շրջապատում տեղի են ունեցել թատերականացուած տեսարաններով ծիսակատարութիւններ, ազգային դիւցազներգական հանդէսներ։
Հեթանոսական-պաշտամունքային շինութիւնների վերացման հետ, բնականաբար, մերժուել են եւ մեր նախնիների հեթանոսական սովորութիւնները, աւանդական ծիսակատարութիւնները, որոնք կատարուել են երգով, պարով, գործողութեամբ եւ ի հարկէ, համապատասխան տեքստով։ Բայց եթէ շինութիւնները կործանուել է, ապա աւանդները սերնդէ սերունդ փոխանցուելով ինչ-որ չափով պահպանել են եւ հասել մինչեւ մեր օրերը։ Ճիշդ է, դրանք հազարամեակների ընթացքում կորցրել են իրենց նախկին կատարման եղանակներն ու բովանդակութեան յագեցուածութիւնը, բայց եւ այնպէս իրենց թէկուզ թոյլ արտայայտութեամբ դեռեւս մնում են ժողովրդական լայն զանգուածների մէջ՝ փորձեր անելով վերականգնել հնարաւորը։
Հինգերորդ դարի հայ մեծագոյն պատմիչ Մովսէս Խորենացին իր հռչակաւոր «Հայոց Պատմութեան» մէջ, որն ուշագրաւ սկզբնաղբիւր է ոչ միայն հայ, այլեւ հարեւան ժողովուրդների պատմութեան ուսումնասիրութեան համար, թէեւ քիչ, բայց արժէքաւոր յիշատակութիւններ է թողել այդ սովորութիւնների մասին, որ նա լսել է գողթան երգիչներից եւ իր ընտրութեամբ գրի առել նրանցից մի քանիսը։
Հեթանոսական շրջանի ժողովրդական՝ թատերականացուած տօնախմբութիւններից է, օրինակ, Վարդավառը, որը դիմացել է դարերի փորձութիւններին եւ այսօր թեւ թոյլ արտայայտութեամբ, բայց շարունակում է ապրել ժողովրդական լայն զանգուածների առօրեայում։ Վարդավառի արարողութեան որոշ սովորութիւն իր արտայայտութիւնն է գտել Յովհաննէս Թումանեանի «Անուշ» պոէմում, միահիւսուած Համբարձման Տօնի հետ։ Ճան կիւլումներն այդ թատերականացուած արարողութիւնների վառ արտայայտութիւններից մէկն են։
Այնքան տարածուած է եղել թատրոն հասկացողութիւնն ու նրա առօրեայ գործողութիւնը, որ հայոց գիր-գրականութեան ստեղծման հէնց սկզբնական շրջանից ստեղծուել, աւելի շատ, կիրառուել եւ արդէն գոյութիւն ունեցող հայերէն թատերական տերմինները։ Առանց տարակուսանքի կարելի է հաւաստել, որ յունա-հռոմէական գրականութիւնից յետոյ, Կովկասի ժողովուրդների մօտ, տեսական-փիլիսոփայական միտքն ամենից առաջ զարգացել է Հայաստանում։ Հայ պատմագրութեան եւ փիլիսոփայութեան մտքի ներկայացուցիչները շփման մէջ մտնելով Արեւելքի ու Արեւմուտքի գիտութեան ու արուեստի նշանաւոր գործիչների հետ, զարգացրել են ոչ միայն թարգմանական արուեստը, այլեւ հայ ժողովրդի տեսական միտքը։ Խորենացուն վերագրուող «Գիրք Պիտոյիցը» Դաւիթ Անյաղթի փիլիսոփայական երկերը։ Դիոնիսոս Թրակացու քերականութեան, Արիստոտէլի աշխատութիւնների, Էվկլիդէոսի երկրաչափական պոստուլատների թարգմանութիւններն ու նրանցով առաջնորդուելը դրա վառ վկայութիւնն է։ «Գիրք Պիտոյից» գրքում հանգամանօրէն տրուած է հին աշխարհի գրականութեան եւ արուեստի՝ յունական դրամայի տեսութիւնը յոյն դասական դրամատուրգների Սոֆոկլէսի, Էսքիլէսի եւ Էվրիպիդէսի ու նրանց գործերի օրինակներով։ Այստեղ յունարէնից փոխառնուած տերմինների հետ, ինչպիսիք են թատրոնը, որը ծագում է յունարէն թատրոն բառից, առաջին անգամ գործածութեան մէջ են մտնում տրաժետիա եւ քոմետիա արտայայտութիւնների հայերէն համարժէքները՝ ողբերգութիւն եւ կատակերգութիւն։ Սրանց զարգացումը մենք տեսնում ենք ողբերգու, ողբերգակ, կատակերգու, կատակերգակ եւ այլ տերմինների մէջ, որոնք ցոյց են տալիս հայ իրականութեան մէջ դրամատիկական ժանրերի ու դերասանական արուեստի գոյութիւնն ու գործածութիւնը։ Մի հանգամանք, որն անառարկելիօրէն հաւաստում է թատերական արուեստի տարածուած լինելը Հայաստանում։
Հայ թատերագիտութեան մէջ յիշատակուած այս ամենահին տերմինները՝ ողբերգութիւնը, կատակերգութիւնը եւ դրանց արմատներով կապակցուած միւս՝ թատերական արուեստի բնորոշ արտայայտութիւնները խորապէս ազգային թատրոնի գոյութեան շնորհիւ ծնունդ առած տերմիններ ու արտայայտութիւններ են, իրենց բովանդակալից ու արտայայտիչ լեզուակառուցուածքով եւ ուղղակի նշանակութեամբ։
Ինչպէս հասարակական հասարակական-քաղաքական մտքի ամէն մի բնագաւառում, այնպէս էլ թատերական արուեստի զարգացման տարբեր աստիճաններում, ստեղծուել են ինքնուրոյն եւ փոխառնուած նորանոր բառեր, որոնք իրենց հերթին վկայում են ոչ միայն թատերական արուեստի առաջընթացն ու զարգացումը, այլեւ թատերական տերմինների կատարելագործումն ու մասսայականացումը։
Հետաքրքիր մի օրինակ։ Մեր լրագրութեան պատմութեան ամենանշանաւոր ամսագրերից մէկը «Հիւսիսափայլը», որը լոյս է տեսել 1858-1864 թուականներին Մոսկվայում, տարիների ընթացքում բաւականին առաջխաղացում է ապրել նաեւ թատերական տերմինների գործածութեան իմաստով։ Յատկանշական է, որ առաջին տարին գործածուած թատրոն, թատրոնական հին ձեւը յղկուել, կատարելագործուել-դարձել է թատրոն, թատրոնական, իսկ մեր օրերում՝ թատերական։
Վաղ քրիստոնէական շրջանի թատերականացուած հանդէսների ու ծիսակատարութիւնների մասին հետաքրքիր յիշատակութիւններ է թողել նաեւ մեր մի ուրիշ պատմիչ՝ Փավստոս Բիւզանդը։ Նրա «Հայոց Պատմութեան» մէջ շատ ուրոյն եղանակով թատերական տեսք է ստացել Արշակ Երկրորդ թագաւորի ամուսնութեան պատմութիւնը Սիւնեաց Սնդովկ իշխանի դստեր՝ Փառանձեմի հետ։ Ինչպէս յայտնի է Արշակի եղբօրորդի Տիրիթը ոտնահարելով ազգակցական կարգ ու կանոնի պահպանումը։ Փառանձեմի հետ ամուսնանալու նպատակով ամբաստանել է նրա ամուսնուն՝ Գնելին, որն իր հօրեղբօրորդին էր։ Արշակին հաւատացրել է թէ Գնելը մտադիր է տիրանալ նրա գահին։ Արշակը Գնելին հրաւիրում է Նաւասարդեան տօնին եւ գաղտնագողի սպաննում նրան։ Պարզւում է Տիրիթի դաւադրութիւնը։ Արշակը նրան եւս վերջ է տալիս եւ ինքն ամուսնանում իր եղբօրորդի Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ։
Այս ողբերգական պատմութիւնն այնքան, այն աստիճան հետաքրքրել է մեր դրամատուրգներին, որ դարձնելով դրամայի նիւթ, արդէն հարիւր տարուց աւելի է ինչ ներկայացնում է հայ թատրոնում։ Արշակ Երկրորդի նուիրուած պիէսներ են գրել Մկրտիչ Պեշիքթաշլեանը, Սրապիոն Հեքիմեանը, Խորէն Գալֆայեանը, Ալեքսանդր Աբելեանը եւ շատ ուրիշներ, իսկ մեր օրերում՝ Պերճ Զէյթունցեանը, որի «Աւերուած Քաղաքի Առասպելը»/կամ Արշակ Երկրորդը/ յաջողութեամբ խաղացուել են Երեւանի Սունդուկեանի, Թբիլիսիի Շահումեանի անուան եւ այլ թատրոններում։ Աւելի քան հարիւր տարի առաջ է գրուել Տիգրան Չուխաճեանի «Արշակ Երկրորդ» օփերան, որի առաջին լիակատար բեմադրութիւնը տեղի է ունեցել 1946 թուականին Երեւանի Սպենդիարեանի անուան Օփերայի եւ պալէտի թատրոնում։ Արշակ Երկրորդի թեմայով օփերաներ են գրել նաեւ իտալական մի շարք կոմպոզիտորներ։
Վաղ քրիստոնէական շրջանի զարգացած թատերական արուեստի գոյութեան մասին ամենահետաքրքիր տուեալներից մէկը հայ եկեղեցու պայքարն է թատրոնի ու դերասանների դէմ, որի մասին մեր միւս զրոյցներում։