ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋԵԱՆ
Առաջնորդ Գուգարաց թեմի
Լրացաւ տասը տարին, երբ, ըստ էութեան, գիտակցուած ինքնազոհութեան ճանապարհ ընտրած Հրանդ Տինքը սպանուեց թիկունքից, դաւադիր գնդակից։ Եւ սակայն պէտք է ասել, որ անցնող ժամանակը ի զօրու չեղաւ մոռացութեան տալու ո՛չ տաղանդաւոր լրագրողի անունը, եւ ո՛չ էլ նրա գործն ու համամարդկային գաղափարները։ Շնորհիւ այդ գաղափարների Հրանդ Տինք անունը իրօք դարձաւ յանուն արդարութեան եւ ընդդէմ ռասիզմի, ազգայնամոլութեան պայքարի խորհրդանիշ ոչ միայն թուրքիայում, այլեւ աշխարհի տարբեր վայրերում։ Դրա առարկայական ապացոյցներից եւ օրինակներից կարող ենք համարել նաեւ այն փողոցները, այգիները, դպրոցները եւ հիմնադրամները, որոնք կրում են Հրանդ Տինքի անունը եւ սփռուած են աշխարհի տարբեր երկրներում։
Եթէ արդէն տարիների հեռաւորութիւնից նայում ենք Տինքի ընտրած ուղուն եւ պայքարի նպատակներին, ապա կարող ենք յստակ նշել, որ դրանք բոլորն էլ քաղաքակիրթ մարդկութեան արժեհամակարգում իրենց ամուր տեղը գրաւած արժէքներն են։ Լինելով հայ, Հրանդը չեր պայքարում միայն հայերի հանդէպ գործուած անարդարութիւնների դէմ. իր կեանքի եւ գործունէութեան սիրելի պտուղը՝ «Ակօս»ը, հարթակ էր ցանկացած անարդարութեան դէմ պայքարի։ Այն դարձաւ ձայնազուրկների արժանապատիւ ձայնը եւ ճնշուածների իրաւունքների պաշտպանը։ Անկասկած Տինքը այդ ամէնը անում էր նաեւ աւելի լաւ Թուրքիա ունենալու համար, այսինքն՝ Տինքը նաեւ լաւ քաղաքացի էր, ով ցանկանում էր, որ այն երկիրը, որտեղ նա ապրում է յարգի այդ հողերում դարերով ապրած եւ հոգեւոր ու նիւթական հսկայական մշակութային ու այլ արժէքներ ստեղծած ժողովուրդներին։ Ի վերջոյ, Տինքի բարձրացրած խնդիրները այսօր Թուրքիայում եւ թէ Մերձաւոր Արեւելքում էլ աւելի են սրուել եւ Եաշար Քեմալի խօսքին համաձայն՝ բռնութեան դաշտում բռնութիւն կը բուսնի։
Աշխարհի տարբեր երկրներ բախուել են ահաբեկչութեան չարիքի հետ եւ դրա հիմքը հէնց կրօնական, ազգային թշնամանքն է։ Արդիական են նաեւ Թուրքիայի հայ համայնքի եւ ազգային ու կրօնական այլ փոքրամասնութիւնների խնդիրները, որոնց Հրանդը բազմիցս անդրադառնում էր։
10-ամեայ տարելիցը նաեւ առիթ է որոշակի ամփոփումներ կամ արդիւնքներ ի մի բերելու համար։ Դրանցից ամենակարեւորը ինձ համար այն է, որ Հրանդի գաղափարները գտել են համախոհների աւելի լայն զանգուածներ։ Ի վերջոյ, տարբեր շահարկումների տեղ տուած յայտնի լոզունգը՝ «Մենք բոլորս Հրանդ ենք», այսօր կոնկրետ դրսեւորումներ ունի։ Ուրախութեամբ պէտք է ասեմ, որ հէնց նոյն Թուրքիայում տարբեր ոլորտներում խնդիրներ բարձրաձայնող մարդկանց, անարդարութեան դէմ պայքարողների, մամուլում բացայայտ հանդէս եկողների, թապուներ կոտրող գիտական ուսումնասիրութիւններ անողների, հեռուստաբանավէճերի, քննարկումների թիւն աւելացել է։ Այսինքն՝ «Մենք բոլորս Հրանդ ենք» խորհրդանշական լոզունգը չմնաց լոկ որպէս լոզունգ, այլ ձեռք բերեց թէկուզ փոքր ծաւալներով, սակայն կիրարման ոլորտներ։ Եւ ազգայնամոլներին ամենակարեւոր պատասխանը այն է, որ «Հրանդ ենք» ասողների մէջ ամենեւին ոչ բոլորն են հայեր, այդ լոզունգի տակ հաւաքուել եւ հիմա էլ գործունէութիւն են ծաւալում թուրքեր, քրտեր, չերքեզներ, ասորիներ, յոյներ, լազեր, վրացիներ եւ բազմաթիւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք պայքարում են աւելի լաւ, աւելի արդար եւ ռասիզմից հեռու Թուրքիայի եւ աշխարհի համար։ Ակնյայտ է նաեւ, որ Տինքի անունը շարունակում է նոր ուժ տալ այդ պայքարին։
Որպէս հոգեւորական հաւատում եմ, որ Հրանդի երկրային կեանքը դէպի յաւիտենականութիւն յաղթական շարունակւում է։
Որպէս քրիստոնեայ դէմ լինելով կուռքերի՝ վստահօրէն պնդում եմ, որ անցնող տարիներին նրա գաղափարակիցների շնորհիւ ո՛չ թէ Տինքի անձը դարձաւ կուռք, այլ նրա գաղափարը եւ հաւատամքը ձեռք բերեց աւելի մեծ հետեւորդներ։ Երջանիկ է մարդը, ով մահից յետոյ էլ ապրում է մարդկանց յիշողութիւններում, սակայն էլ աւելի երջանիկ է մարդը, ում կեանքի գլխաւոր իտեալը, գաղափարը իր մահից յետոյ եւ իր մահի շնորհիւ է՛լ աւելի ընկալելի եւ տարածական է դառնում։
Սիրելի Հրանդ, աղօթում եմ, հոգուդ խաղաղութեան համար եւ խնդրում բարձրեալից, որ քեզ ու քո գաղափարների հանդէպ հաւատքը խորհրդանշող աղաւնիները շարունակեն իրենց խաղաղ թռիչքը, որպէս Աստծոյ, խաղաղութեան, ճշմարտութեան եւ բարու աւետաբերներ։
Միշտ աղօթող