Իմ Հրանդին

ԱՐՄԷՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ (ՕՀԱՆԵԱՆ)

Մենք բոլորս Հրանդ ենք, բայց մեզնից ամէն մէկը իր Հրանդն ունի,որովհետեւ հաւասար ենք ու տարբեր, իսկ նա միակն էր ու ամէնքիս պէս անկրկնելի։

Թրքերէն ու հայերէն հեքիաթները «կար-չկար»ով են սկսւում, ասես ի սկզբանէ հաւասարութեան նշան է դրւում եղելութեան ու յօրինուածքի միջեւ։ «Ի՞նչ կա չկայ», հանդիպելիս ասում են թէ՛ հայերը, թէ՛ թուրքերը, ասես կեանքում եղած-չեղածը մի հաշիւ է։

Հրանդը կար, էնքան կար, որ իր «չկա»ն բոլորիս մի օր Հրանդ դարձրեց՝ թէ՛ թուրքին, թէ՛ հային։ Ու հիմա՝ տասը տարի անց, մեզնից ամէն մէկը ինքն է որոշում իր Հրանդը դեռ կա՞յ, թէ՞ այլեւս չկայ։ Իմս դեռ ողջ է, էնքան ողջ, որ հազար ու մի ապրողից աւելի է ապրեցնում, էնքան կենսատու, որ բիւր-բիւրաւոր անցաւորներից առաւել է ոգեշնչում, էնքան խօսուն, որ յաճախ ինքս ինձ բռնում եմ իր հետ զրուցելիս, ու տես, անգամ նամակ եմ գրում։

Մենք բոլորս Հրանդ ենք, բայց մեզնից ամէն մէկը իր Հրանդն ունի։

Ազատական հայաստանցու համար Հրանդը հայ-թուրքական հաշտեցման ջատագով էր, Թուրքիայի քաղաքացիական հասարակութեան համար՝ խօսքի ազատութեան մունետիկ, բոլոր ճնշուած փոքրամասնութիւնների պաշտպան ու խօսնակ։ Սփիւռքի աչքում Հրանդը զոհ է, նահատակ։ Արդար չի լինի ասել՝ միայն

Սփիւռքի, Հայաստանում էլ շատ-շատերի սրտով է «միլիոն ու կէս գումարած մէկ» բանաձեւը։ Իմ սրտով չէ։ Իմ Հրանդն ուրիշ է։

Մեղադրելու չէ. գաղթականն ու հայաստանցին թուրքի հետ կիսելու հայրենիք չունի, Թուրքիայում մնացողն ու ապրողը՝ ունի։ Նրանց չի մտահոգում Թուրքիայի ապագան, այլ սեփական անցեալը։ Հրանդի համար Թուրքիան ո՛չ թէ պատմական, այլ իրական հայրենիք էր, որի ձախողումն իր ցաւն էր, յաջողութիւնը՝ իր ուրախութիւնը։ Իմ Հրանդը Հայկական հարցը դարձրեց թուրքինը, ո՛չ թէ թաղեց պատմական անցեալի գրկում, այլ կապեց ներկայիս Թուրքիայի ապագայի հետ։ Կայ պարզ մի իրողութիւն։ Ինչպէս ցեղասպանութեան ճանաչման, այնպէս էլ արեւմտահայ մշակոյթի ու լեզուի պահպանման ու զարգացման համար չկայ մէկ այլ, աւելի գործուն միջոց ու գրաւական, քան իր բնօրրանի՝ ներկայիս Թուրքիայի ժողովրդավարացումը։ Մնացածը հեքիաթ է, որ կարը չկար է դարձնում։

Մի օր՝ սրանից տասը տարի առաջ, մենք բոլորս Հրանդ էինք՝ թուրք, հայ, քուրդ, ալեւի կամ կէյ, բոլոր նրանք, ում համար Հրանդը կանգնեց մինչեւ վերջ։ Նա գիտէր, որ կանգնած է մեռնելու։

Իսկ էսօր իմ Հրանդը մէկն է, եւ այդ մէկը դու ես, թէկուզ էն պարզ պատճառով, որ կարդում ես նրան ուղղուած նամակս։ Երեւի ամէն «Ակօս» կարդացող մի քիչ Հրանդ է։ Հեքիաթները սկսւում են «կար-չկար»ով, կեանքն աւարտւում՝ «չկայ»ով. երանի քեզ, Հրանդ, որ կաս ու կը լինես իմը, մինչեւ մի օր ես էլ չեմ լինի կամ կը լինեմ քոնը ու քեզ արժանի։ Քո՝ ես։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ