ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Աղեքսանդր Մակեդոնացի, ով ապրել եւ իշխել է Ք.Ա. չորրորդ դարում, եւ ում մասին առասպելները չեն լռում մինչ օրս։ Նա երազում էր տիրանալ ողջ աշխարհին եւ ոտքերը թաթախել «Համաշխարհային ովկիանոս»-ի ջրերում։
20 տարեկանում ժառանգելով Արգեադների հարստութեան գահը՝ Աղեքսանդրը Մակեդոնիայից հասաւ մինչեւ Հնդկաստան, քայլեց իրանական արեւահարուած դաշտերով մինչեւ ցրտաշունչ Հիմալայաներ ու մահացաւ հին Բաբելոնում՝ թողնելով իր ետեւից եօթանասունից աւել «Աղեքսանդրիա»-ներ եւ տարածելով հելլենիստական ոգին տարածութեան ու ժամանակի մէջ։ Մինչ այժմ Իրանի ու Աֆղանստանի կողմերում կարող ենք լսել, թէ ինչպէս այսուայն ժողովուրդներն իրենց անուանում են Աղեքսանդր Մեծի զօրքերի յետնորդները։
Աղեքսանդր Մեծն անցնում է նաեւ Հայքով, ուստի այստեղ նոյնպէս կարելի է գտնել նրա հետքերը։ Եւ այս անգամ աւանդազրոյցների տեսքով։
Սիսիանում կը պատմէին թէ Աղեքսանդր Մեծի մայրը սիրահարուել էր իրենց մօտ գերի ընկած մի թագաւորի։ Այս թագաւորը սովորական չէր, կախարդ էր։ Ամէն գիշեր նա կը փոխակերպուէր վիշապի եւ այնպէս կու գար թագուհու մօտ, որ ոչ ոք չգուշակէ նրա ով լինելը։ Վիշապ-թագաւորը նոյնպէս կը սիրէր թագուհուն, եւ ահա նրանց սիրուց լոյս աշխարհ կու գայ Աղեքսանդրը։
Ժամանակ կ՚անցնի եւ Մակեդոնիայի արքան կը սկսի կասկածել իր թագուհու եւ գերեվարուած թագաւորի սիրային կապի մասին։ Վիշապը ստիպուած կը բռնէ պանդուխտի ցուպը եւ երկրէն կը փախչի։
Նա ապաստան կը գտնէ Հայաստանում եւ Մասիս լերան ստորոտներում կը ճգնի մենակութեան մէջ։ Որոշ ժամանակ անց նրա կախարդութեան համբաւը կը տարածուի ամէնուր, եւ երբ Աղեքսանդր Մեծը կը հասնի Հայաստան, կը կամենայ այցելել այդ կախարդին՝ գուշակելու իւր արշաւանքների ելքը։
Երբ Աղեքսանդրը մօտենում է կախարդ-վիշապին, կամենում է նախ փորձել նրա զօրութիւնը, ուստի հարց է տալիս նրան, թէ ինչպիսի վախճան պիտի ունենայ նա՝ կախարդը։
- Ես պիտի մեռնեմ իմ որդու թրից, - պատասխանում է կախարդ-թագաւորը։
Այդ միջոցին Աղեքսանդրը, զայրացած նրա նման հաստատուն ու յանդուգն պատասխանից, իր թրով կը հարուածէ կախարդին։
-Իմ գուշակութիւնն այլեւս կատարուեց, քանի որ դուն ես իմ որդին, - կ՚ըսէ վիշապազուն թագաւորը եւ կը մեռնի։
Ահա այսպէս կը վերջանայ աւանդազրոյցը։ Մենք ալ անցնինք երկրորդին։
Աղեքսանդր Մեծն իր գլխին մի եղջիւր է ունեցել։ Ոչ ոք չի գիտեր այդ մասին։ Որպէսզի գաղտնիքը չբացայայտուի, նա ամէն անգամ սպաննել էր տալիս իր գլուխը սափրող վարպետներին։
Սակայն օր մը մի վարպետ շատ է աղաչում-պաղատում, որ Աղեքսանդրը չսպաննի նրան՝ փոխարէն երդուելով թէ ոչ ոքի եւ ոչ մի դէպքում չի պատմի եղջիւրի մասին։ Աղեքսանդրը հաւատում է եւ բաց է թողնում նրան։
Երկար է դիմանում վարպետը, բայց որքան երկար է նա իր մէջ պահում այդ գաղտնիքը, այդքան աւելի է ուռչում եւ ցաւում իր փորը։ Վերջը չդիմանալով այդ տառապանքին՝ սափրիչը շտապում է ջրհորի մօտ, գլուխը ջանասիրաբար իջեցնում ջրհորի մէջ եւ կամացուկ շշնջում. «Իսկանդարի գլխին եղջիւր կայ»։
Անմիջապէս փորի ցաւը դադարում է, իսկ ուռուցքն էլ՝ իջնում, բայց…
Օրեր են անցնում, եւ ջրհորի միջից մի եղէգ է աճում։ Մի հովիւ կտրում է այդ եղէգը եւ շուի է պատրաստում նրանից։ Սակայն հէնց փչում է, որ նուագի, շուին վճիտ ձայնով սկսում է երգել՝ «Իսկանդարի գլխին եղջիւր կայ»։
Օր մը Աղեքսանդրն անցնելիս է լինում այդ կողմերով եւ շուիի ձայները հասնում են նրա ականջին։ Աղեքսանդրը կանչել է տալիս սափրիչին եւ բարկանում, թէ ինչպէս պատահեց, որ երբեմնի գաղտնիքի մասին այսօր արդէն հովիւները երգ կը հիւսեն։ Սափրիչը երդւում է, որ միայն ջրհորին է յայտնել գաղտնիքը, սակայն Աղեքսանդրը չի հաւատում եւ գլխատել է տալիս նրան։
Ահա այսպէս էլ կ՚աւարտուի երկրորդ աւանդազրոյցը, որն, ի դէպ, տարածուած էր նաեւ թուրքերու մօտ։ Իսկ մահմետականներն ընդհանրապէս Աղեքսանդր Մեծին Էսքանդար-է Շախդար կ՚ըսէին, որ Աղեքսանդր եղջիւրաւոր կը նշանակէր։