ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Սփիւռքահայերը խելացի են, երբեք ձմրանը չեն այցելում Հայաստան։ ԱՄՆ-ից մի սփիւռքահայ, օրինակ, ինձ ասաց, որ ամէն տարի անցկացնում է Հայաստանում 6 ամիս, լիցքաւորւում ու մեկնում է։ Սակայն տեղացիները, որոնք Ռուսաստաններում են ծուարել, չեն վախենում Հայաստանի խիստ ձմեռներից եւ տօնական օրերի մէկ-երկու շաբաթը անցկացնում են հայրական երդիկի տակ, որպէսզի վայելէն մայրական սէրն ու գուրգուրանքը։ Որքա՛ն կը փափաքէին Հայաստանում բոյն դնել, ընտանիք կազմել, բայց այստեղ նրանք չեն կարողանայ այդքան գումար վաստակել, որքան դրսում… Կայ կարծիք, որ հայաստանցիները արտագաղթում են պատերազմի վտանգի պատճառով եւ այդ կարծիքը պատկանում է առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին։
Պատերա՞զմ թէ խաղաղութիւն է տիրել Հայաստանում
Այդ թեզի վրայ էր կառուցուած Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթը 2016-ի Դեկտեմբերի 17-ին Հայ Ազգային Քոնկրէսի 2-րդ համագումարին, այսինքն արտագաղթում են ոչ թէ աղքատութիւնից եւ անարդարութիւնից, այլ՝ պատերազմի սպառնալիքից եւ առաջնային խնդիրը, որ պէտք է լուծել Հայաստանում, -դա ղարաբաղեան խնդրի եւ Թուրքիոյ հետ յարաբերութիւնների կարգաւորումն է։ Այլ կերպ ասած նա վերադարձաւ 18 տարի առաջ իր հրաժարումի պատճառ դարձած գաղափարին, ըստ որի պէտք է զիջումներ անել եւ փուլային տարբերակով լուծել ղարաբաղեան խնդիրը, ապահովելով երկրին խաղաղութիւն.
-Այսօր բանակցութիւնների սեղանին ըստ էութեան դրուած է կարգաւորման փոխզիջումային նոյն առաջարկը, ինչ 1997 թուականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնօրէն ճանաչուած միջանկեալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխաւորուած ղարաբաղա-ատրպէյճանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։
Տէր-Պետրոսեանը դիմում է Իսրայէլի օրինակին, որը Քեմփ-Դեվիդեան հաշտութիւնը կայացնելու համար Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի քմ զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրութեան կազմակերպութեան կողմից իր պետութիւնը ճանաչելու դիմաց լիակատար ինքնավարութիւն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից յետոյ, ճանաչել նաեւ նրա անկախութիւնը։ Դրանք դժուարին, ցաւոտ փոխզիջումներ էին, յանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Էնվէր Սատաթը եւ Իսլայէլի վարչապետ Իցխակ Ռապինը նոյնիսկ կեանքով հատուցեցին։ Այնպէս որ եթէ անհրաժեշտութիւն կայ անպայման օրինակ վերցնելու Իսրայէլից, ապա պէտք է վերցնել ոչ թէ «ազգ-բանակ», այլ «խաղաղութիւն այժմ» (Peace now) շարժման օրինակը։ Եւ յաւելում է, որ եթէ 18 տարի առաջ ապահովուած լինէր այդ խաղաղութիւնը, ապա մենք այժմ կ՚ունենայինք ծաղկուն Հայաստան։ Ի՞նչ կարելի է ասել հիմնադիր նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի այս համոզմունքին վերաբերեալ, պարոնա՛յք։ Թողնել, որ Լեւոն Տէր-Պետրոսեանը մնայ միայն ու միայն պատմաբան եւ չմիջամտի այսօրուայ գործընթացներին։ Որովհետեւ Ատրպէյճանի ախորժակը ամենեւին էլ 5 շրջանները չեն, այլ Ղարաբաղի վերադարձը երբեմնի Սովետական Ատրպէյճանի կազմի մէջ։ Իսկ այն համոզմունքը, որ մենք պատերազմի մէջ ենք եղել 18 տարի, բոլորովին իրական չէ, որովհետեւ պատերազմի մէջ են եղել միայն սահմանին կանգնած 18-20 տարեկան զինուորները, որոնք անապահով խաւից են եղել եւ չեն կարողացել, օրինակ, 10.000 տոլար կաշառքով աւելի անվտանգ զօրամասերում ծառայել։ Այս է իրողութիւնը։ Եւ այդ կաշառքով են մեր բարձրաստիճան զինուորականները իրենց դղեակները կառուցել եւ իրենց պիզնէսը դրել։ Եւ ի՞նչպէս կարող էր ծաղկուն Հայաստան լինել, եթէ երկրում օրէնք եւ արդարադատութիւն չի գործել, իսկ տնտեսութիւնը ստուերում էր գտնւում։
Նոր աշխարհաքաղաքականութիւն
Այսօր մեր աչքի առաջ աշխարհը այնպիսի փոփոխութիւնների է ենթարկւում, որ մօտենալ խնդիրներին 18 տարուայ վաղեմութեան դիրքորոշումներով անհնար է։ Նոր խաղի կանոններ են գործում, որոնց առանձնայատկութիւնը նրանում է, որ այլեւս ոչ մի խաղի կանոն չկայ։ Ահա թէ ինչ կարծիքին է այդ մասին Ռազմական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կեդրոնի տնօրէն Մանուէլ Սարգսեանը.
-Եթէ 90-ականներին կատարուեց երկրորդ Աշխարհամարտի արդիւնքների վերանայում, ապա հիմա մենք տեսնում ենք Ա. Աշխարհամարտի արդիւնքների վերանայում. երեք արաբական պետութիւններ վերացան՝ Իրաքը, Լիբիան եւ Սիրիան։ Ինչ է լինելու այս կամ այն երկրի հետ, յայտնի չէ։ Հին մօտեցումները չեն աշխատում, իսկ նոր մօտեցումներ չկան։ Տեսէ՛ք, Թուրքիայում անվտանգութեան ծառայութեան ոստիկանը Ռուսաաստանի դեսպանին է սպաննում, բայց Ռուսաստանը չգիտի, ինչ գնահատական տայ։ Գալով ղարաբաղեան խնդրին, պէտք է նշել, որ նոր մօտեցումներ չկան հարցը լուծելու համար։ Ատրպէյճանը միլիառներով նորագոյն զէնք է ձեռք բերում, բայց ո՛չ զէնքը, ո՛չ կռիւը, ո՛չ բանակցութիւնները հարց չեն լուծում։ Իսկ Հայաստանում կառավարութիւն փոխուեց եւ նոր վարչապետը յայտնեց, որ գոյութիւն ունի ստուեր։ Դա նշանակում է, որ սա կեղծ պետութիւն է։ Սահմանադրութիւնը կեղծ է, իրաւական փաստաթղթեր չեն… 25 տարուայ մէջ մենք պետութիւն չենք ստեղծել, օրէնք եւ արդարադատութիւն չկայ։ 25 տարի դու յայտարարում ես քեզ պետութիւն, բայց ապրում ես ուրիշ հոգեբանութեամբ։
Ինչ վերաբերւում է Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութեանը, ապա Մանուէլ Սարգսեանը դա բացատրեց 15-ի ախտանիշով։ Դեռ աւելին, այդ ախտանիշը 15-ից առաջ էլ է եղել եւ նոյնիսկ աջակցել է ցեղասպանութեանը։ Եւ հայերի համար մի խնդիր է դարձել առաջնային. թուրքերի հետ լեզու գտնել, հաշտուել, թէ չէ հնարաւոր չի լինի ապրել այս տարածաշրջանում։ Ուստի մնացած խնդիրները դարձել են երկրորդական… Հզօր պետութիւն կառուցելով՝ վտանգը չէզոքացնել եւ այսպիսով յարաբերութիւններ ստեղծել Թուրքիայի հետ,-այդ գաղափարը չի համապատասխանել 15-ի ախտանիշով տառապողների վրայ։
Յաջողակ եւ անյաջողակ յանցագործներ
Ղարաբաղեան խնդրի պատճառով ղարաբաղեան քլանը երկրի ղեկին նստեց, սակայն տեսանք, որ այդ քլանը ընդամէնը իր սեփական հարստացման ծրագրի հարցը լուծեց, իսկ այժմ՝ միայն իր իշխանութեան վերարտադրման խնդիրը։ Ընդունելով օրէնք ապօրինի հարստացման քրէականացման մասին, Հայաստանը փաստօրէն օրինականացրեց մինչեւ հիմա պետական գանձարանը ապօրինի կողոպտողների գործունէութիւնը, քանզի օրէնքը յետադարձ ուժ չունի եւ չի տարածուելու կողոպտողների վրայ։ Ո՞վ էր ասել, որ քրէաբանութիւնը գիտութիւն է, որն ուսումնասիրում է անյաջողակ յանցագործներին, իսկ քաղաքագիտութիւնը՝ յաջողակ։