dzovinarlok@gmail.com
Հայաստանից հազարաւոր քաղաքացիներ արտագաղթել են արտերկրներ, մասնաւորապէս Ռուսաստանի դաշնութեան փոքր եւ մեծ, Մոսկուայից մօտիկ եւ հեռու քաղաքներ եւ գիւղեր, որտեղ երիտասարդները ընտանիք են կազմում, իրենց մասնագիտութեան մէջ կայանում, իսկ տարեցները կեանքի աւարտին հասնում ու հոգին աւանդում օտար հողի վրայ, այդպէս էլ չվերադառնալով իրենց երազած հայրենիքը… Օտարութեան մէջ հաւատում են, որ մի օր Հայաստանը կը փոխուի ու օրէնքի գերակայութիւնը կը յաղթի մեր երկրում։ Սպասենք եւ յուսանք։ Չէի ցանկանայ հիասթափեցնել երազողներին, բայց կողոպուտն ու կաշառակերութիւնը այնպէս են ծաղկում մեր փոքր աղքատ երկրում, որ մոռացութեան էին մատնել այն իրողութիւնը, որ 1994-ին մենք ընդամէնը զինադադարի համաձայնագիր ենք ստորագրել Ատրպէյճանի հետ եւ հակառակորդը երբեք չի հրաժարուել Ղարաբաղը իր կազմի մէջ ետ բերելու մտադրութիւնից։ Դանդաղ եւ հիւծող պատերազմի մարտավարութիւնը գրեթէ ամէն օր զինուորի կեանք էր խլում, սակայն Հայաստանի իշխանութիւնը դա բնական էր համարում, հպարտանալով, թէ յաղթող կողմը Հայաստանն է եւ հանգստացնելով ժողովրդին այն համոզմունքով, թէ Ատրպէյճանը նաւթակիր երկիր է եւ նրան ձեռնտու չէ պատերազմը։ Սակայն 2014-ի Յունուարից պատերազմը կրկին ցոյց տուեց իր դաժան դէմքը, կոտրելով այն կարծրատիպը, որ մենք խաղաղութեան մէջ գտնուող երկիր ենք։ Զինադադարը խաղաղութիւն չէ։ Ընդամէնը պատերազմի դադար է, որպէսզի պարտուած կողմը նոր տեսակի զէնքով հզօրանայ եւ վերսկսի իր սպառնալիքները։ 2016-ի Ապրիլեան քառօրեայ յարձակումը, որը խլեց 200 զինուորի կեանք եւ տարածքներ, չսթափեցրեց իշխանութեանը, որի միտքը աշխատում է միայն իր վերարտադրութեան վրայ, որովհետեւ անօրինական սեփականութեան միակ երաշխաւորը իրենց կառավարումն է։ Ապրիլեան քառօրեակը բացեց հասարակութեան աչքերը. մենք տեսանք, որ բանակը նոյնպէս թալանի պարարտ հող է եւ հետազօտութիւնները ցոյց տուեցին, որ զինուորների զգալի տոկոսը զոհուել է դիրքերի ոչ ապահով լինելուց, զրահաբաճկոնի կամ զէնքի բացակայութեան եւ այլ յանցաւոր հանգամանքների պատճառով։ Ոչ ոք պատասխանատուութեան կանչուեց։ Հայաստանում նման բան չի լինում։ Պարզապէս փոխուեց պաշտպանութեան նախարարը։ Եւ ո՞րն էր նրա առաջին քայլը նոր պաշտօնում։ Մտնել աշխատող քաղաքացիների գրպանը։ Նրանց, ովքեր ստուերում չեն ձեռք բերում իրենց վաստակածը, այլ աշխատում են այսպէս կոչուած սպիտակ դաշտում։ Դրանց թիւը կազմում է 500.000 եւ եթէ նրանք իրենց աշխատավարձից ամսեկան 1000 դրամ վճարեն նոր ստեղծուած հիմնադրամին, ապա տարեկան այն կը համալրուի 10-12 միլիոն տոլարով։ Նախագիծը, որը նորանշանակ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը ներկայացրեց Ազգային Ժողով, կոչւում է «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան ժամանակ զինծառայողների կեանքի եւ առողջութեանը պատճառած վնասի փոխհատուցման մասին»։ Սակայն չկարծէք, թէ դա վերաբերւում է 25 տարուայ ընթացքում զոհուած եւ վիրաւորուած զինուորներին։ Ո՛չ, օրէնքի նախագիծը վերաբերւում է դեռ չզոհուած, բայց ապագայում զոհուած ու վիրաւորուածներին։ Ահա թէ ինչ է սպասում մեր երիտասարդներին։ Նախագիծը ընդունուեց առաջին ընթերցմամբ 102 կողմ եւ 3 դէմ ձայներով։ Երեք դէմ քուէարկողները ընդդիմադիրներ Լեւոն Զուրաբեանն էր, Արամ Մանուկեանը եւ Զարուհի Պոստանճեանը։ Լեւոն Զուրաբեանը այս նախագիծը բնութագրեց որպէս հերթական կեղեքում, որը շահարկում է ժողովրդի զգացմունքները։ Զարուհի Պոստանճեանը շեշտեց, որ սա մուրացկանութեան օրէնք է եւ չի վերաբերուելու այն զինուորների իրաւայաջորդներին, որոնք զոհուել են ոչ կանոնադրական յարաբերութիւնների արդիւնքում, իսկ դրանց թիւը 1996-ից կազմում է 950, որոշ տուեալներով նոյնիսկ 2000 զինուոր։ Արամ Մանուկեանը, որը միշտ յստակ խօսում է թիւերով, նշեց, որ անարդար է քաղաքացուց 1000 դրամ գանձելը, եթէ՝
1 Հայաստանից տարեկան դուրս է բերւում 1-1,5 միլիառ տոլարի չափ ապօրինի կանխիկ գումար,
2 Այս դահլիճում կայ 60 միլիոնատէր, իսկ երկրում 5 միլիառատէր, արդար ճանապարհով աղքատ երկրում անհնար է դառնալ միլիոնատէր, տնտեսութեան 40 %-ը ստուերում է, դուք չգիտէ՞ք, ով են գողացողները, վերջապէս, պետութիւնը պիտի տէր կանգնի արդարութեանը։
3 100 միլիոն տոլարի չափ արտապիւճէտային դաշտ ունենք. ոստիկանութիւն, պետեկամուտների կոմիտէ, մաքսային, քաղաքապետարան, այսինքն պիւճէից դուրս պիւճէ՝ թալանի դաշտ, իսկ դուք քաղաքացուց բռնագանձում էք 1000 դրամը։ Դա պիտի լինի կամաւոր սկզբունքներով, որովհետեւ բանակ պահելը պետութեան գործն է. պետութիւնը պիտի միջավայր ստեղծի, որպէսզի քաղաքացին կամաւոր գայ հերոսութեան, իսկ պարտադրանքը ետ է պահում մարդուն։
4 Շատ ճիշդ է Արամ Մանուկեանը, որովհետեւ եթէ հիմնադրամը կամաւոր կերպով լինէր, ապա շատ աւելի հոսքեր կ՚ունենար։ Սակայն հետաքրքիր մի եզրոյթ է առաջ բերւում՝ պարտադիր կամաւոր, այսինքն դու պարտադիր պիտի կամաւոր լինես։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պետութիւնը չի վստահում ժողովրդի կամաւորականութեանը եւ դրանով իսկ նուաստացնում է ողջ հայ ազգին։ Ըստ զիս այսպիսի մի հիմնադրամ պէտք է 100 տարի առաջ ստեղծուէր, երբ պարզ եղաւ, որ հայ լինելը նշանակում է միշտ գործ ունենալ մարդակերների հետ, որոնք միշտ պատրաստ են հայի վերջը տալ։ Աստուած չանի դրանց ձեռքն ընկնելը. մի գերի ընկած հայ զինուորին հարցրել են, ո՞ւմ հողն է Ղարաբաղը։ «Հայերի»,-պատասխանել է նա։ Եւ ազերի հակառակորդները մի բուռ աղ են վերցրել, խառնել հողի հետ, լեցրել զինուորի բերանը, այնուհետեւ գլխատել։
Այսպիսով պետութիւնը չի վստահում ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ պետութեանը, որովհետեւ մինչեւ հիմա ոչ մի հիմնադրամ իր նպատակին չի ծառայել, այլ թալանուել է։ Իսկ ի՞նչ են ասում որդեկորոյս մայրերը։
Մայր, որը կորցրել էր իր զաւակին 2014-ի Յունուարին, երբ նա պաշտպանում էր դիրքը ներթափանցող հակառակորդներից, ասաց ինձ. «Ես կարծես քարացել եմ, այս անհանդուրժելի մթնոլորտում ինձ այլեւս ոչ մի բան չի զարմացնում»…