ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Հայ մեծ յեղափոխական-դեմոկրատ, բանաստեղծ եւ հրապարակախօս Միքայէլ Նալպանտեանն իր արտասահմանեան ճամբորդութեան ժամանակ քանիցս եղել է հայաշատ կեդրոններում, որտեղ ծանօթացել ու մօտ յարաբերութիւնների մէջ է մտել տեղի առաջաւոր հայեացքների տէր գրական-հասարակական գործիչների հետ, վայելել նրանց սէրն ու համակրանքը։ Պատահական չէ, որ Նալպանտեանը որտեղ էլ որ եղել է, իր անձնական վարմունքով ու գործունէութեամբ նուաճել է առաջադէմ մտաւորականութեան համակրանքը, արժանացել նրանց բարձր գնահատութեանը, մարդկանց, ովքեր խանդավառութեամբ են դիմաւորել նրան, արտատպել նրա գործերը, յօդուածներ գրել նրա մասին։
Նալպանտեան իր կարճ այցելութեամբ արժանացել է նաեւ Զմիւռնիայի հայերի ջերմ սիրուն ու գնահատութեանը։ Հնդկահայ մեծահարուստ Մասեհ Պապաճանեանի՝ Նոր Նախիջեւան քաղաքին կտակած հարստութեան հարցը բարեյաջող լուծելուց յետոյ, Կալկաթայից վերադառնալիս, 1861 թուականի Նոյեմբերի 18-ին կանգ է առել Զմիւռնիայում։ Նոյն օրը նա մեկնել է Կ.Պոլիս, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հասցրել է ոչ միայն հանդիպումներ ունենալ «Հաշտենից» եւ «Վասպուրական» (թատերական) ընկերութիւնների անդամների հետ, զրոյցներ ունենալ, այլեւ այցելել հանրաճանաչ Մեսրոպեան Ազգային Վարժարանը, որը խոշոր դեր է կատարել զմիւռնիահայերի մտաւոր զարգացման գործում։ Ծանօթանալով վարժարանի ուսուցչական կազմի, աշակերտութեան հետ, դպրոցի պատուաւոր այցելուների տպաւորութիւնների յուշամատեանում նա գրանցել է իր անկեղծ հիացումն ու բարեմաղթութիւնը, վերջին աստիճանի ուշագրաւ մի գրառում, որը մոռացութեան է մատնուել։
Մեսրոպեան Վարժարանի յուշամատեանում Միքայէլ Նալպանտեանի գնահատութեան խօսքը քառասուներկու տարուայ այցելուների գրառումների հետ կարող էր իսպառ կորած ու անհետացած լինել, եթէ գրող Ռուբէն Որբերեանը ժամանակին քաղուածքներ արած չլինէր այդ յուշամատեանից եւ դրանց մի մասն էլ չհրատարակէր։ Կանխագուշակելով յուշամատեանի փճացման վտանգը եւ կամ կորուստը, Որբերեան իր արտագրած որոշ տպաւորութիւնները տպագրել է «Մեսրոպեան Վարժարանի Յուշամատեանը» վերնագրով յօդուածում՝ նուիրուած Զմիւռնիայի անցեալին։ Յօդուած-ակնարկը լոյս է տեսել Կ. Պոլսի «Արեւելք» օրաթերթի 1899 թուականի Յունիսի 6/18-ի համարում։
1840-ից մինչեւ 1882 թուականը գրառումներով լի՝ «պատարագի խորհրդատետրին դիրքն ու մեծութիւնը» ունեցող այդ յուշամատեանը պահուել է դպրոցի թանգարանում։ Որբերեանի նկարագրութիւնից երեւում է, որ յուշամատեանը (կամ յուշատետրը) եղել է «թուղթերը թափթփած, խարխուլ շէնքի մը պէս, որ այսօր վաղը կրնայ փլչիլ»։ Պէտք է ենթադրել, որ այն իսկապէս փլուել- փճացել ու կորել է Զմիւռնիայի գլխին եղած բազմաթիւ աղէտների ժամանակ։ Իսկ եթէ այն հրաշքով մի բարի ձեռքի ջանքերով փրկուած լինի, արժէր, որ հրապարակ հանուէր նրա մէջ եղած արժէքաւոր գրութիւնները, որոնց հեղինակներից են եղել Գաբրիէլ Այվազովսկին (1842), Խաչատուր Ոսկանեանը (1854), Սերովբէ Վիչէնեանը (1860), Յովհաննէս, Ներսէս, Յարութիւն Տէտէեանները, Մանուէլ Վարդապետ Քաջունին, Պետրոս Խորասանճեանը եւ շատ ուրիշներ։
Յուշատետրի գոյութիւնը քիչ թէ շատ աւելի ապրեցնելու նպատակով Որբերեանը հրապարակ է հանել մի քանի այնպիսի տպաւորութիւններ, որոնք իր կարծիքով, կարող էին շահեկան լինել յետագայ սերունդների համար, թերեւս ինքն էլ չենթադրելով, որ իսկապէս իր գրածը միակ աղբիւրն է հանդիսանալու յուշատետրի մասին, իսկ արտագրած տպաւորութիւնները՝ միակ սկզբնաղբիւրները պատմութեան համար։
Որբերեանի այդ մտածուած շնորհակալ աշխատանքի շնորհիւ այսօր ակնյայտ է դառնում ոչ միայն Նալպանտեանի եւ ուրիշ մտաւորականների այցելութիւնը Մեսրոպեան Վարժարան, այլեւ նրանց վերաբերմունքն ու գնահատութիւնը դէպի տուեալ կրթական օճախն ու նրա կարեւորութիւնը լուսաւորութեան առաջընթացում։
Այցելելով Մեսրոպեան Վարժարան, 1861-ի Նոյեմբերի 18-ին Նալպանտեանը յուշամատեանում գրել է։ «Ուրախ եմ տեսնել մեր մանկտին ժողովուած մի յարկի տակ ուսանել ու համար, նոյն հոգուով տեսայ եւ Զմիւռնիոյ Ազգային Դպրոցը, որուն ամենայն սրտով ցանկանում եմ յառաջադիմութիւն»։
Եթէ յուշամատեանից արտագրուած միւս տպաւորութիւնների տակ Որբերեանը դրել է նրանց հեղինակների լրիւ անուն ազգանունները, ապա Նալպանտեանի գրութեան տակ դրուած են միայն Մ. Ն. Սկզբնատառերը։ Դժուար է ասել, արդեօք Մ. Ն.-ն բնագի՞րն է, թէ Որբերեանի զգուշաւորութիւնը։ Չէ՞ որ պոլսահայ մամուլը փակուելու վտանգի սպառնալիքի տակ ոչ միայն, Նալպանտեանի, այլեւ Գամառ- Քաթրիպայի (Ռափայէլ Պատկանեան) նման հայասէր հայրենասէրների անունները նոյնութամբ չի գրել։ Նալպանտեանը եղել է Պայտարեան, իսկ Պատկանեանի հանրայայտ «Հիմի էլ լռենք» բանաստեղծութիւնը ներկայացուել է իբրեւ ռուս հեղինակի գործ, թէեւ արտասանուել է հայ բեմից։ Մ.Ն.-ին վերնագրով է տպագրուել նաեւ աշուղ Սէյուդի (Մադաթ Պետրոսեան) Նալպանտեանին նուիրուած բանաստեղծութիւնը։ Բոլոր դէպքերում, քօղարկելով Նալպանտեանի անուան յիշատակութիւնը, գրաքննութիւնից թագցրել են հեղինակի ով լինելը։
Որբերեանի արտագրութիւններից յիշատակութեան արժանի է նաեւ Ծերենցի (Յովսէփ Շիշմանեան) տպաւորութիւնը, որ նա գրել է Մեսրոպեան Վարժարանի յուշատետրում 1876 Յունուարի 9-ին։ Նա գրել է «երկրորդ անգամ է, որ վարժարանիս այցելութեան կու գամ 14 տարի ետքը։ Յառաջադիմութիւն է ամենուն փափաքը, որ հոս կ՚այցելեն, վասնզի հոս է ապագան։ Տար Աստուած կարողութիւն վարժապետաց եւ աշակերտաց, վասնզի դպրոցի տղաքն են, որ մարդ պիտի ըլլան ու եթէ ցրուին ամէն աշխարհք, սրտով ու սկզբունքով մի՛ պարտքն ըլլալ ամէն տեղ»։
Նալպանտեանի երեւալը Զմիւռնիայում մեծ խանդավառութիւն է յառաջ բերել տեղի հասարակութեան շրջանակներում, որտեղ նրա ներկայութեամբ թէ բացակայութեանը, բանաւոր թէ տպագիր բարձր են գնահատել մարտնչող հրապարակախօսի ու ազգային ազատութեան գաղափարին նուիրուած մարդ-քաղաքացու գործունէութիւնը գրականութեան մէջ եւ հասարակական- քաղաքական կեանքում։ Նալպանտեանի մեկնելուց երկու օր անց, Զմիւռնիայում լոյս տեսնող «Ծաղիկ» թերթում նրա մասին գրուել է. «Իր տեսութիւնը թէեւ կարճ եղաւ, սակայն մեր յիշողութիւնը համակրութեան այնպիսի դրոշմով մը կնքեց, զոր ժամանակին թեւը անկարող պիտի ըլլայ սրբել ու ջնջել»։
1861-ի Դեկտեմբերի 14-ին Նալպանտեանը ներկայ է եղել Կ. Պոլսի «Արեւելեան Թատրոն»ի բացմանը, մի սրտառուչ ճառ ասել թատրոնի ու նրա գործիչների կատարած անձնուրաց աշխատանքի մասին, խրախուսել բեմ բարձրացող կնոջ (Արուսեակ եւ Աղաւնի Փափազեան քոյրերի) համարձակութիւնը։ Այս առնչութեամբ, Նալպանտեանը յիշատակել է նաեւ զմիւռնիահայերի կատարած առաջադիմութիւնը։ «Պակաս ուրախութիւն չզգացինք մենք»,- ասել է Նալպանտեանն իր ճառում, որը յետագայում, իբրեւ յօդուած տպագրուել է «Մեղու» թերթում.- «Տեսանելով Զմիւռնիոյ մէջ Վասպուրական անձնուրաց ընկերութեան հայախօս թատրոնը, այստեղ յաջող ենք համարում եւ դէպի նոցա ուղղել մեր առ ի սրտէ շնորհակալութիւնը եւ ընթացք ու յաջողութիւն մաղթել իւրեանց չնաշխարհիկ ասպարէզի մէջ»։
Արեւմտահայ թատրոնի պատմութեան մէջ առաջնութիւնը սովորաբար տրուած է Պոլսի «Արեւեան Թատրոնին» այնքանով, որքանով այնտեղ են կեդրոնացուած հայ գրականութեան եւ արուեստի առաւել ճանաչուած դէմքերը։ Մինչդեռ Զմիւռնիան, լինելով ծայրամասային գրական-մշակութային կեդրոն, մոռացութեան է մատնուել։ Բայց, արդարութիւնը պահանջում է խոստովանել, որ Զմիւռնիայի «Վասպուրական» թատրոնը աւելի շուտ է կազմակերպուել, քան Պոլսի «Արեւելեան»ը։ Իր ճառայօդուածներով Նալպանտեանը պատգամ է թողել, որոնցմէ պատմութիւնը եւ առաջնութիւնը տանք «Վասպուրական Թատրոնին»։ Հէնց այն հանգամանքը, որ մի երկու տարի գործելուց յետոյ «Արեւելեան Թատրոն»ի խումբը քայքայուել է եւ հետապնդումից փրկուելու համար նրա մի քանի առաջնակարգ ուժերը հանգրուան են գտել «Վասպուրական Թատրոնում», խօսում է վերջինիս կայունութեան օգտին։