Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան 25-ամեակի առթիւ մեր զինուժը ցուցադրեց փառահեղ ռազմական շքերթ Հանրապետութեան հրապարակում։ Հայաստանը պատերազմող երկիր է արդէն 25 տարի եւ մեր զէնքի ցուցադրումը նոյնպէս պատերազմական գործողութիւն է, որովհետեւ բանակը հզօր է զէնքով եւ հայրենասիրական ոգով։ Դանդաղ, լուռ, հիւծող պատերազմը, որը կաթիլ առ կաթիլ արիւնահոսում էր, գրեթէ ամէն օր խլելով մեզանից զինուորի կեանք, յատկապէս սաստկացաւ 2010-ից յետոյ եւ դա կապուած էր Ատրպէյճանում նոր զէնքի ձեռքբերման հետ, քանզի այն, ինչ Հայաստանը ցուցադրում է շքերթում, Ատրպէյճանը փորձարկում է կռուի դաշտում, բայց կարճատեւ, սակայն Ապրիլին այդ կարճ ցուցադրութիւնը տեւեց 4 օր, պատճառելով մեզ երբեւէ չսպիացող վէրքեր, քանզի խլեց 100-ից աւելի ոսկի երիտասարդների եւ նրանց սատարող ազատամարտիկների կեանքներ… Հայաստանը չներեց Ռուսաստանին Ապրիլը։ Մեր տղաները ընկան մեր ռազմավարական դաշնակցի յարձակողական զէնքի կիրառումից։ Կտրուկ փոխուեց հայերի վերաբերմունքը ռուս բարձրաստիճան պաշտօնեաների հանդէպ, որոնք զարմացած սկսեցին գանգատելու, թէ նրանց նոյնիսկ թէյ չեն առաջարկում եւ սիրալիր չեն վերաբերւում, այսինքն քծնում, ինչպէս դա նախկինում էր։ Եւ ահա Սեպտեմբերի 21-ին հայերի շքերթին յայտնուեցին ռուսական արտադրութեան «Իսկանդերներ» (հրթիռային համակարգերը, որոնցից «Իսկանդեր–Մ» ունի 500 քմ կրակի հեռահարութիւն)։ Երբ Կիւմրիյում տեղակայուած ՌԴ-ան 102-րդ ռազմակայանի զինուորները, մասնակցելով շքերթին, հաւասարուեցին ամբիոնին, ապա հնչեց ողջոյնը «Փա՛ռք մեր եղբայր-դաշնակիցներին», ինչը մեծ բաւարարութիւն պատճառեց ռուսներին։ Ռուս քաղաքագէտները «Իսկանդերների» փաստը մեկնաբանեցին, թէ իբր Մոսկուան դրանով ազդարարեց, որ հաւասարապէս է զինում երկու պատերազմող կողմերը, իսկ դա բացառում է հարցի ուժային լուծման տարբերակը։ Նաեւ շեշտեցին, որ տասնեակ երկրներ երազում են ունենալ «Իսկանդերներ», բայց Ռուսաստանը տրամադրել է այդ թանկարժէք զէնքը առաջին անգամ իր եղբայրական Հայաստանին, սակայն ի՞նչ քանակութեամբ, դա արդէն պետական գաղտնիք է։ Հարց է ծագում, արդեօք այդ զէնքը հայկական զինուժի՞ն է պատկանում թէ ռուսական ռազմակայանին, քանզի դեռեւս 2013-ին «Իսկանդերները» համալրեցին 102-րդ ռազմակայնի զինանոցը, որը զսպում է առաջին հերթին Թուրքիային որեւէ ոտնձգութիւններից։ Պարզւում է, որ ո՛չ, այդ հրթիռային համալիրները պատկանում են հէնց Հայաստանին եւ միտուած են զսպել Ատրպէյճանին, որը լինելով նաւթակիր երկիր, լուրջ խնդիրներ կ՚ունենայ, եթէ լայնածաւալ պատերազմի յաւակնութիւն դրսեւորի։ «Իսկանդերների» ցուցադրումը իսկոյն եւեթ իրարանցում առաջացրեց ատրպէյճանական զինուած ուժերի շրջանում, ինչից շտապեցին օգտուել զէնք արտադրող երկրները, որոնց համար պատերազմող երկրները ցանկալի շուկայ են։ Իսրայէլը համեմատեց Ատրպէյճանի վիճակը իր հետ. երկու երկրները շրջապատուած են թշնամիներով, որոնք պատրաստ են ամէն պահին հրթիռակոծուել, ուստի Իսրայէլը կ՚օգնի Ատրպէյճանին ոչ միայն հակահրթիռային զէնքով, այլ նաեւ զէնքի տեխնոլոգիայով։ Օգնութեան հասնել պատրաստ է նաեւ Ուքրաինան եւ մեր ռազմավարական գործընկեր Պելառուսը, որոնք կարող են հակադարձել մեր «Իսկանդերներին» «Գրոմ» (ամպրոպ) հրթիռային համալիրներով։ Եւ լրագրերում յայտնուեց Ալիեւի եւ Լուկաշենկոյի ձեռք սեղմելու պահը։ Զէնքի առաջադրանքով հանդէս եկաւ նաեւ մեզ «Իսկանդերներ» տրամադրող Ռուսաստանը, որն ունի չափազանց հետաքրքիր զէնքի տեսակներ, որոնք նա ցուցադրեց Սեպտեմբերի վերջերին Պաքւում կազմակերպուած զէնքի տօնավաճառին… Մենք այլեւս չենք զարմանում. այն, ինչ հայերի համար կենաց-մահու խնդիր է, զէնք վաճառողների համար միայն կեանքի խնդիր է։ Պիզնեսի խնդիր։