ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Արցախի հարաւում վեր կը խոյանայ Դիզափայտ լեռը․ արցախցիներն այն Տզափատ կ՚անուանեն։ Այն վաղնջական ժամանակներից ի վեր կարեւոր ուխտավայր կը համարուէր, որ դէպի իրեն կը ձգէր ուխտաւորներու հոծ զանգուած թէ Արցախէն եւ թէ շրջակայ տարածքներէն, ընդ որում ուխտաւորները պարտադիր չէր որ միայն հայեր լինէին, շատ էին այլազգիները։ Յայտնի է լերան մէկ ուրիշ անուն՝ Զիարաթ, ասել է թէ՝ սուրբ վայր, սրբատեղի։ Լեռն այսպէս են անուանել արաբները՝ դեռ իրենց միջնադարեան արշաւանքների ժամանակ։
Դիզափայտ ուխտաւորները մանաւանդ Վարդավառի օրերին կու գային։ Գալիս էին սրբից խնդրելու իրենց իղձի կատարումը, հիւանդութիւնների ապաքինումը, զաւակ ունենալը եւ այլն… Սուրբը կամ տեղի բարբառով՝ սօրփը ոչ մէկին չէր արհամարում, ամենքի իղձը ի կատար էր ածւում։ Լերան գագաթին աղբիւրի բացակայութեան պատճառով մարդիկ կ՚իջնէին լերան ստորոտը, այնտեղ ոչխարը մատաղ կ՚անէին, կ՚եփէին, կ՚ուտէին եւ մի ուրախ խնջոյք կը կազմակերպէին։ Ժողովուրդը կը հաւատար որ սորփի մօտ պէտք է անմոռաց ու անզուսպ խրախճանք անել։
Որոշ ուխտաւորներ նոյնիսկ պատմում են, որ սորփը ինքն է իրենց կանչել դէպի լեռ, զորօրինակ՝ մէկը պատմում է թէ ինչպէս անցնելիս են լինում լերան մօտ գտնուող գիւղաքաղաքով, հանդիպում է իր բարեկամին, բարեւում են, խօսում դէսից դէնից եւ բարեյաջողում մաղթում իրար։ Հեռանալիս մարդու բարեկամը յանկարծ շրջւում է եւ սառած հայեացքով ասում թէ՝ ինչո՞ւ մինչեւ հիմա Տզափատ չէք բարձրացել, անպայման բարձրացէ՛ք։ Յետոյ բարեկամի հայեացքը պարզւում է եւ նա շուարած հեռանում է։ Մարդը կատարում է սորփի կարգադրութիւնը եւ կնոջ հետ ուխտի բարձրանում Դիզափայտ։ Մի քանի ամիս անց նրանք զաւակ են ունենում, սակայն մինչ այդ երկար տարիներ բժիշկների միջամտութիւնն անգամ չէր օգնում։ Անթիւ անհամար են Տզափատի հետ կապուած այս տեսակ զրոյցները։
Լերան գագաթին կը գտնուի Կատարօ վանքը՝ իր պարզ վայելչութեամբ։ Կատարավանքը կիսաւեր էր եւ կարիք ունէր վերականգնողական աշխատանքներու, որոնք կատարուել են ամենայն զգուշութեամբ՝ վանքին հաղորդելով իր սկզբնական տեսքը։
Դիզափայտի հետ կապուած առասպելները շատ են։ Ահա թէ ինչ կը պատմի դրանցից մէկը․
Տզափատի գագաթին կը գտնուի անյայտ ճգնաւորների գերեզմանների մեծ քարը։ Ըստ աւանդազրոյցի՝ 330-ական թուականներուն այստեղ նահատակուել են մազքթաց արքայ Սանեսանի զաւակներն ու այլ քրիստոնեաներ։ Նրանց դարձի էր բերել Գրիգոր Լուսաւորչի թոռ՝ Արցախի առաջին եպիսկոպոս Ս․ Գրիգորիսը։
Մէկ այլ աւանդութիւն, որ գրանցուած է տեղի Յայսմաւուրքում, կը պատմի թէ երբ հոների առաջաւոր ջոկատները կը զաւթեն Արցախը, գերի կը վերցնեն Մեսրոպ Մաշտոցի աշակերտներէն շատերին, որոնց մէջ էր նաեւ թագուհի անուամբ անուանի մի տիկին։ Թագուհու գեղեցկութեամբ արբեցած հոների առաջնորդը որոշում կ՚առնէ բռնի ուժով կնութեան առնել նրան։ Սակայն Թագուհին ըմբոստանալով՝ բզկտուում է։ Գիշերը լերան լանջերով ու դաշտով մէկ ցրուած նրա արեան հետքերը եւ մարմնի բզկտուած մասերը սկսում են լոյս արձակել։ Այս հրաշքից զարմացած՝ հոնաց զօրքերի առաջնորդը դարձի է գալիս եւ իր երկու որդիների ու մարտիկների հետ միասին քրիստոնէութիւն է ընդունում։
Սա իմանում է հոների արքան եւ հրամայում գլխատել զօրավարին ու նրա մարտիկներին, սակայն զօրավարի երկու որդիներին՝ Մովսէսին ու Երանոսին յաջողւում է փախչել։ Արքայի զինուորները հետապնդում են նրանց եւ լերան գագաթին սրախողխող անում։ Այդուետք Մովսէսի ու Երանոսի դիերը փայտի նման այրում են ցորենի ու գարու դէզերի վրայ։
Ահա այստեղից էլ կու գա լերան Դիզափայտ եւ գաւառի Դիզակ անուանումը։ Մինչ այժմ էլ գերեզմանաքարի տակ՝ այնտեղ, ուր այրուել են Մովսէսն ու Երանոսը, հողի մէջ կը պահպանուին ցորենի եւ գարու հատիկները։ Կանայք կը փորէին գերեզմանաքարի հողը՝ ցորեն կամ գարու հատիկ գտնելու փափաքով՝ այն կը վկայէր տղայ կամ աղջիկ ունենալու մասին։