Գազիանթեփի պայթյունից զոհերի թիվը հասել է 50-ի

Օգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփի (Անթեփ) Շահինբեյ գավառում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը Իսլամական պետության ահաբեկիչն է իրականացրել: Գազիանթեփի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի:

Երեկ երեկոյան ժամերին Սրիային սահմանամերձ թուրքական Գազիանթեփ քաղաքում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել հարսանիքի ընթացքում: Որոշ աղբյուրերի համաձայն պայթյունն իրականացվել է Իսլամական պետության մահապարտի կողմից: Պայթյունի հետևանքով կան մեծ թվով զոհեր և վիրավորներ: 

Գազիանթեփի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: ‹‹Մեր նահանգում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով այսօրվա դրությամբ 50 քաղաքացի է զոհվել››,-նշված է Գազիանթեփի նահանգապետարանի հայտարարության մեջ:

‹‹Մահապարտի բաճկոն է հայտնաբերվել››

‹‹Անադոլու›› լրատվական գործակալության փոխանցմամբ պայթունի վայրում մահապարտին պատկանող պատռված բաճկոն է հայտնաբերվել: Գազիանթեփի հանրապետական դատախազության հայտարարության համաձայն օգոստոսի 20-ին Գազանթեփի Շահինբեյ գավառի Բեյբահչե թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 50 քաղաքացի է զոհվել: Հայտարարության մեջ նշվում է, որ պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից, ում բաճկոնը հայտնաբերվել է դեպքի վայրում՝ պատռված վիճակում: Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ մահապարտը ԻՊ ահաբեկիչ է: