ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
-Ինչո՞ւ հիմա չես գալիս Երեւան
-Թող քիչ մը հանդարտուի…
-Մենք հէնց այդ հանդարտութեան դէմ ենք պայքարում։ Անփոփոխութեան դէմ այսպիսի երկխօսութիւն էր տեղի ունենում հայաստանցու եւ սփիւռքահայի միջեւ Յուլիսի 17-ին «Սասնայ Ծռեր» զինեալ խմբի գործողութեան օրերին։
Բոլորս հաւասար պիտի լինենք անօրինութեան առաջ
Սակայն այս օրերին Հայաստանում գործում էր այնպիսի նուաստացուցիչ, բացարձակ օրէնքից դուրս մի պահուածք ոստիկանների կողմից, որ տեղացիները խեղդելով իրենց մէջ Մովսէս Խորենացու փողոց փութալու փափաքը, որտեղ ծաւալւում էին երկրի համար կարեւորագոյն իրադարձութիւնները, չէին ուզում ընդհանրապէս տնից դուրս գալ, որովհետեւ քաղաքացուն այդ փողոցի վրայ յայտնուելուն պէս առանց որեւէ պատճառի բերման էին ենթարկում, այն էլ բոլորին անխտիր՝ կանանց, տղամարդկանց, երիտասարդներին կամ տարեցներին, նոյնիսկ հաշմանդամին ձեռքերը պինդ բռնելով տանում էին ոստիկանական բաժանմունք… անձը պարզելու համար։ Սակայն ոչ, նրանց տանում էին ոչ թէ ոստիկանական բաժին, այլ… ներքին գործերի զօրամաս։ Մի 100 հոգի լեցնում էին մարզասրահ ու պահում մինչեւ 17 ժամ։ Ուշագրաւ է դերասանուհի Արսինէ Խանճեանի դէպքը, երբ ոստիկանները Յուլիսի 27-ին Մովսէս Խորենացու փողոցի զբօսայգում նրան բերման ենթարկեցին եւ նրա փաստաբանը երկար չէր կարող գտնել, թէ ուր են տարել Արսինէին։ Արսինէի կամ նրա ամուսնու Ատոմ Էկոյեանի անունները ոստիկաններին ոչինչ չէին ասում, որովհետեւ մեծաւ մասամբ նրանք հանդէս են գալիս որպէս անկիրթ ու բիրտ գործիք իշխանութեան զինանոցում։ Յետագայում Արսինէն մամլոյ ասուլիսում պատմեց իրողութիւնը, սակայն պետական հեռուստաալիքները ընդամէնը մէկ վայրկեան ցոյց տուեցին Արսինէին, երբ նա ասում էր, թէ իր ինքնութիւնը պարզելով ներողութիւն խնդրեցին թիւրիմացութեան համար եւ ջուր ու հիւթ հիւրասիրեցին։ Ստացուեց, որ Արսինէին բերման էին ենթարկել, որպէսզի հիւթով հիւրասիրեն։ Դերասանուհին ներողութիւնը չընդունեց, քանզի միայն նա չէր ենթարկուել անիրաւութեան։ Բայց ո՞վ էր պատրաստւում միւսներից ներողութիւն խնդրել։ Լաւ, Արսինէն յայտնի դէմք է, իսկ մնացած քաղաքացիները իրենց անյայտ լինելու պատճառով պիտի բռնութեա՞ն ենթարկուեն։ Մի ազատամարտիկ ինձ ասաց, որ չէր փոխի գէթ մէկ սովորական հայաստանցուն 1000 Արսինէների հետ, խնդիրը Արսինէի անձի մէջ չէ, այլ նրա մէջ, որ բոլորը պիտի հաւասար լինեն օրէնքի առաջ, տուեալ պարագայում՝ անօրինութեան առաջ։
Իշխանութեան աղճատուած դէմքը
Այժմ յիշենք, թէ ինչու թւով 31 հոգի «Սասնայ ծռեր» խումբը ապստամբեց. Անօրինականութիւնների բաժակը լեցուել էր եւ վերջին կաթիլները սահմանին զոհուած զինուորների արիւնն էր, որոնց մահուան պատճառներից մէկն էլ թալանի պատճառով ժամանակակից զէնքի բացակայութիւնն էր։ Թալանի, պետական դաւաճանութեան համար ոչ ոք պատասխան չտուեց։ Ո՞վ եւ ո՞ւմ պիտի պատասխան տար, եթէ իշխանութիւնը ժողովրդի կողմից չէր ընտըրւած, այլ սկսած 1996-ից զաւթւում էր ընտրակեղծիքների շնորհիւ։ Եւ այդ գործում ընտրուող նախագահներին օգնում էր յանցաւոր տարրը, առանց ոստիկանական հագուստի ոստիկանները։ Տարիներ շարունակ տիրում էր անպատժելիութեան մթնոլորտը, որի կարգախօսն էր. «Մեր դէմ խաղ չկայ», այսինքն ի՛նչ կ՚ուզենք, ա՛յն էլ կ՚անենք, մեզնից ուժեղը չկայ։ Իսկ եթէ աւելի խորը նայենք, ապա պատճառը Ռուսաստանի Դաշնութեան մէջ է։ Հայաստանը փաստացի Ռուսաստանի գաղութն է եւ մեր նախագահը գործում է Կրէմլի թելադրանքով։ Ռուսաստանը որդեգրել է հետեւալ սկզբունքը, որն է. վերադարձնել իր հողերը 1991-ի սահմաններին, ինչը հանդէս է գալիս որպէս սպառնալիք բոլոր նախկին սովետական հանրապետութիւններին։ Եթէ համեմատենք Ուքրայնան եւ Հայաստանը, ապա տարբերութիւնը նրանում է, որ Ուքրայնայում Մայտան (այդպէս են անուանում յեղափոխութիւնը, որը սկսուեց մայտանում, հրապարակում) արեց, որպէսզի անջատուի Ռուսաստանի ազդեցութիւնից եւ միանայ Եւրոպային, եւ արդիւնքում Ռուսաստանը գողացաւ Ուքրայնայից Ղրիմը, իսկ Հայաստանը ընդվզեց «Սասնայ ծռերի» կազմով, որովհետեւ Ռուսաստանը պատրաստւում է յանձնել մեր հողերը Ատրպէյճանին։ Սա է խորքային պատճառը։ 15 օր խումբը մնաց Էրեբունու թաղամասի պարետապահակային գնդում, եւ մինչ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կոչ էին անում Հայաստանի իշխանութեանը զսպուածութիւն դրսեւորել, Ռուսաստանը դիտարկում էր այս ապստամբութիւնը ոչ թէ որպէս քաղաքական ընդվզում, այլ որպէս քրէական յանցագործութիւն, որի մեղաւորներին պէտք է խիստ պատժել։ Եւ Հայաստանի իշխանութիւնը դիմեց ուժին։ Բացարձակ բռնութեան։ Միակ աշխատատեղերը, որ ստեղծել է այս իշխանութիւնը, ներքին զօրքերն են թւուվ 20 հազար ոստիկաններով։ Աշխարհում առաջին տեղն ենք գրաւում այդ առումով։ Եւ ոստիկանները սկսեցին բռնութիւններ իրականացնել։ Խաղաղ ցուցարարների եւ ցոյցերի հետ կապ չունեցող բնակչութեան դէմ. Արդէն ոչ թէ զօրամասերը, այլ հիւանդանոցները սկսեցին լեցուել վիրաւորներով, պայթիւնի պատճառով Սայաթ Յարութիւնեան անունով 17 տարեկան երիտասարդի վնասուած աչքը ստիպուած եղան հեռացնել։ Այս բռնութեան պայմաններում փաստաբան Նորայր Նորիկեանը 1 in.am Առաջին լրատուականին յայտնեց, որ փաստաբաններով որոշել են ստեղծել մասնագիտական խումբ, որը կը զբաղուի այդ իրաւախախտումներով, երբ ոստիկանութիւնը ոչ միայն բռնութիւններ է կիրառում բնակչութեան հանդէպ, այլ խոչընդտում է փաստաբանների գործողութիւններին, երբ քաղաքացին իրաւական օգնութեան է դիմում։ Երեւակայէք, որ ոստիկանները լրագրողներին կարգադրեցին մի կողմ հաւաքուել եւ նետեցին նրանց վրայ պայթուցիկներ, որի հետեւանքով լրագրողները այրուածքներ ստացան։
Հայաստանում հերոսներ ծնուեցին
Հարց է ծագում. Ի՞նչ արդիւնքի կարելի է հասնել ապստամբութեամբ։ Ահա թէ ինչ է ասում «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Գարեգին Չուգասզեանը.
«Տասնեակ այլ կայացած ժողովրդավարական պետութիւններում պետականութեան կայացումը յաճախ տեղի է ունեցել հէնց ապստամբական լուրջ գործողութեան պատճառով, որը միշտ էլ ուղեկցել է այլեւայլ շահեր ունեցող երկրների միջազգային դատապարտումով, իսկ յաջող աւարտից յետոյ՝ նոր կարգի միջազգային ճանաչմամբ… Ահաւասիկ մի քանի դասական օրինակներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա…»։
Երէկ Յուլիսի 31-ի ժամը 20.00-ի սահմաններում Հայաստանում ծնուեց մի խումբ հերոսներ, որոնցից ես կը նշեմ միայն մէկին։ Նրա անունը Վարուժան Աւետիսեան է։ Նա պաշտպանութեան նախարարութիւնում բարձրաստիճան սպայ էր, սակայն թողեց պաշտօնը եւ նուիրուեց «Նոր Հայաստան» շարժմանը։ Յանուն իր ժողովրդի նա զէնքով դուրս եկաւ յանցաւոր իշխանութեան դէմ։ Յանուն իր ժողովրդի զէնքը վայր դրեց։ «Մենք ոչինչ ենք, -ասաց,- մենք նահատակ ենք, մենք կարող էինք դիմադրել, բայց մեզ պէտք չի հայ ոստիկանի արիւնը»։ Այսպիսով «Սասնայ ծռերը» յանձնուեց, բաւարար մնալով իր առաքելութեամբ՝ նետելով, որ քայլը այսուհետ ժողովրդինն է։ Ժողովուրդը հիացաւ իր հերոսների արարքից։ Արցունքի ծով յորդեց ժողովրդի աչքերից…