ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Յուլիսի 10-17-ին Երեւանում կայացաւ 13-րդ «Ոսկէ Ծիրան» միջազգային կինօփառատօնը եւ ես պատրաստւում էի գրել այդ մասին, սակայն անսպասելի քաղաքական զարգացումները ստիպում են ինձ անդրադառնալ զինուած ապստամբութեանը, որը շարունակւում է արդէն ութերորդ օրը, լարուածութեան մէջ պահելով ոչ միայն երեւանցիներին եւ հայաստանցիներին, այլեւ աշխարհով մէկ սփռուած համայն հայութեանը։ Ինչո՞ւ։ Այս պահին հայոց պատմութեան հերոսական էջերն են գրւում։ Սա է կինօների կինօն, խաղարկային եւ վաւերագրական ֆիլմերի ֆիլմը։ Իրական ֆիլմը, որը երբեւէ չէինք տեսել…Այն, ինչ կատարւում է այսօր Երեւանում Էրեբունու թաղամասի Խորենացու փողոցի վրայ, նպատակ ունի արթնացնել քաղաքացիներին թմբիրից, որը սակայն առաջացել է յուսահատութիւնից, երբ միակ ելքը դարձել է արտագաղթը։
Ուրիշ ելք չեն թողել
Յուլիսի 17-ին առաւօտեան ժամը 5։30 «Սասնայ ծռեր» 31-հոգանոց ջոկատը գրաւեց Էրեբունի թաղամասի պարետապահակային ոստիկանական գունդը… եթէ շարունակենք դէպքի մասին պատմել սովորական անհոգի լեզուով, ապա պիտի ասենք, որ պատանդ են վերցրել ոստիկաններին, սպաննել գնդապետին, բայց… զգոյշ պիտի լինենք բառերի ընտրութեան հարցում, որովեհետեւ ապստամբները անյայտ անձինք չեն, այլ հայրենիքի համար Արցախեան պատերազմում կռուած եւ դրա դիմաց ոչ մի պաշտօն չակփնկալած հերոսներ։ Նրանցից մէկը Պավլիկ Մանուկեանն է, որը յայտնի է որպէս Ապարանցի Պավլիկ (ծագումով մշեցի)։ Շուշիի գրաւման 10-ամեակին, այսինքն 2002-ին նրա մասին ֆիլմ արուեց, որը ցուցադրւում է ամէն տարի Մայիսի 9-ին։ Պավլիկը Շուշիի առասպելի կրողներից է։ Ընկերների հետ տեսակցելու համար նա գնում է Եռաբլուր, որտեղ ամփոփուած են հայ ազգի հերոսների աճիւնները։ Պավլիկի համար պատերազմը դեռ աւարտւած չէ, ուստի եթէ ուզում էք Պավլիկին պատկերացնել, ապա նա առաջին հերթին զինուոր է՝ զէնքը ձեռքին։ Զէնքերից մէկն էլ Պավլիկի համար միասնութիւնն է։ Թէ ինչ յաղթանակների կարող է բերել միասնութիւնը, մենք տեսանք Արցախեան պատերազմին։ Իսկ ապրիլեան քառօրեայ պատերազմը ցոյց տուեց, որ հայերը ընդունակ են դիմել այդ զէնքին հայրենիքի կորուստի սպառնալիքի ներքոյ, այսինքն ընդունակ են կազմակերպուել մի մարդու պէս։ Ապաւինելով այդ միասնութեանը՝ 31 հոգի որոշեցին հայրենիքը փրկելու գործողութիւն իրականացնել։ Զէնքով։ Բայց ոչ արիւնահեղութեամբ։ Ուստի ոստիկանը՝ գնդապետ Արթուր Վանոյեանը, ոչ թէ սպանուել է, այլ զոհուել, որովհետեւ նա կրակել է եւ նրա կրակին պատասխան կրակ է արձակուել։ Շատ ափսոս, որովհետեւ դա ապստամբների ծրագրի մէջ չի մտել։ Եթէ զոհ պահանջուի, ապա նրանք իրենց կեանքերն են դնում զոհասեղանին։ Դեռ աւելին, Պավլիկ Մանուկեանը իր զաւակի հետ է այս ջոկատում, Արամ Մանուկեանի հետ, այսինքն ոչ միայն ինքնիրեն, այլ նաեւ իր որդուն է զոհաբերում յանուն հայրենիքի արժանապատուութեան։ Յիշենք, ինչպէս 2008-ին առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, որը Ազատութեան հրապարակում հանդէս գալով որպէս ընդդիմադիր, ժողովրդին արտասանում էր Չարենցի «Մահուան տեսիլ»ից այս տողերը.
«Թող ոչ մի զոհ չպահանջուի ինձնից բացի…»։
Այո, Լեւոն Տէր-Պետրոսեանի որդին՝ Դաւիթ Տէր-Պետրոսեանը, երկրից դուրս էր եկած։ Իսկ նախկին նախագահի կռիւը աթոռակռիւներից էր։ Ի տարբերութիւն բոլոր նախկին հանրահաւաքներից, որոնց նպատակը իշխանափոխութիւնն էր, այս գործողութեան նպատակը յանցաւոր վարչախմբի հեռացումն է։ Հեռացէք, եւ թող ընտրուի ժողովրդի վստահութեան կառավարութիւն։ Սա՛ է նրանց պահանջը։ Կամուրջ են հանդիսանում, որով ժողովուրդը պիտի անցնի, որպէսզի ազատուի ներքին թշնամուց, որի պատճառով արտաքին թշնամիները մեր հողերն են պատրաստւում վերցնել։
Ինչպէ՞ս է արձագանգում կառավարութիւնը։ Նախ ուժով։ Ոստիկանների պակաս չունի մեր քաղաքը։ Նրանք բիրտ ուժ են գործադրում, ծեծի են ենթարկում իրենց ձեռքի տակ ընկնողներին։ Իսկ երէկ մեր հերոս տղաները ազատ արձակեցին այսպէս կոչուած պատանդներին, երկու փոխոստիկանապետերի՝ պարզապէս ելնելով մարդասիրութիւնից եւ դրա դիմաց պահանջեցին միայն մամլոյ ասուլիս։ Զէնքը ձեռքերին պատմեցին, թէ ինչու են գնացել այս քայլի։ Ասացին, որ այստեղ, այս գնդում այնքան զէնք կայ եւ զէնքը այնքան ժամանակակից է, որի մասին կ՚երազէին սահմանում զէնքի սակաւութիւնից զոհուած զինուորները…
Իսկ այսօր, Յուլիսի 25-ին Ալեք Ենիգոմշեանի գլխաւորած նախաձեռնող խումբը ընթերցեց Խորենացու փողոցում գտնուող ժողովրդին ջոկատի յայտարարութիւնը.
«Արդէն ութերորդ օրը, ինչ հայոց պետութեան ու հայ ժողովրդի մի խումբ նուիրեալներ՝ «Սասնայ ծռեր» խմբի անդամները, ինչպէս ողջ բնակչութիւնը, զրկուած լինելով իր սահմանադրական իրաւունքների իրացման որեւէ քաղաքակիրթ, օրինական հնարաւորութիւնից, ստիպուած եղան դիմելու մարդու իրաւունքների հռչակագրով նախատեսուած ժողովրդի ապստամբութեան իրաւունքից բխող գործողութիւնների։
«Դրսեւորելով բացառիկ քաղաքական, հումանիստական վարք, որպէս բարի կամքի դրսեւորում, իշխանութիւնների հետ տարուող բանակցութիւնների շրջանակում «Սասնայ ծռեր»ն ազատ արձակեց իրենց մօտ գտնուող բոլոր աշխատակիցներին։
«Սակայն, խախտելով բոլոր կարգի պայմանաւորուածութիւնները, վարչախումբը դիմեց հերթական, տմարդի, ստոր քայլերի։
«Արդէն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, ելեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք։ Չեն տրամադրում բուժօգնութիւն վիրաւոր ապստամբին, խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնել սովամահութեան»։
Ոչ ոք գիտի, թէ ինչով է այս ամէնը աւարտուելու։ Միայն ասեմ, որ ժողովուրդը «Սասնայ ծռեր»ի կողքին է։ Սէրը նրանն է, իսկ անօրինական նախագահը արժանանում է համաժողովրդական ատելութեանը։