-Քանի՞ տարի անցաւ։
-Ինը տարի…
Ինը տարի առաջ նա դուրս եկաւ խմբագրութիւնից եւ չվերադարձաւ։ Այսօր Իսթանպուլ այցելող ամէն մի ազնիւ մարդ Սուրբ Սոֆեայից զատ կը փութայ Հալասքարկազի պողոտայ, որպէսզի խոնարհուի Տինքի յուշատախտակի առջեւ, որի վրայ արձանագրուած է սպանութեան, փաստը եւ ժամը՝ 15:05: Գուցէ նաեւ կայցելի Հրանդի շիրիմը եւ չափազանց բաւարարուած կը վերադառնայ տուն եւ կը պատմի շրջապատին իր այցելութեան մասին։ Այո՜, 2007–ի Յունուարի 19-ին Իսթանպուլը հարստացաւ դիտարժան վայրով…
Յիշում եմ, թէ ինչպէս մեզ խեղդեցին արցունքները, ի՛նչ ցաւ մտաւ մեր մէջ եւ ի՛նչ ծանրութիւն ընկաւ մեր սրտերի վրայ։ Սակայն ատելութիւնը տեղ չգտաւ մեր սրտերում, որովհետեւ… տեղ չմնաց ոչ մի ուրիշ զգացմունքի համար բացի վշտից։
7 տարի անց նրա 60-ամեակին ես գրեցի. «Ողբը մերն էր, ամօթը՝ նրանց, վիշտը մերն էր, անդառնալիութեան ցաւը՝ նրանց, հերոսը մերն էր, հերոսը՝ նաեւ նրանց»։ Խօսքը ազնիւ մարդկանց մասին էր։ Նրանց անհրաժեշտ է տարանջատել միւսներից, որոնց մասին հայերն ասում են «թուքրը մնում է թուրք» եւ «տեսա՞ք, որ Թուրքիայում աղաւնիներին սպանում են. միամիտ Հրանդը սխալուեց»։ Եւ նրա վերջին յօդուածը աղաւնու հոգեվիճակի մասին մտել է Հրանդի կենսագրութեան մէջ եւ բոլորը, շարադրելով նրա կեանքի պատմութիւնը, պարտադիր անդրադառնում են այդ յօդուածին, կարծես, հենց այդ գրութիւնն է կերտում Տինքի իրական դիմանկարը։ Այո՜, նա վախուորած աղաւնու պէս հայեացքը այս ու այն կողմն էր պտտում, դրա մասին կարող են վկայել բոլոր նրանք, ովքեր տեսել են Հրանդին վերջին շրջանին։ Տեսել են, բայց երբ նկատել են նրա հայեացքի մէջ քարացած տագնապը, որը շղարշի պէս պատել էր դէմքը, հետեւեալ պահին Հրանդը վերադարձել էր իր սովորական անվախ վիճակին եւ թող նրա տագնապի վկաներից գէթ մէկը խոստովանի, որ Հրանդը գանգատել կամ կիսուել էր նրա հետ այն սպառնալիքների վերաբերեալ, որոնք նախորդել էին սպանութեանը։ Նրա շարժումները նման էին աղաւնու շարժումներին։ Հոգեվիճակը նոյնպէս նման էր աղաւնու հոգեվիճակին, բայց աղաւնու նման լինել չի նշանակում աղաւնի լինել։ Զարմանալի էր, բայց ոչ ոքու նա բան չասեց։ Նրան հասցրել էին սպասողական վիճակի, նա ամէն վայրկեան հարուածի էր սպասում… Եթէ մարդուն ուժեղ հարուածեն, նա ցաւից կարող է գոռալ։ Եթէ մարդուն ծոծրակից ատրճանակով խփեն, նա կարող է մեռած ընկնել եւ արիւնով ներկել ընկած տեղը։ Բայց դա չի նշանակում, որ նրան վախեցրին։ Յաղթեցին։ Ընդհակառակը. եթէ հանճարներին հասկանալու համար ժամանակ է պահանջւում (այդ է պատճառը, որ նրանց հասկանում են սովորաբար մահից յետոյ), ապա Հրանդին հասկացան հենց նրա մահուան շնորհիւ։ Նա չվախեցաւ նայել մահուան դէմքին ակնապիշ։ Նա օր ցերեկով, տաք Յունուարեան ցերեկով հասակով մէկ փռուեց գետնին։ Դրանով էլ չբաւարարուած արդէն սպանուած Հրանդին երկար, շատ երկար պահեցին գետնին՝ չծածկած ոտնաթաթերը դէմ տալով աշխարհին…
Չեմ ուզում նայել այդ պատկերի վրայ, որ վայել չէր Հրանդին։ Ուզում եմ յիշել մի ուրիշ հանճար՝ Պարոյր Սեւակի «Ծնուել Եմ» բանաստեղծութեան տողերից, որոնք թերեւս գրուած են 1957-ին, երբ Հրանդը դեռ 4 տարեկան էլ չկար, բայց ճիշդ ու ճիշդ 2007-ի Յունուարի 19-ի ժամը 15։05-ի Հրանդի մասին են.
… Ես ծնուել եմ նրա համար,
Որ ցաւածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի զուարթ պարեմ.
Եթէ շուրջս խաւար լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մէկ փռուեմ գետին
Վհատութեան ճամբան փակեմ…