Պիտի շարունակէի խօսքս «Ոսկէ Ծիրան»ի մասին, սակայն 6-րդ համահայկական խաղերը ստիպում են փոխել մտայնութիւնս եւ անդրադառնալ այս չափազանց կարեւոր իրադարձութեանը, որն աւելին է քան միջոցառում, աւելին է, քան խաղեր, աւելին է, քան հիւրընկալութիւն եւ միասնութիւն։ Թւում է, թէ զգացական շրջանը վաղուց անցել էինք, երբ հայերը մէկտեղուեցին համաժողովի 2002-ին, իսկ մինչ այդ 1999-ին առաջին անգամ անցկացրեցին համահայկական խաղերը։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Որքան կարելի է հիւր լինել սեփական հայրենիքում
Սակայն զգացական կողմը միշտ կը պահպանուի հին ու նոր սփիւռքահայերի համար, որոնց մէջ միշտ կը գտնուեն նրանք, ովքեր Հայաստանը կ՚այցելեն առաջին անգամ, իսկ ինչ վերբերւում է հայաստանցիներին, ապա ոմանք կասեն, թէ որքան շատ են հայերը, որքան գեղեցիկ եւ ուժեղ, միւս կողմից էլ կը զարմանան, թէ որքան մեծ է արտագաղթի ծաւալը, որովհետեւ այս մէկտեղումը ցուցադրում ու ապացուցում է առաջին հերթին այդ տխրահռչակ փաստը։ Այնպէս որ մի զարմացէք, տեսնելով Օգոստոսի 2-ին Վազգէն Սարգսեանի անուան Հանրապետական մարզադաշտում լուսանկարուած երկրի ղեկավարութեան 4 անդամների՝ նախագահ Սերժ Սարգսեանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի, ԱԺ խօսնակ Գալուստ Սահակեանի, վարչապետ Յովիկ Աբրահամեանի անժպիտ դէմքերը։ Ժպիտը փոքր ինչ աշխուժացնում է Համահայկական խաղերի կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանի դէմքը, իսկ երկրի ղեկավարութիւնը իր օթեակից դիտում է արտագաղթի աննախադէպ աշխարհագրութիւնը, որի անմիջական ճարտարապետը հենց ինքն է։
Ռուսաստանից եկել են 368 մարզիկներ 16 քաղաքներից. Մոսկուա, Փեթերսպուրգ, Դոնի-Ռոստով, Վլադիմիր, Վորոնեժ, Տագանրոգ, Եկատերինպուրգ, Սոչի, Բարնաուլ, Չալտիր, Արմաւիր, Նովոչերկասսկ, Նիժնի Նովգորոդ, Տիւմեն, մի երկու քաղաքի անուններն էլ երբեք չէի լսել, Շախտի եւ Կոտելնիկի։ Այդ վերջին քաղաքը հազիւ 40.000 բնակչութիւն ունի, եւ այդ գիւղաքաղաքում են ապաստան գտել հացի խնդիր ունեցող հայաստանցիները…
«Բարի գալուստ հայրենիք,- ողջունում է նախագահ Սերժ Սարգսեանը,- ամենակարեւոր սկզբունքը մասնակցութիւնն է, այլ ոչ յաղթանակը…»։ Այնուհետեւ գրանցում է համահայկական խաղերի առաջընթացը. 1999-ից մէկ երրոդով աճել է մասնակից երկրների թիւը՝ 23-ից հասնելով 36։ Աճել է մասնակից քաղաքների թիւը՝ 63-ից 171։ Մասնակիցների թիւը 1.141-ից հասել է 6.352։ Նախկինում 7 մարզաձեւերը այժմ 17 են դարձել։
ԱՄՆ-ից 256 մարզիկ էր եկել 13 քաղաքներից. աւանդական Քալիֆորնիայի քաղաքներին Լոս-Անճէլըս, Գլենդեյլ, աւելացել էր, օրինակ, Ֆինիքսը՝ Արիզոնայի նահանգ։ Ֆրանսիան ներկայացաւ 144 մարզիկներով 9 քաղաքներից, որոնց մէջ ի թիւս աւանդական Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս, Վալանս անուններին աւելացել էր, օրինակ, Իսսի-լէ-Մուլինօ քաղաքը։ Յիրաւի աշխարհագրական նոր նուաճումներ են արձանագրւում։
Որտեղ վառուեցին ջահերը
Համահայկական 6-րդ խաղերի ջահերը վարուեցին Շուշիի Ս.Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարում, Լիբանանի Անթիլիասի Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում եւ Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ տաճարում, եւ այս տաճարներից ջահերը ուղեւորուեցին հայաշատ երկրներ՝ Գահիրէյից դէպի Պուէնոս-Այրես, Լոս-Անճէլըս… որտեղից հասել են Տադէյի վանքը Իրանում, այնուհետեւ Սիւնիք, Վայոց Ձոր, Արտաշատ, Կիւմրի…Վանից ջահը ուղեւորուել էր Պիթլիս, Տիգրանակերտ, Մուշ, Անի, Կարս, Ջաւախք, Սարդարապատ, վերջապէս, ջահերը մէկտեղուեցին Ս. Էջմիածնում, որպէսզի ստանան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը։
Սփիւռքի ջահը վառուեց Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որտեղ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը չափազանց կարեւոր միտք արտայայտեց.
«Համազգային համահայկական այս խաղերը մեր ժողովրդին համար մարտահրաւէր, կոչ, պատգամ եւ յիշեցում են, որպէսզի մենք բոլորս՝ Հայաստան, Ղարաբաղ, Սփիւռք միասնաբար համահայկական մտածողութիւն ձեւաւորենք, անոր տալով խորք, նպատակ, արժէք ու համահայկական մտածողութիւնը դարձնենք մեր մտածողութեան, գործելակերպին ու կենցաղակերպին առանցքային մտահոգութիւն»։
Ո՛վ չյուզուեց, դիտելով համահայկական խաղերի բացումը։ Երբ յայտարարւում էր Սպիտակ, Վանաձոր, նոյնիսկ Պուլղարիա կամ ԱՄՆ, ոչ մի յուզմունք չէինք զգում, սակայն երբ յայտարարեցին Սասուն, Պիթլիս, Տէրսիմ, Տիգրանակերտ, Մուսալեռ, Իսթանպուլ, Վան, Մուշ, Սամաթիա եւ այդ ամէնը ներկայացուեց ոչ թէ Թուրքիայի անուան ներքոյ, այլ՝ Արեւմտեան Հայաստանի, ապա հազիւ թէ որեւէ մի հայ իր ներսում ցնցում չապրեց այդ պահին, քանզի առաջին անգամ գիտակցուեց, որ Թուրքիան ընդամէնը ժամանակակից եւ ժամանակաւոր տարածքային անուանում է, իսկ իրականում անցեալը 100 տարի անց գլուխ է բարձրացնում եւ սկսում կոչել իրերը իրենց անուններով։ Այնպէս որ մի՛ ասէք, որ Վանի Ախթամար կղզում վառուեց Սփիւռքի ջահը, որովհետեւ իրականում վառուեց Արեւմտեան Հայաստանի ջահը եւ այսույետ Հայաստան, Արցախ, Սփիւռք սիւները կանգուն կը մնան միայն այն դէպքում, եթէ դրան աւելանայ չորրոդ սիւնը, որն է մեր կորսեալ, այժմ վերագիտակցուած հայրենիքը։ Բա՛ւ է, որ այն արմատաւորուի մեր գիտակցութեան մէջ։