Պատմական օրեր ապրեց Հայաստանը այս վերջին երկու շաբաթուայ ընթացքում։ Յուլիսի 6-ին իր աւարտին հասաւ կարեւոր մի փուլ, կապուած ժողովուրդ-իշխանութիւն հակամարտութեանը, որը տեղի ունեցաւ Բաղրամեան պողոտայի վրայ։ Չափազանց լարուած, նոյնիսկ տագնապալի օրեր էին՝ արթուն պահելով շարժման աքտիվիստներին եւ անքուն՝ իրենց միլիոնների համար իշխանութեան գլուխն անցած յանցաւոր ոհմակին։ Սակայն տագնապը ուղեկցւում էր ինքնահիացմունքով։ Մի բուռ հայ է մնացել օրէցօր հայաթափուող Հայաստանում։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Պատմական օրեր ապրեց Հայաստանը այս վերջին երկու շաբաթուայ ընթացքում։ Յուլիսի 6-ին իր աւարտին հասաւ կարեւոր մի փուլ, կապուած ժողովուրդ-իշխանութիւն հակամարտութեանը, որը տեղի ունեցաւ Բաղրամեան պողոտայի վրայ։ Չափազանց լարուած, նոյնիսկ տագնապալի օրեր էին՝ արթուն պահելով շարժման աքտիվիստներին եւ անքուն՝ իրենց միլիոնների համար իշխանութեան գլուխն անցած յանցաւոր ոհմակին։ Սակայն տագնապը ուղեկցւում էր ինքնահիացմունքով։ Մի բուռ հայ է մնացել օրէցօր հայաթափուող Հայաստանում։
Հայաստանում մնալու
պայմանները
Մնալու, չարտագաղթելու պայմանը անվերջ վճարումներն են՝ կազի, լոյսի, ջրի, աշխատանքի համար, վերջերս նոյնիսկ ուզում էին վճարում պահանջել արտագնայ աշխատանքի մեկնողներից։ Ասում են, եթէ գործարանները աշխատէին, ապա կազի սակագինը կը նուազէր։ Իսկ լոյսի համար քաղաքացին պարտաճանաչ վճարում է ի տարբերութիւն «Նաիրիտ», «Ռազդան ցեմենտ», «Արցախ էներգօ», «Գառնի», «Ձորաղբիւր» եւ այլ ընկերութիւնների, որոնք պարտք են ելեկտրոցանցերին։ Փաստօրէն Հայաստանի հիմնական եւ յաճախ միակ վճարողը դա շարքային քաղաքացին է։ Տնտեսութիւնը հիմնուած է մեր վճարումների վրայ։ Որքան աւելի քիչ մարդ է մնում երկրում, այնքան աւելի թանկ գին են վճարում ծառայութիւնների դիմաց մնացողները։ Անշուշտ սրա վերջը անհանդուրժողականութիւնն է, որը դառնում է Հայաստանում մնալու երկրորդ պարտադիր պայմանը։ Չկայ երկրում մէկը, որ դժգոհ չլինի, սակայն դժգոհներից քանի՞սն են պատրաստ իրավիճակը փոխելու համար ծեծի ու ջարդի ենթարկուել։ Իսկ այդքանից յետոյ իրենց արդար գործողութիւնների համար նրանք արժանանում են սխալ մեկնաբանութիւնների։ Թէ ինչպէս են մեկնաբանում ռուսական հեռուստաալիքները, բազմիցս գրել եմ. նրանց լրատուութիւնը դա քարոզ է, ուղղուած ԱՄՆ-ի, Եւրոմիութեան եւ Ուքրաինայի դէմ։ Մեր ցոյցերն էլ նրանք մեկնաբանեցին որպէս ԱՄՆ-ի միջամտութիւն, որը հրահրել էր ցուցարարներին յարձակուել ոստիկանների վրայ։ Հետաքրքիր է, որ այդ օրերին շատ հայեր, որոնք առանց ռուսական լուրերի կեանք չունեն եւ հալած իւղի տեղ են դնում իրենց վճարովի սուտերը, համոզուեցին, որ իրականութիւնը բացարձակ ոչ մի կապ չունի ռուսական մեկնաբանութիւնների հետ։ Սակայն շատ աւելի նողկալի է, երբ հայերը Հայաստանում եւ դրսում ամէնքն իրեն գիտունի տեղ դրած կրկնում են, թէ իբր այս ցոյցերը սարքած են, որ սա թատրոն է եւ այլն… Մե՛ղք։ Մե՛ղք մեր թերահաւատութեանը, լաւի մէջ անվերջ վատը փնտռելը։ Յատկապէս ցաւալի է, որ սկզբնական հիացմունքը փոխարինւում է հիասթափութիւնով։ Թէ իբր ինչու ցուցարարները «7 դրամի» վրա են շեշտը դնում եւ չեն գնում առաջ՝ քաղաքական պահանջներ ներկայացնելով, օրինակ, չեն պահանջում նախագահի հրաժարականը։
Բողոքի ցոյց լոյսի սակագնի
7 դրամով բարձրացման դէմ
Բաղրամեանի ցուցարարները հետեւում էին, որպէսզի իրենց բողոքը չկուսակցականացուի տարբեր կուսակցութիւնների կողմից եւ չքաղաքականացուի։ Օրինակ, մի գեղեցիկ երեկոյ Եւրոմիութեան դրօշը ձեռքին պարզած Բաղրամեան պողոտայ եկաւ վաղուց քաղաքական ծաղրածու դարձած «Ազգային Ինքնորոշման Միաւորում»-ի առաջնորդ Պարոյր Հայրիկեանը։ Այդպէս գիշերային թիթեռնիկներն են գալիս լոյսի վրայ եւ շուրջը պտտուելով-պտտուելով, վերջապէս այրւում են։ Գիտականօրէն դա անբացատրելի է։ Սակայն քաղաքականօրէն շատ պարզ է։ Աքտիվիստները Հայրիկեանին յորդորեցին դրօշը իջեցնել, բացատրեցին, որ սա սոցիալական ընդվզում է, ինչին նա իսկոյն առարկեց. «Ինչո՞ւ, ինչո՞ւ չէք քաղաքականացնում շարժումը»։ Ինչպէ՞ս հասկացնես նման անպտուղ քաղաքական գործիչներին, որ քաղաքական ըմբոստութիւնը ոչնչի է յանգեցնում եւ միայն սոցիալական պահանջներն են ի վիճակի քաղաքական տեղաշարժեր անել։ Եւ ո՞ր նախագահի մասին է խօսքը։ Այն, որ ամենալարուած պահին մեկնեց Պելկիա՝ Եւրոպական Ժողովրդական Կուսակցութեան համաժողովի՞ն։ Հայաստանի նախագահը Փութինն է։ Ահա Ռուսաստանը որոշեց յանձնել Պերմեակովի դէմ հարուցուած գործի վարոյթը հայկական կողմին, որպէսզի սիրաշահի հայ ժողովրդի սիրտը, խոցուած Ավետիսեանների գազանաբար սպանութիւնով եւ յատկապէս նրանով, որ քրէական գործը կասկածեալ Պերմեակովի դէմ վարելու է ռուսական կողմը։ Յետոյ տեղեկացանք, որ Ռուսաստանը մեզ ծախելու է «Իսկանդեր» հռթիրներ եւ 200 միլիոնանոց վարկ է տրամադրում, որպէսզի մենք այդ զէնքն առնենք։ Յետո՞յ։ Ելեկտրական ցանցերի տնօրէն Բիբինը, որը երբեք չի ղեկավարել առերես, այլ միայն սքայպով, բարեհաճում է գալ անձամբ Հայաստան։ Յիշո՞ւմ էք, 2013-ին Մոսկուայի մերձակայքում ավտոպուսը վթարի ենթարկուեց, որի արդիւնքում 18 մարդ զոհուեց, իսկ ավտոպուսի վարորդ Հրաչեա Յարութիւնեանը դատապարտուեց 6 տարի 9 ամիս ազատազրկման։ Ուրեմն լուրեր են պտտւում, որ նրան էլ կարող են յանձնել հայկական կողմին, որպէսզի պատիժը Հայաստանում կրի։ Ջրմուղը, որը պատրաստւում էր բարձրացնել ջրի սակագինը, մտափոխուեց՝ տեսնելով երիտասարդների շարժումը։ Վերջապէս Օգոստոսի 1-ին լոյսի սակագինը չի բարձրանալու։ «Ծովից ծով» պահանջող հայերը խիստ հիասթափուած են այս «կաթիլներով»։ Բայց ամենակարեւորը այս ամառուայ ձեռքբերումներից համարում եմ երիտասարդութեան կողմից մեզ բոլորիս տուած դասերը. ինչպէս կարելի է օրերով ընդվզել, մաքուր պահելով ընդվզման վայրը։ Ինչպէս կարելի է երկար ու ձիգ օրերն ու գիշերները համալրել բարձր ճաշակի երգով ու պարով։ Կիսուել հացով ու ջրով։ Յարգալից վարք ցուցաբերել միմեանց նկատմամբ։ Բիրտ ուժին պատասխանել բարութեամբ. ամենալարուած գիշերը Կիրակի Յունիսի 28-ին, երբ կեդրոնական փողոցներում երթեւեկութիւնը կասեցուել էր եւ մեծ քանակութեամբ առանց համարանիշների մեքենաներ էին կանգնեցուել ճամբեզրերին, իսկ Բաղրամեան պողոտայում զրատեխնիկա էր բերուել, ցուցարարները չնահանջեցին։ Աւելի պինդ պատ կազմեցին, նրանց միացան կուսակցական գործիչները, ընդդիմադիր պատգամաւորները, լրագրողները, շօու-պիզնեսի ներկայացուցիչները, Ղարաբաղում կռուած ազատամարտիկները…։ «Ջրել կայ, բռնել չկայ»- այսպիսի բարի պաստառ պահեցին ցուցարարները։ Նայելով իրենց շրջապատող անթիւ ոստիկանների աչքերին։ «Երկիրը երկիր է դառնում»,- եզրափակեց մի ուրիշ պաստառ։