Նախորդ թիւի մէջ՝ պատմելով կիլիկիացի-սիրիացի Աբրահամ Գիւրջեանի ընտանիքի մասին, հօր մահով վերջակէտ չդրեցինք, քանզի ընտանիքի բեռն ընկաւ Լուսինէ Գիւրջեանի մօր ուսերին, որը մնաց իր 6 անչափահաս երախաների հետ անծանօթ եւ տագնապալի միջավայրում գոյատեւման պայքարի մէջ։ Ստալինեան ահաբեկչութիւնը չէր նահանջում, մարդկանց տան դրան մօտ կանգ էր առնում սեւ մեքենան եւ տանում անյայտ ուղղութեամբ։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Նախորդ թիւի մէջ՝ պատմելով կիլիկիացի-սիրիացի Աբրահամ Գիւրջեանի ընտանիքի մասին, հօր մահով վերջակէտ չդրեցինք, քանզի ընտանիքի բեռն ընկաւ Լուսինէ Գիւրջեանի մօր ուսերին, որը մնաց իր 6 անչափահաս երախաների հետ անծանօթ եւ տագնապալի միջավայրում գոյատեւման պայքարի մէջ։ Ստալինեան ահաբեկչութիւնը չէր նահանջում, մարդկանց տան դրան մօտ կանգ էր առնում սեւ մեքենան եւ տանում անյայտ ուղղութեամբ։ Եթէ ասում էին «առանց նամակագրութեան իրաւունքի», ուրեմն անմեղ մարդուն գնդակահարում էին։ Այդ ահաբեկչութիւնը չէր շրջանցում նաեւ սիրիահայերին, ուստի Մարիամ Գիւրջեանը ամէն մէկի գլխավերեւը կապոց էր պահում առ ի դէպ։ Նա մահացաւ 1965-ին 54 տարեկան հասակում։
Առաջին իսկ յարմար պահին ներգաղթած սիրիահայերը արտագաղթեցին Հայաստանից։ Լուսինէ Գիւրջեան-Թաշչեան ընտանիքը հաւատարիմ մնաց հայրենի հողին։ Զեյթունցի Լուսինէն բնակւում է Երեւանի Զեյթուն թաղամասում ճիշդ Յաղթանակի այգու դիմաց։
Ամենասուղը մերն է
Այժմ հայեացքներս շրջենք դէպի Բաղրամեան պողոտայի ցոյցերը, որոնք առաջացան 17 Յունիսին ելեկտրոէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելու կառավարութեան որոշման արդիւնքում։ 2 տարուայ մէջ երրորդ անգամն են բարձրացնում, բացատրելով այդ փաստը Էլեքտրոցանցերում առկայ «չարաշահումներով»։ Սակայն իրենց ասած չարաշահումները ժողովուրդի լեզուով ոչ այլ է, քան թալան։ Մեր երկրում, որն ունի ատոմակայան, հիդրոկայան…ամենասուղ սակագինն է քիլօվատ-ժամի համար ԱՊՀ-ը երկրներից. օրինակ, Ուքրաինայում 1 քիլօվատ-ժամի համար վճարում են 30.78 դրամ, Բելառուսում՝ 45.49, Ռուսաստանում՝ 37.91, Վրաստանում՝ 27.52, իսկ Հայաստանում՝ 48.78…
Ազատութեան ոգին
Այսպիսի ապրումներ արդէն ունեցել էինք 1988-ին։ Պաշտօնական ղեկավարութիւնը օպերայի եւ պալէի թատրոնի հրապարակը անուանում էր Թատերական, բայց ժողովուրդը վերանուանեց այն Ազատութեան հրապարակի։ Արտասահմանցիները շտապում էին այստեղ, որպէսզի շնչեն ազատութեան օդը, քանզի ազատ երկրներում սուր չի զգացւում ազատութեան կենսարար հոսքը, իսկ այստեղ այն բռնկուեց այնպիսի հզօրութեամբ, որ բերեց յաղթանակի Արցախեան պատերազմում։ Մինչ հերոսները պայքարում էին յանուն հայկական հողի, միջատանմանները սեփականցնում էին Սովետական Միութիւնից մնացած ժառանգութիւնը։ Նրանք էլ իշխանութեան գլուխ եկան։ Արուեստն ու մշակոյթը սկսեցին ծառայել իրենց խորովածային ճաշակներին եւ որպէս այդպիսին վերացան։ Անունները դարձան փոքրացուցիչ՝ Գագօ, Վզգօ, Ռուբօ, թէպէտ անուններ կան, որոնք չեն փոքրանում՝ Ազատ, Արմէն, Աշոտ, Կարէն…
Ահա թէ ինչ է գրում Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսեանը. «Հայաստանը աշխարհի ամենահզօր երկիրն է։ Փորձէք ցանկացած երկրում իշխանութեան գլուխ բերել գրպանահանտներին, թմրամոլներին, մանկապիղծներին, խաղամոլներին, մարդասպաններին, աւազակներին եւ այդ երկիրը մէկ ժամ իսկ չի գոյատեւի։ Իսկ մենք ամբողջ յանցաւոր ռեսուրսին պաշտօններ բաժանեցինք, այսպիսով ոչ թէ մեկուսացրինք, այլ մերձեցրինք, չվախենալով, որ ջուրը կը պղտորեն։ Եթէ ընտրէինք ամենաազնիւ անհատին, համոզուած եղէք, որ հետեւեալ օրը օտարները նրան կը վերացնէին։ Այս օրերին ամբողջ ազգը ազնուանում է եւ ինքնամաքրման ճանապարհով դառնում աշխարհի ամենահզօր երկիրը։ Պինդ կաց, հայ ժողովուրդ։
Ազատութեան պողոտայ
Մենք յանցագործներին չմեկուսացրինք, բայց նրանց մեկուսացրեց իրենց իսկ անկուշտութիւնը։ Կայ Երեւանում նաեւ Ազատութեան պողոտայ, որը ենթարկուեց իշխանաւորների ամենաթողութեանը։ Յաղթանակի այգին անգթօրէն ծառահատեցին, որպէսզի Կոլտէն Փալաս հիւրանոցը կառուցեն, իսկ պողոտայի աջ թեւին գտնուող այգին ի սպառ վերացրին եւ իրենց դղեակները կանգնեցրին ի ցոյց աղքատ ժողովրդին։ Հենց այդ դղեակները բանտերի են նման, քանզի իրենց պահակախումբը օր ու գիշեր հսկում է տարածքը։ Վերջերս պարիսպով շրջապատեցին, նոյնիսկ երկու պարիսպներով։ Այս անգամ հսկում են, որպէսզի համարձակները հայհոյանքներ չգրեն, որոնցից ամենաանմեղը «Էկոցիդ» եւ «Թալանչիներ»ն է։ Յատուկ աշխատող են վարձել, որն ամէն երեկոյ մաքրում է քֆուրները եւ նրան իր հերթին վերահսկում է մի տմարդ։ Իշխանաւորները իրոք բանտարկուած են. նրանք չեն կարող տեղաշարժուել առանց թիկնապահների, նրանց առանձնատները վերահսկւում են եւ նրանք տեղ չունէն ազնիւ ժողովրդի մէջ։ Եթէ նրանցից որեւէ մէկը հանդգնի մարդկանց մէջ յայտնուել, ապա նրան թրքերէն հայհոյանքով կը վտարեն, ինչպէս դա արեցին կրթութեան նախարար Արմէն Աշոտեանի հետ Բաղրամեան պողոտայում։
Մենք ունենք ապագայ
Այսպիսի ապրումներ արդէն ունեցել էինք 1988-ին։ Սակայն տարբերութիւնը մեծ է։ Այն ժամանակ մենք՝ ձերբազատուած սովետական ռեժիմի գերութիւնից, խօսելու իրաւունք էինք ստացել եւ ունէինք առաջնորդներ։ Այսօր ամբողջ նոր սերունդն է առաջնորդ դարձել առանց որեւէ առանձին առաջնորդի, այդ է պատճառը, որ նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկին ոչ ոք չարձագանգեց, պահանջելով, որ հանդիպումը տեղի ունենայ ուղիղ եթերում հրապարակօրէն, ինչին չհամաձայնեց նախագահը։ Այսօր ողջ աշխարհն է նայում մեր վրայ եւ չի հասկանում, թէ այս ի՞նչ բողոքի ցոյց է երգի եւ պարի եղանակով եւ ինչպէ՞ս կարելի կենաց - մահու կռիւ տալ 7 դրամի համար։ Հանրահաւաքը, լքելով Ազատութեան հրապարակը, գրաւեց Բաղրամեան պողոտան, որը Երեւանի դեսպանատների վայրն է, նաեւ Ազգային Ժողովի, որը ծառայում է միայն հանրապետական կուսակցութեան շահերին, նախագահի գլխաւորութեամբ։ Երիտասարդների վրայ ջրցաններ պահեցին։ Բռնութիւն կիրառեցին։ Նրանք չընկրկեցին։ Ներեցին։ Պարզապէս շատացան։ Վախը մտաւ իշխանաւորների սրտերը։ Վախն ու դողը։ Վախ մի սերունդի առջեւ, որը յենարան ունի եւ այդ յենարանը դրամատներում չէ, իշխանութեան մէջ չէ, ոչ էլ դղեակներում։ Նոր հայերի ուժը իրենց մէջ է։ Նրանց մի քայլ է մնում, որ նրանք առաջիկայում մտնեն Ազգային ժողով եւ կառավարութիւն։ Անցնելով քաղաքացիական պայքարի բովով, նրանք վերջ կը դնէն թալանին եւ իրօք ժողովրդավարական որոշումներ կը կայացնեն։ Երգով ու պարով… Եւ վերջապէս այս երկիրը կը դառնայ ցանկալի աշխարհահայութեան համար։