ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կարո Պայլան․ «Նախապես ծրագրված լինչի նախաձեռնություն է»
Երեկ թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելիության քննարկումների ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը մամլո հաղորդագրություն է տարածել։ Պայլանի համոզմամբ՝ երեկ տեղի ունեցած հարձակումները նախապես ծրագրված են եղել և ուղղված են եղել իր դեմ՝ իր հայկական ինքնության պատճառով։
Դեմիրթաշ․ «Եթե ժողովուրդը ցանկանա, մեկից ավելի խորհրդարան կկազմի»
ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է անձեռնմխելիությունների չեղյալ հայտարարման մասին․ «Առաջադիմություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ՝ AKP) գործիքը դարձած դատարանները փորձելու են մեր մի խումբ պատգամավորների լինչի ենթարկել։ Լու՞ռ ենք մնալու այս ամենի դեմ։ Թույլ չենք տալու մեզ դատել ձեզ պատկանող դատարաններում։ Մեզանից ոչ մեկ ցուցմունք տալու համար ոստիկանություն, դատախազություն, դատարան չի ներկայանալու»։
Անձեռնմխելիությունից զրկելու առաջարկն ընդունվեց
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) սահմանադրական հանձնաժողովը երեկ քննարկել է ԹԱՄԺ որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու սահմանադրական փոփոխության առաջարկը։ Վեճերով լի քննարկում է տեղի ունեցել։ ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) պատգամավորները հեռացել են քննարկման սրահից, որից հետո քննարկումն ընթացել է առանց նրանց մասնակցության։ Հանձնաժողովն ընդունել է սահմանադրական փոփոխության առաջարկը։