Մինչեւ 2018 թիւ Մաշտոցի պողոտայի վրայ միշտ ծառերին տեսնում էի ագռաւներին եւ իրենց բոյները, իսկ երբ հասնում էի եղբօրս տուն Մաշտոցի վրայ, նա ինձ պատմում էր նրանց զարմանալի վարքագծի մասին, որին հետեւում էր պատշգամբից։ Նա անուններ էր դրել ագռաւներին։ Սակայն հիմա նրանք այլեւս չկան։ 2018-ից...
Այո, ագռաւները խելքով զիջում են մարդկանց, եւ խելքը նրանց չի խոչընդոտում զգալ այն փոփոխութիւնները, որոնք կատարւում են էներգետիկ դաշտում, իսկ ագռաւները 3,5 տարի առաջ զգացին մօտալուտ աղէտը։
Յիշո՞ւմ էք Թումանեանի տողերը նամակից, գրուած Իսահակեանին.
«Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու աւազակներ, մի մասը ապիկար թշուառականներ, եւ չերեւաց մի բազմութիւն, գոնէ մի խմբակ, որ վերածնուող երկրի շունչն ու բարոյական կարողութիւնն յայտնաբերէր։ Էսքան աղէտի ու պարտութիւնների մէջ ո՛չ մի մեղաւոր չերեւաց, ոչ ոք ո՛չ պատասխանի կանչուեց, ո՛չ պատասխան տուեց։ Եւ շարունակւում է. այժմ էլ նոյն մարդիկը նոյն ճանապարհներով...
Եւ ո՛չ մէկը գոնէ անձնասպան չեղաւ, որ ապացուցաներ, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ էս մարդկանց մէջ, կամ էս ժողովրդի մէջ»։
Նոյեմբերի 22-ին վարչապետը տեղեկացրել էր, որ Նոյեմբերի 23-ին օրը դիմատետրի եթերում ասուլիս է տալու, պատասխանելով ԶԼՄ-րի եւ ՀԿ-ի հարցերին։ Politik.am կայքի խմբագիր, արեւելագէտ Պորիս Մուրազի Թամոյեանը պատրաստել էր հետեւեալ հարցը. «Պատմութիւնից տասնեակ օրինակներ գիտենք, երբ առաջնորդը չփլանաւորուած պարտութեան է տանում իր պետութիւնը եւ դիմում է ինքնասպանութեան, քանի որ իր համար անտանելի է իր ժողովրդի դժբախտութիւնը։ Եթէ այս պատերազմը պլանաւորուած չէր եւ դուք դրա մասնակիցը չէիք, ապա ինչո՞ւ ինքնասպան չեղաք։ Երբեւէ մտածե՞լ էք ինքնասպան լինելու մասին։ Յուսով եմ չէք վախենայ այս հարցին պատասխանել»։ Պատասխան չեղաւ, որովհետեւ հարցերը զտուած էին եւ ամէն հարց չհնչեց եթերում։
Բայց ինքնասպանութիւն եղաւ։ Նոյեմբերի 20-ին ճարտարապետ, մշակութաբան Դաւիթ Պետրոսեանն իրեն ցած գցեց Կիեւեան կամրջից...
Սկզբից կարդացի նրա ընկերոջ այս տողերը.
«Դաւիթը ցանկացած իրավիճակում արագ լուծում գտնող էր։ Չկար անլուծելի խնդիր, միակ ցաւն իր սրտի Հայաստանն էր, Հայաստանի ներկան, մշուշոտ ապագան։ Տեսակով շիտակ, անկաշառ ազգայնական էր, ու ազգայնականութեան մէջ էր տեսնում Հայաստանի ապագան։ Նա գիտէր, որ Հայրենիքն ունի իր կարիքը, նա գիտէր, որ իր նման տղերքը շա՜տ քիչ են, ու այդ քչութեան մէջ գիտէր ամէն շիտակ ազգայնականների արժէքը։
Նա գիտեր, վստահ նա գիտեր, որ իր նման տղերքի պակասութիւնն է խեղճացրել Հայաստանն ու հայութեանը։
Անհնար է հաւատալ, անհնար է ...»։
Դիմատետրի էջը Դաւիթը մէկ տարի է, ինչ ջնջել էր, ուստի նրա մասին գրեցին ընկերները։ Ահա յաջորդ արձագանգը.
«Այսօր կրկին ձեռքս վերցրի Դաւիթի գիրքը, որն ինձ Ապրիլեան 4-օրեայ պատերազմի 3-րդ տարելիցի օրը Եռաբլուրում նուիրեց Դաւիթը։ Արագ-արագ թերթում եմ գիրքը, փնտռում...։
Մինչեւ գտայ այս տողերը.
«Կարսը ընկել էր։ Ուրեմն՝ ամէն բան վերջացել էր։ Ուրեմն Հայաստանի անկախութեան օրերը հաշուած էին։
Ահ, լա՛ւ էր, որ գիշեր էր, որ խաւար էր, որ ցուրտ էր։ Եւ Հերեանը քիչ էր մնացել բարձրաձայն պոռայ, աղաղակի, հեկեկայ։
Արիւնը երեսին էր խուժել. ամաչում էր։
Սաւառնորդը պատմել էր դժբախտութեան բոլոր մանրամասնութիւնները։ Մեծամասնականները մտել էին զինուորների մէջ եւ նրանց համոզել ոչ մի դիմադրութիւն ցոյց չտալ տաճիկներին, որովհետեւ նրանք գալիս էին իբրեւ բարեկամներ։ Սպաներից մէկը, Մազմանեանը, այս անպատուութիւնը չկարողանալով տանել, ատրճանակը հանել էր եւ զինուորների առջեւ ինքնասպանութիւն գործել»։
Միակ լուսաւոր կէտը դա՛ էր՝ ինքնասպան հրամանատարի դիակը...
Այո՛, աւելի լաւ էր մեռնել, աւելի լաւ էր...
***
Կարսի յանձնմանը յաջորդեց Ալեքսանդրապոլի գրաւումը։ Վերսկսուեց թուրքական խրախճանքը...
Կարսա գետը դարձեալ կարմրեց։
Քաղաքը լցուեց դիակնաբուրգերով, գիւղական մարագները դարձան ողջակիզման վառարաններ, ձորերը՝ սպանդանոցներ։ Թրատուեցին տասնեակ հազարաւորներ, մորթուեցին ծերեր, խոշտանգուեցին կանայք, պղծութիւնից անշնչացան չքմեղ դեռատիներ, գլխատուեցին մանկիկներ։
Լռեցուեցին հայ բարուրներ...»։
Կարսի 1920թ. ինքնասպանները
Դաւիթ Պետրոսեան, Երեւան 2019
Դաւիթը եղել էր «Շիրակացու ճեմարան»ում արուեստի ամբիոնի վարիչ, աշխատում էր «Հայ Ասպետ» դպրոցում եւ Հայաստանի պատմութեան թանգարանում։
«Ազգային Ատեան» հասարակական միաւորման համահիմնադիրն էր։
Հեղինակել է երկու խիստ կարեւոր գրքեր.
Կարսի 1920թ. ինքնասպանները
«Սասնա ծռեր» ազգային կտակարանի խրատաբանութիւնը
Մասնակցել էր Արցախեան 44֊օրեայ պատերազմին»։
Այժմ կարդանք մշակութաբան Դաւիթ Պետրոսեանին.
«Թող Լռէ Մունջը,
Անդամալոյծը»
1 Օգոստոս 2020
Ռուսամետներն ու Խորհրդային կարօտախտով համակուածներն ասում են՝ Հայաստանն Արեւմուտքի գաղութն է։
Արեւմտամէտները, ՆԱՏՕ-ականները, սորոսականներն ու վայրի նէոլիպերալներն ասում են՝ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է։
Այս երկու տկարամիտ կողմերը՝ հոգեւոր թզուկները, միասին վերցուած իսկապէս ճշմարիտ են, Հայաստանն, անշուշտ, բազմատէր գաղութ է, բայց սրանց գզուռտոցն այդպէս էլ թոյլ չտուեց նկատել թուրքական 30-ամեայ ներկայութիւնը Հայաստանում, որի տարածուածութեան ու խորացուածութեան մասշտաբները չէք էլ կարող պատկերացնել։ Իսկ պատկերացնել չէք կարող, որովհետեւ մտաւոր մակերեսայնութիւնը եւ որկորայնութիւնը խեղդել են ձեզ։ Արդիւնքում՝ դէպի կազմաքանդում սլացող վերջին հանրապետութիւն ու ինքնասպանութեան գնացող մի բուռ ժողովուրդ։
Գիտէ՞ք, որ ապրելու իրաւունքը միայն ծնուելով ու վերածնուելով չի տրւում։ Իրենց ներկան անցեալի դասով չկերակրող ազգերը չեն ստանում ապագայի իրաւունք, չե՚ն ստանում։ Գոնէ վերջին 100 տարում փորձեցի՞նք վաստակել արեւի տակ մեր տեղն ունենալու այդ իրաւունքը, ուրիշների պէս յօրինեցի՞նք մեր ազգային երազանքը, գոնէ մէկ ժամ ազգովին ճգնեցի՞նք դրան հասնելու համար... Ունակ եղա՞նք, կամեցա՞նք ստեղծել մեր Թուրանը, մեր Սիոնը, մեր Մետաքսի ճանապարհը, մեր American dream-ը, մեր Наша держава-ն... Ո՛չ ունակ եղանք, ո՛չ էլ կամեցանք։ Այժմ, եթէ ժամանակը բարեհաճ գտնուի, կա՛մ կ՚ունենանք նոր՝ ազգայնական, օրակարգ՝ դուրս գալով արտաքին կառավարումից եւ առաջնորդուելով ներցեղային բարոյականով, կա՛մ կը շարունակենք ուրախանալ լաւ որակի ասֆալտով, որը թուրքը սիրով կը վայելի, իսկ եթէ հրաժարուենք ազգայնական օրակարգից, ուրեմն կը լռենք յաւիտեան... սակայն «թո՛ղ լռէ մունջը, անդամալոյծը, կամ՝ որոց քաղցր է թշնամու լուծը, բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ՝ ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ. գոնէ մեր փառքը մահով հետ խլենք ու այնպէս լռենք»։
Ի՞նչ է լինում մարդու հետ, երբ նա իրեն ցած է գցում կամրջից. մարմինը զարնւում է գետնի՞ն, ո՛չ, ողջ երկրագունդն է իջնում գլխին իր բոլոր շինութիւններով եւ բնակչութեամբ հանդերձ։