Երեւանի Նկարիչների Միութիւնում Նոյեմբերի 16-21 –ին կայացաւ վաստակաւոր նկարիչ Վլատիմիր Աբրահամեանի անհատական ցուցահանդէսը, նուիրուած նրա 80-եայ յոբելեանին։
Ամէն անգամ, երբ այցելում եմ որեւէ հայ նկարչի ցուցահանդէսը, որին մինչ այդ ծանօթ չէի եւ պարզւում է, որ տեսածս մեծ արուեստագէտի գործեր են, ինձ այնպէս եմ զգում, ինչպէս ծառաւած լեռնագնացը, ով լեռներում անսպասելիօրէն գտնում է բաղձալի ջրի աղբիւր։ Այս անգամ այդ նկարիչը Վլատիմիր Աբրահամեանն էր, ով էութեամբ ազնիւ, պարզ ու մաքուր էր, ինչպէս լեռնային աղբիւրը։ Այո՛, բարձր արուեստն է մեր հացն ու ջուրը, յատկապէս այս տագնապալի ժամանակներում, երբ յոյսի մի նշոյլ անգամ չի արկայծում, եւ շնորհակալութիւն մեծն արուեստագէտի ընտանիքին, տիկնոջն ու երեք որդիներին եւ Աբրահամեանի հարսին՝ Նարա Եփրեմեանին, ով լինելով արտ մենեջեր՝ 10 տարի է եղել է Վարպետի ցուցահանդէսների կազմակերպողն ու համադրողը։ Ափսոս, որ Վլատիմիր Աբրահամեանը կեանքից հեռացաւ անցեալ տարի, եւ այս անգամ իր անհատական ցուցահանդէսը, նուիրուած նկարչի 80-ամեակին կայացաւ առանց իր ֆիզիկական ներկայութեան։ Սակայն շատերի համար իր արուեստը եղաւ բացայայտում, ծնունդ մի նոր, մինչ այդ չտեսնուած Աստղի հայկական կերպարուեստի երկնակամարին։
Սրահ մտնելուն պէս հասկացայ, որ նկարչի տաղանդն աշխարհի չափ մեծ է, իսկ դա նշանակում է, որ աշխարհը պէտք է նրան ճանաչէր, բայց մի՞ թէ մենք ինքներս ճանաչում ենք մեր մեծութիւններին։ Կասկածում եմ։ Ուստի մեծութիւնները կարիք ունեն անցնել ճանաչման ուղին, որը հանդէս կու գայ առաջին հերթին որպէս ինքնաճանաչում, այնուհետեւ աշխարհաճանաչում, որովհետեւ արուեստագէտը, որքան էլ սնուի ազգային աւանդոյթներից, միեւնոյնն է, նա չի մնում ազգային մշակոյթի շրջանակներում. իր արուեստը դա ներդրում է համաշխարհային արուեստի շտեմարանի մէջ։
Սովորաբար մարդիկ կերպարուեստի գործերն ընկալում են համեմատութեամբ։ Համեմատում են կամ բնօրինակին, այսինքն բնութեան հետ եթէ դա բնապատկեր է, կամ տուեալ մարդու հետ, եթէ դա իր դիմանկարն է, իսկ ով քիչ թէ շատ ծանօթ է արուեստի պատմութեանը, ապա համեմատում է այս կամ այն յայտնի ստեղծագործողի հետ։ Օրինակ, մի այցելու կարծես գաղտնիք բացայայտեց,եւ սրահից դուրս գալու ժամանակ նետեց, թէ «Ազդուել է Մոդիլիանիից»։ Գտաւ նմանութիւնը Մոդիլիանիի (1884-1920) հե՞տ, իսկ Փոլ Սեզանի, Փիկասոյի հետ նմանութիւն չգտա՞ւ արդեօք։ Կամ Բաժբեուկ-Մելիքեանի եւ Սեդրակ Առաքելեանի հետ։ Մէկը միւսի նման են, ինչպէս մի մարդը՝ միւսին, եւ այնուամենայնիւ նման չեն, ինչպէս մի անհատականութիւնը՝ միւսի։ Մեծ արուեստագէտը ոչ ոքու նմանակը չէ, նրա արուեստը դա ծածկագիր է, որը վերծանելով հնարաւոր է գտնել համաշխարհային կերպարուեստի նկարագիրը։ Վլատիմիր Աբրահամեանն ուսումնասիրել էր դա սկզբից Թերլեմեզեանի անուան գեղարուեստական ուսումնարանում, յետո՝յ Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտում, այնուհետեւ դասաւանդել էր այդ ուսումնական հաստատութիւններում։
Ծնուել է 1941-ին Հրազդանի շրջանի (այժմ Կոտայքի մարզ) Բջնի գիւղում։ Ընտանիքում ոչ ոք չէր նկարում, Վլատիմիր Աբրահամեանի ուսուցիչն ու ոգեւորողն եղել է իր գիւղի գեղեցկութիւնը, որը նա սկսել է պատկերել արդէն Երեւանի Նորքի միջնակարգ դպրոցում սովորելիս...
Ցուցահանդէսում առաջին անգամ ցուցադրուեցին Աբրահամեանի նկարազարդումները։ Ձեւաւորել էր 300 գիրք։ Կարդում էինք այդ գրքերը՝ հեքիաթներ, վաւերագրական, պատմական կամ գեղարուեստական, եւ չէինք անդրադառնում նկարազարդման հեղինակին. այցելուները առանձնայատուկ բերկրանք ապրեցին անակնկալ բացայայտումից...։