ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Շնորհաւորում եմ բոլորիդ մեր ամենանուիրական տօնի՝ ՀՀ Անկախութեան 29-րդ տարելիցի առթիւ։ Հայաստանի անկախութիւնը մեր պապերի դարաւոր երազանքն էր, որ իրականութիւն դարձաւ հայ ժողովրդի բազմամեայ պայքարի շնորհիւ։ Երազանքները՝ համազգային կամ անձնական, անհրաժեշտութիւն են, իսկ նրանց իրականացման համար ապրելը՝ իւրաքանչիւրիս առաքելութիւնը։
Կան երազանքներ ու նպատակներ, որոնց իրականացմանը մենք նուիրումով եւ սրտի թրթիռով ենք սպասում։ Սպասում ենք չիմանալով՝ այն կը կատարուի՞, թէ՝ այդպէս էլ կը մնայ անիրականանալի։ Սպասում ենք, որովհետեւ հաւատում ենք։ Սպասում ենք, որովհետեւ սպասման ծարաւ ենք։ Եւ վերջապէս սպասում ենք, որովհետեւ ասում են՝ երազանքներն իրականանալու յատկութիւն ունեն։ Մէկ օր բացում ես աչքերդ ու հասկանում՝ երազանք տանող ճանապարհը շատ դժուար ու խոչընդոտներով լի է եղել, բայց դու հասել ես երազանքիդ իրականացմանը։ Հասել ես, որովհետեւ քո կողքին եղել են մարդիկ, ովքեր քեզ հաւատացել ու հաւատացրել են, որ շատ քիչ ճանապարհ է մնացել։ Երազում եմ այլեւս չկարօտել, ոչ ոքի չկարօտել»-ասում է Արաքս Յարութիւնեանը, ով վերջին 4 տարիներին ապրում եւ աշխատում է Իսթանպուլում։ Մեզ հետ զրոյցում Արաքսը պատմեց, որ 11 տարի աշխատել է DA connexion Armenia (Սփիւռք-Հայաստան կապ) բարեգործական կազմակերպութիւնում իբրեւ ծրագրերի ղեկավար եւ սոցաշխատող։ Սոցիալական դժուարութիւններից ելնելով՝ եկել է Թուրքիա՝ արտագնայ աշխատանքի։
-Ապրելով հարազատ եզերքից հեռու՝ անվերջ կարօտում ենք եւ լռելով ենք կարօտում։ Ո՞ւմ էք կարօտում։
Կարօտում եմ տունս, հարազատներիս ու ընկերներիս, Հայաստանում անցկացրած տարիներս։ Ցաւով պէտք է նշեմ, որ կարօտով մնացի մայրիկիս շիրիմին։ Համավարակը, փակ սահմանները թոյլ չտուեցին մասնակցել մայրիկիս յուղարկաւորութեան արարողութեանը։ Օրուայ աղօթքս է՝ վայրկեան առաջ հասնել նրա շիրիմին, որ հոգիս խաղաղուի։
-Ո՞ւմ հետ էք այստեղ ապրում եւ ի՞նչ աշխատանք էք կատարում։
-Ապրում եմ քրոջս ընտանիքի հետ։ Թուրքիայի քաղաքացիութիւն առայժմ չունեմ, ընդամէնը կացութեան իրաւունք ունեմ, ինչը հնարաւորութիւն չի տալիս մտնել պետական աշխատանքի։ Քանի որ տիրապետում եմ մի քանի օտար լեզուների՝ ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն, ինչպէս նաեւ թուրքերէն, շաբաթուայ մի քանի օրը կատարում եմ դասապատրաատումներ։ Իսկ միւս օրերին էլ զբաղւում եմ տնայնագործութեամբ, որքան էլ որ դժուար լինի։
-Կողք կողքի ապրելով թուրք ժողովրդի հետ՝ ի՞նչ էք արձանագրել։
-Թուրքերը աշխատասէր եւ գործնական են։ Մեր դէպքում կեանքն այնպէս է դասաւորուել, որ հայ-թուրքական յարաբերութիւններ եւ հայ-թուրքական փակ սահմաններ են ստեղծուել։ Յայտնի իրողութիւն է, որ դարերով հայ եւ թուրք ժողովուրդները՝ սովորական մարդիկ, միշտ համերաշխ են եղել, խաղաղ գոյատեւել են միասին։ Մենք շատ ընդհանուր կողմեր ունենք։ Ինձ համար հեշտ է աշխատել ե՛ւ հայերի, ե՛ւ թուրքերի հետ, քանի որ արդէն տարիներ շարունակ օտարերկրացիների եւ սփիւռքահայերի հետ աշխատելիս ձեռք եմ բերել այդ փորձառութիւնը։ Շատ եմ ճամբորդել, եղել եմ շատ երկրներում՝ ծանօթանալով տարբեր մշակոյթների հետ։ Առիթ եմ ունեցել տեսնելու Արեւմտեան Հայաստանը։ Տպաւորուել եմ Վանով, Վանայ լճի գեղեցկութեամբ, Վանի ժողովրդի ջերմութեամբ։
-Վերջին շրջանում Հայաստան վերադարձածներից ինչե՞ր էք լսում։ Վերադառնալու մտադրութիւն ունէ՞ք։
Առայժմ հիմնական վերադառնալու ծրագիր չունեմ։ Եւ դեռ մտադիր եմ Թուրքիայում մի քանի տարի եւս մնալ։ Հայաստան վերադարձածներից յաճախ լսում եմ, որ փոշմանել են վերադառնալու համար, քանի որ նորից աշխատանք չկայ եւ հարկերն են բարձր։
Յ. Գ. Անկախութեան 29-րդ տարելիցն է, սակայն դեռ բաբախում է արտագաղթի սիրտը, չբաբախել չի կարող։ Հացի խնդիր է, թէ՞ կասէք՝ դուք աւելի հայրենասէր էք, քան նրանք։ Նրանք, որ կորցրել են իրենց աչքերի իրական ժպիտը, նրանք, որ կորցրել են իրենց տարիները, իրենց ընտանիքի ամենակարեւոր օրերը՝ հարսանիք, թաղում, ծնունդ։ Նրանք ապրել ու աշխատել են դժուար պայմաններում, սակայն երբեք չի մարել նրանց հոգու՝ հայի հոգու հիմնը՝ «Մեր հայրենիք»ը։
«Հիմա մենք ենք մեր ե՛ւ իշխողը, ե՛ւ հպատակը. ոչ ոք, խեղճ անուանեալ մեր Աստծոյ առաջ ուրիշ ոչ ոք չի վայելելու մեր ազնուութիւնն ու պատիւը, ոչ ոք չի տիտղոսաւորելու մեր իւրաքանչիւրի բարձրութիւնը, չի նշանակելու մեր նուաստութիւնը, շքանշանով չի դրոշմելու մեր նուիրումը մեր գործին - մեծ վկան ու պարգեւը ինքը հայոց մեր տունն է լինելու եւ մեծ մեղադրողը մեզ՝ այդ տան թերին։
Տուն ենք բարձրացնում, որ երեւալու է աշխարհի բոլոր ծագերից եւ բոլորիս հպարտութիւնն է լինելու, եւ նրա վառ կերոնները լոյս են խփելու աշխարհի բոլոր անկիւններում ու ստուերների մէջ հայորդի են փնտռելու, ազգային դէմք ու հպարտութիւն են շնորհելու նրանց։ Նրա գոյութիւնը բարձրերիս վեհացնելու, ընկածներիս բարձրացնելու, խոնարհներիս շտկելու է, անուանիներիս նա ազգանուն է շնորհելու, անանուններիս՝ ինքնութիւն եւ անտէրներիս տիրութիւն։
Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում, եւ նրա մեր կարեկից ողորմութիւնը չի խնդրում, կարեկցել ուզում եւ կարողանում են նաեւ օտարները, քանզի կարեկցանքը պարոնտիրոջ վերաբերմունք է առ ողորմելին,- Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների մեր ամենամեայ, ամենօրեայ, այսժամեայ հաւատաւոր ջանքը։ Նրա նուաստութիւնը վաղուայ օրով - այս պահին մեր ստոյգ դաւաճանութիւնն է։ Հիմնովին ցնցուած մեր հին երկրում Հայրենիք ենք բարձրացնում եւ նրա պարիսպները քարօրէն համր են մնալու այսօրուայ մեր թերահաւատների առջեւ, եւ նրա բարձր կամարները բարի յուշեր են ղօղանջելու մեզանից նրանց մասին, ովքեր իրենց շատից շատը եւ քչից քիչը դրեցին նոյն այդ կամարների հիմքում։ Բարին ընդ բոլորիս եւ ամէն մէկիս»։
Ամենքիս, իւրաքանչիւրիս, բոլոր հայերիս (հատուած), Հրանդ Մաթեւոսեան։