ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Մենք երբեք չենք զգայ մեր ներկայ վիճակի իսկական էութիւնը, մինչեւ չփորձենք աւելի վատը, ոչ էլ գիտենք գնահատել մեր վայելքները, մինչեւ այդ վայելքներից չզրկուենք։ Ես մտածում էի, թէ որքան քիչ տրտնջելու բան ունեն մարդիկ, կեանքի ինչպիսի հանգամանքներում էլ նրանք լինեն, եթէ կարողանան իրենց վիճակը համեմատել այլ աւելի վատ վիճակի հետ։ Նրանք այդ դէպքում կը լինեն շնորհակալ եւ գոհ։ Իսկ եթէ իրենց կեանքը շարունակ համեմատեն աւելի երջանիկ կեանքի հետ, այդ համեմատութիւնը կ՚օգնի միայն նրանց մրմունջն ու տրտունջը աւելացնելուն»։
Ռոպինզոն Քրուզօ
«Դանիէլ Դեֆոյի «Ռոպինզոն Քրուզօն» ինձ նուիրել է Երուանդ Տինքը։ Երբ անցեալ տարի ամրանը այդ նուերը ստացայ, չէի կարող երեւակայել, թէ ինչ ճանապարհ եմ անցնելու նրա հերոսի՝ Ռոպինզոնի հետ։ Մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր առիթ կ՚ունենամ մարդկանց պատմել մի գրքի մասին, որի հետ ընկերացայ համավարակի օրերին։ Համավարակը բոլորին բանտարկեց տներում. մեզ՝ երեխաներիս համար շատ դժուար էր առանց դպրոցի, առանց ընկերների, առանց շարժման։ Անհրաժեշտ էր յարմարուել հասարակութիւնից մեկուսացած նոր ապրելակերպի, որն ինձ յիշեցրեց Ռոպինզոնի մենակեաց կեանքը անմարդաբնակ կղզում։ Հեռավար դասերը եւ դպրոցի դասերը շատ տարբեր էին։ Իրական դպրոցի դասերը, երբ ուսուցիչները եւ աշակերտները միասին են, ուրիշ համ ու հոտ ունեն։ Եւ հիմա, երբ մօտենում է Սեպտեմբերը, ես անհանգստանում եմ եւ սրտիս խորքում երազում, որ մեր դպրոցը բացուի։ Այսօր մենք բոլորս Ռոպինզոն ենք եւ սպասում ենք, թէ երբ անմարդաբնակ կղզուց կը փրկուենք՝ վերադառնալով մեր առօրեային։ Իսթանպուլում մենք ընկերներով հանդիպելու ուրիշ վայր չունենք. միակ վայրը, որտեղ միասին ենք եւ երջանիկ, մեր դպրոցն է»,ասում է Հրանդ Տինք կրթօճախի 12-ամեայ աշակերտուհի Յասմիկ Վարդերեսեանը։
-Ո՞վ է Ռոպինզոնը, որո՞նք էին Ռոպինզոնի դասերը։
-Ռոպինզոնը մի տղայ է, ով ծնուել է Յորք քաղաքում՝ օտար ծագում ունեցող բարեկեցիկ մի ընտանիքում։ Նա չլսելով իր ծնողների բարի եւ արդարամիտ խորհուրդները՝ մի չարագուշակ ժամի՝ 1651 թուականի Սեպտեմբերի 1-ին, նստում է իր ընկերոջ նաւակը եւ ուղեւորւում Լոնտոն։ Ահա այստեղից էլ սկսւում են իր արկածները։ Առաջին օրուանից ես ինձ պատկերացնում էի Ռոպինզոնի կղզում։ Այդ պատմութեան մէջ կարծես թէ ե՛ս եմ Ռոպինզոնի փոխարէն եւ ե՛ս եմ մեկուսացած այդ մարդկային միջավայրից։ Չէ՞ որ մենք էլ համավարակի ժամանակ իրարից անսպասելի բաժանուեցինք։ Ճիշդ է, տարիներ յետոյ Ռոպինզոնը գտնում է իր առաջին ընկերոջը՝ Ուրբաթին, սակայն մենք դեռ փնտռում ենք…։ Համավարակի օրերին գրքի ամէն մի նախադասութիւն աւելի զրնգուն էր հնչում.
Կարիքը զարգացնում է մարդու հնարամտութիւնը։
Բարին ու չարը նկարագրելիս, մխիթարելին գրենք մուտքի բաժնում։
Սովը սանձահարում է անգամ առիւծներին։
Ռոպինզոնից իւրաքանչիւր մարդ շատ բան ունի սովորելու՝ երբ չես լսում մեծի խօսքը, փորձանքի մէջ ես ընկնում, ամենանեղ պայմաններում անգամ մարդը չի դադարում ստեղծել, ամէն մարդ ունի թաքնուած ունակութիւններ եւ անբարենպաստ պայմաններում անգամ ստեղծարար երեւակայութիւնը նրա գլխում է։ Ռոպինզոնից սովորում ենք համբերատար լինելու եւ հաշուարկելու կարեւորութիւնը։ Նա հաւատում էր Աստծոյ գոյութեանը եւ հաւատքի, սիրոյ եւ յոյսի շնորհիւ էր, որ յաղթահարեց անյաղթահարելին։ Մեզ էլ մնում է Ռոպինզոն Քրուզոյի պէս հասկանալ մեկուսացած կեանքի արժէքն ու մեր ապագայի օրերը խաղաղութեամբ ապրելու երջանկութիւնն ունենալ մեր սրտում՝ գնահատելով կեանքի ամէն մի վայրկեանը։
-Ի՞նչ է պէտք երեխաներին երջանիկ լինելու համար։
-Օտարութեան մէջ գտնուող երեխային հայրենիք է պէտք, հիւանդ երեխային՝ առողջութիւն, միւսներին՝ կոնֆետներ, խաղալիքներ, օճառի պղպջակներ, ընտանիք։ Երջանիկ լինելու համար պէտք է սիրես ու սիրուած լինես։
Համավարակի օրերին «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի էջին տեսայ ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանի տեսաուղերձը, որտեղ նա կոչ էր անում քաղցկեղով հիւանդ երեխաների եւ երիտասարդների բուժման համար կազմակերպուած օնլայն դրամահաւաքին միանալ։ Ես որոշեցի օգնել։ Պոլսահայ արուեստագէտներ Մարալ Այվազը, Սիպիլ Փեքթորոսօղլուն, Լիտա Քէօսէօղլուն, Ռոպէր Տողանայը, Պարթեւ Կարեանը եւ հայաստանցի փոքրիկ Արմէնը սիրով միացան իմ՝ «Յասմիկի հետ» էջում նախաձեռնութեանը. տեսաուղերձով բոլորին հրաւիրեցին մասնակցել «Ժպիտների քաղաք»-ի օնլայն դրամահաւաքին։ Յետագայում լսեցի, որ երգչուհի Սիպիլը արկենթինահայ հաղորդավար Լեոյի հետ կազմակերպեցին «Միասին երեխաների համար» առցանց բարեգործական համերգը, որի շրջանակում հաւաքուեց աւելի քան 4 միլիոն 600.000 դրամ այդ երեխաների բուժման համար։ Ես երջանկութեան զգացում ապրեցի։ Երջանկութիւնը այ սա է, երբ փնթփնթալու փոխարէն կարող ես մի փոքր, երբեմն անգամ չնկատուող գործ սկսել, որը կերջանկացնի միւսներին։ Ես դեռ դրամ չեմ վաստակում, սակայն նրանք, ովքեր վաստակում են եւ կարողանում են սրճարանում մէկ գաւաթ սուրճ պատուիրել, հաստատ կերջանկացնեն քաղցկեղով հիւանդ երեխաների ծնողներին, ովքեր իրենց երեխաների բուժման համար այդ մէկ գաւաթ սուրճի դրամի կարիքն աւելի շատ ունեն։ Ժպիտների քաղաքի բնակիչները մենք ենք՝ երեխաներս, իսկ այդ ժպիտների հեղինակները՝ դուք։ Երեխաները՝ հայրենիքում, թէ հայրենիքից հեռու, տանը, թէ մանկատանը, առողջ, թէ հիւանդ, համավարակի, պատերազմի, թէ խաղաղութեան մէջ, երջանիկ լինելու իրաւունք ունեն…։