ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Թուրքիայում ապրելու փաստը մեզ երբեք չի ուրախացրել։ Մենք պարզապէս յարմարուել ենք մի կեանքի, որը մեզ պարտադրուեց Հայաստանի սոցիալական վիճակի պատճառով։ Աւելին՝ Իսթանպուլը ճահիճ է յիշեցնում, որից դուրս գալը ջանք է պահանջում։ Ես 12 տարի շարունակ ամէն օր երազում եմ Հայաստան վերադառնալու մասին։ Իսթանպուլում միակ վայրը, որտեղ երջանիկ էի՝ Կետիկփաշայի մեր դպրոցն էր։ Վեց տարեկան էի, երբ առաջին անգամ ընտանիքիս հետ եկայ Իսթանպուլ։ Ծնողներս տեղեկացել էին հայաստանցիների դպրոցի գոյութեան մասին, իսկ այն լուրը, որ օտար հողում պէտք է հայկական դպրոց յաճախէի, ինձ անսահման ուրախութիւն էր պատճառել։ Ուսումնառութեան 8 տարիներս իմ կորած մանկութեան (սովորաբար հայրենիքից հեռու երեխաները լիարժէք մանկութիւն չեն ապրում) ամենալուսաւոր տարիներն էին։ Չնայած ուսումը սիրողներից չէի, սակայն միշտ սիրով եմ յաճախել դպրոց։ Այսօր արդէն աշխատանքի գնալիս անցնում եմ եկեղեցու կողքով՝ հազիվ զսպելով արցունքներս, արցունքներ, որ կարոտի ու թանկ օրերի մասին են պատմում։ Թուրքիայում ապրած տարիներիս ամենաթանկ յուշերը հարազատ դպրոցիս հետ են կապուած,-պատմում է Հրանդ Տինք կրթօճախի շրջանաւարտը՝ տասնիննամեայ Անի Իսունցը։
-Անի՛, դպրոցից յետոյ ինչպէ՞ս դասաւորուեց քո կեանքն այստեղ՝ Իսթանպուլում։
-Ես դպրոցն աւարտեցի 2014 թուականին. թէեւ իմ դասընկերներից շատերը վերադարձան հայրենիք եւ այնտեղ շարունակեցին իրենց ուսումը, սակայն ես մնացի այստեղ։ Չգնացի Հայաստան, որովհետեւ ընտանիքս այստեղ էր ապրում ու աշխատում,միւս կողմից էլ՝ մտածեցի, որ արհեստ սովորելը նոյնպէս կարեւոր է։ Ծնողներիս եւ ընկերներիս միջնորդութեամբ սկսեցի սովորել վարսավիրի գործը եւ միաժամանակ աշխատել Քուրթուլուշում գտնուող մի գեղեցկութեան սրահում։ Սկզբում ինձ համար շատ խորթ էր նոր շրջապատը, որովհետեւ բոլորը թուրքեր էին, ինչի պատճառով ես ինձ կրկնակի կաշկանդուած էի զգում։ Որոշ ժամանակ յետոյ կեանքն ինձ ցոյց տուեց, թէ որքան լաւ ու բարի մարդիկ են իրենք։ Օրինակ վերջերս, երբ հայ-տրպէյճանական յարաբերութիւնները սրուեցին, վարսավիրանոցում մեզ հետ աշխատող ատրպէյճանցին սկսեց ազգութեամբ թուրք տնօրէնիս մօտ հայերին ու ինձ վատաբանել, Ղարաբաղի հողերի հարցը քննարկել։ Տնօրէնս բարկացաւ ու նրան ասաց, որ իրերը հաւաքի ու այլեւս չգա աշխատանքի (նաեւ ասել էր, որ ես իր լաւ եւ վստահելի աշխատողն եմ եւ թոյլ չի տալիս աշխատավայրում նման պահուածք)։ Չեմ կարող նկարագրել, թէ ինչքան էի ուրախացել եւ անակնկալի եկել պատահածից։ Այդ խօսքերը ինձ ուժ ու վստահութիւն հաղորդեցին։
-Գումգաբըից մինչեւ Քուրթուլուշ ձգուող ճանապարհին, որ ամեն օր քեզ տնից աշխատանք աշխատանքից տուն է տանում, ի՞նչ երազանքներ ես փայփայում։
-Երկար տարիներ ապրելով Թուրքիայում՝ ուղղակի յարմարուել եմ, բայց մտքերով եւ երազանքներով միշտ Հայաստանում եմ, որն ինձ համար դրախտի է նման։ Եւ երազում եմ շուտ վերադառնալու մասին, կարոտում եմ Հայաստանում ապրած ամեն վայրկեանս։ Ուզում եմ տուն վերադառնալ, մե՛ր տուն, որը գտնւում է Գորիս քաղաքի Տեղ գիւղում։ Երբ վերադառնամ, այնտեղ վարսավիրանոց եմ բացելու։
-Եթէ հնարաւորութիւն ունենայիր զրոյից կեանք սկսելու, առաջինն ի՞նչ կ՚անէիր։
-Կ՚ուզենայի ծնուել, ապրել եւ մեծանալ իմ հայրենիքում, որը շատ եմ սիրում ու կարոտում։ Թուրքիայում արդէն կեանքը բարդանում է։ 12 տարի առաջ այստեղ ապրում էինք գրեթէ առանց վախի, բայց հիմա գիշերը քնելուց առաջ մի քանի անգամ ստուգում ենք՝ արդեօք դուռը փակ է, թէ՞ ոչ։ Իսկ այն ժամանակ դուռը բաց էինք քնում։
Առջեւում դեռ երեք տարի ունենք, որից յետոյ անպայման կը վերադառնանք։
Հ.Գ. Անիի նման շատ հայաստանցի երեխաներ են իրենց մանկութիւնից հասուն կեանք տանելու Գումգաբըի տների ճռճռացող սանդուղների ձայնն ու «տխուր» քաղաքում ամբարած իրենց պատմութիւնը՝ օտարութեան մէջ բնակարանային վատ պայմանները, ծնողների ամենօրեայ տքնաջան աշխատանքը, զանազան փաստաթղթային խնդիրների քաշքշուքը եւ առանց բակային խաղերի իրենց մանկութիւնը։ Այդ երեխաները Թուրքիայում հայաստանցի անկանոն միգրանտների երեխաներն են, ովքեր վերջին տասնամեակներին լքել են իրենց ծննդավայրերը՝ Թուրքիայում աշխատանքային նոր հնարաւորութիւններ որոնելու նպատակով։
Միգրացիան ընտրում են ընտանիքները, իսկ երեխաները ստիպուած են յարմարւում այդ ընտրութեանը…։