ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Նկարիչը ներշնչուել եւ գծանկարել էր ուղղափառ քրիստոնէական աշխարհի գլուխգործոցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այսօր տաճարն այլեւս մզկիթ է. նկարիչը մտահոգ է, որովհետեւ քրիստոնէական ժառանգութիւնը մնաց իր գծանկարում։ Այա Սոֆիայի մինարեթներից հնչած ազանի ձայնը, ուրբաթօրեայ նամազը ցնցեցին ինչպէս նկարչին, այնպէս էլ ողջ քրիստոնեայ աշխարհը. չէ՞ որ տաճարի պատերը պատմում են ողջ ճշմարտութիւնը։
«Ի հարկէ, ես լաւ ծանօթ էի վերջին շրջանում համացանցում շրջանառուող տարատեսակ լուրերին Սբ. Սոֆիան մզկիթ դառնալ-չդառնալու շուրջ։ Անձամբ ես չէի հաւատում նախ այն պատճառով, որ քրիստոնէական այդ տաճարը թանգարանի վերածելու որոշումն ընդունուել էր Քեմալ Աթաթուրքի օրօք, ուստի այն պիտի որ անբեկանելի լիներ։ Միւս կողմից էլ՝ թանգարանն այն միջին կարգավիճակն էր, որը թոյլ էր տալիս աշխարհի բոլոր ծայրերից եկող միլիոնաւոր զբօսաշրջիկներին տեսնելու ու ըմբոշխնելու բիւզանդական ճարտարապետութեան այդ գլուխգործոցը։ աւելին՝ միշտ մտածել եմ, որ աշխարհին բացուելու համար Թուրքիայի կառավարութիւնը կարող էր տարուայ մէջ թէկուզ մէկ օր արտօնել ուղղափառներին այդտեղ պատարագ մատուցելու։ Ուրբաթօրեայ նամազը, սակայն, ցրեց բոլոր պատրանքներս։ Պետխորհրդի ընդունած յայտնի որոշումն էլ ինձ պատկերացաւ որպէս առատ ձիւն՝ ամառուայ կէսին։ Այդ առիթով արած ֆէյսպուքեան թողարկումս էլ վերնագրեցի՝ Վերադարձ դէպի Միջնադար»,-մեզ հետ զրոյցում պատմում է արուեստաբան, լրագրող, գծանկարիչ եւ Երեւանի պետական համալսարանի դասախօս Լեւոն Լաճիկեանը։
-Ակնյայտ է, որ Կիւմրիից մինչեւ Պոլիս ձգուող ճանապարհը ձեզ համար թանկ է։ Ի՞նչ պատմութիւն է լուռ ապրում Ձեր սրտում։
-Ճիշդն ասած, մինչ Կիւմրին այդ ճանապարհը ձգուել ու այսօր էլ ձգւում է Էրզրումից, ի մասնաւորի՝ Բաբերդից (Պայպուրթ), որտեղ ապրել են նախնիներս։ Լինելով մեծահարուստ վաճառականներ, նրանք մեծ նպաստ են բերել այդ բերդաքաղաքի կրթական գործին։
Ինչ վերաբերում է Պոլիսին, ապա միշտ այն զգացողութիւնն եմ ունեցել, որ մտովի դեռ փոքրո՛ւց եմ եղել այդտեղ։ «Մեղաւորը» միգուցէ հայ գրականութեան լաւ իմացութիւնս էր եւ Պոլսի՝ հայ մշակոյթի երեւելի «մայրաքաղաք» լինելու հանգամանքը։ Այսօր ինձ համար այն թանկ է նաեւ իմ նոր բարեկամներով, որոնք կրում ու շարունակում են այդ անանց գրական- գեղարուեստական ժառանգութիւնը։
-Թուրքիայի՝ մասնաւորապէս Պոլսի ճարտարապետական կոթողները նկարելիս՝ ի՞նչ երկխօսութիւն էք ունենում անբառ վկաների հետ։
-Միանգամից ասեմ, որ այդ կոթողներն ինձ համար սոսկ ճարտարապետական ձեւեր ու ծաւալներ չեն, այլ պատմական անշրջանցելի յիշատակներ։ Քայլելով Պոլսոյ փողոցներով՝ մեծ հպարտութիւն եմ ապրում յատկապէս Պալեանների ներդրմամբ, որով նրանք եւրոպականացրին տեղական ճարտարապետութիւնը՝ քաղաքին հաղորդելով ուրոյն ու անշփոթելի դիմագիծ։ Այդտեղ հինն ու նորը համերաշխօրէն են գոյակցում կողք- կողքի՝ ստեղծելով անկրկնելի քաղաքային միջավայր, որտեղ ինձ պատմութեան մէջ եմ զգում։ աւելին՝ պատմութիւնն այդտեղ ամենեւին էլ սոսկ անցեալ չէ, այլ ապրող ու շարունակուող ներկայ։ Հնարաւոր չէր ուստի չգրաւուել այդ ամենով ու չուզենալ այն արտացոլել գծերի լեզուով, ինչն էլ մեծ սիրով եմ արել։ Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այժմ հրատարակութեան եմ պատրաստում «Պոլիսը՝ Հին եւ Նոր» ալպոմս, որտեղ տեղ կը գտնեն Պոլիսեան թեմաներով իմ շուրջ 100 գծանկարները։
-Դէպի ո՞ւր են գնում աշխարհը, ժողովուրդները, մարդիկ։ Այսքան ատելութիւն, ծայրայեղական վարքագիծ։ Ինչպէ՞ս է խաղաղուելու կեանքը։
-Ամենադժուար հարցն է, որին սակայն կ՚ուզենամ պատասխանել։ Հաւանաբար օգնութեան կանչեմ Շեքսպիրի Համլետին, որը դեռ դարեր առաջ էր ասել. «Ժամանակն իր շաւղից դուրս է սայթաքել»։
Այո՛, խելակորոյս աշխարհն այսօր կարծես արագացրել է պտոյտներն իր առանցքի շուրջ եւ անկասելիօրէն ընթանում է մի ճանապարհով, որը մեզ ոչ մի տեղ չի տանում։ Այն տպաւորութիւնն ունեմ, թէ մեր տարածաշրջանի ժողովուրդները՝ բոլորն անխտիր, ապրում են մի եռացող ու պայթիւնավտանգ կաթսայի մէջ... Քաղաքագէտ չեմ, բայց շատ պիտի ուզենայի, որ ինչ-որ մի հրաշքով դադարէին ազգամիջեան բախումները, մեր տարածաշրջանը ապակայունացնելու բոլոր փորձերը, վերջ դրուեր ռազմական հռետորաբանութեանը, իսկ պատերազմի ուրուականն իսպառ չքանար երկրի երեսից։ Երեւի այս աշխարհավարակը եկաւ բոլորիս յուշելու, որ առաջուայ պէս ապրել այլեւս պէտք չէ։ Եկել է ժամանակը նորովի ապրելու։