Բաց զրոյցներ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Իսթանպուլում՝ նոյն միջավայրում ապրել եմ այն ազգի հետ, որին մեր հայրենիքում այնքան էլ բարեկամաբար չեն ընդունում. աւելին՝ այստեղ բնակուելուս փաստը զարմացրել էր նոյնիսկ բարեկամներիս ու ծանօթներիս։ Թուրքիայում ապրելիս այդ կարծրատիպերը յաղթահարելը դիւրին էր, բայց, երբ «Արի Տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան վերադարձայ, հասկացայ, որ հայրենիքում հեշտ չեն համակերպւում հայաստանցիների՝ Թուրքիայում ապրելու փաստի հետ։ Հարցնում էին՝ ո՞ր երկրից եմ եկել։ Պատասխանս լսելուն պէս բոլորի հայեացքը միանգամից փոխւում էր։ Ես եւ Թուրքիայից Հայաստան վերադարձած միւս ընկերներս հասկանում էինք այդ արձագանգի պատճառը։ Մեզ համար այդ ամէնը սկզբում զարմանալի էր ու տարօրինակ, բայց ամէն դէպքում փորձեցինք նրանց էլ հասկանալ։ Ամէն օր մեր երկրում շատ քննադատութիւններ եմ լսում այն հայաստանցիների հասցէին, ովքեր հանգամանքների բերումով յայտնուել են Թուրքիայում. «Ինչո՞ւ են գնացել եւ ապրում թուրքի հարեւանութեամբ եւ այլն...»։ Շատ էի նեղւում, քանի որ իմ ծնողները, ընկերները, ուսուցիչները, ծանօթներիցս շատերը հէնց այդտեղ էին ապրում։ Յետոյ սկսեցի նրանց հետ խօսել ու բարձրաձայնել մտածումներս։ Ինչպէ՞ս կարելի է դատել մարդուն միայն նրա ապրած երկրի, քաղաքի կամ ազգային պատկանելիութեան համար առհասարակ։ Յոյսս չեմ կորցնում՝ մենք էլ մի օր կը հասկանանք միմեանց, կ՚ընդունենք ճշմարիտ իրականութիւնը։ Մինչ այդ՝ Հայաստանը բոլորիս տունն է, եւ վաղ թէ ուշ, բոլոր հայերն էլ վերադառնալու են տուն», ասում է ապագայ արեւելագէտ Անահիտ Ադամեանը, ով 2017 թուականին Իսթանպուլից Հայաստան է վերադարձել իր կրթութիւնը շարունակելու նպատակով։
-Ի՞նչ ես յիշում իսթանպուլեան օրագրից։
-Իսթանպուլ եմ եկել ընտանիքիս հետ։ Սկզբում շատ դժուար էր՝ օտար քաղաք, օտար մարդիկ, օտար լեզու եւ այլ խնդիրներ։ Առաջին տարին յաճախել եմ Պեզճեան վարժարան։ Չհամակերպուելով դպրոցի կրթութեան ինձ համար անծանօթ լեզուին՝ արեւմտահայերէնին, ծնողներս ինձ տեղափոխեցին հայաստանցի երեխաների Հրանդ Տինք կրթօճախ։ Այդ դժուարութիւնը յաղթահարեցի այն ժամանակ, երբ յայտնուեցի մայրենի լեզուով հաղորդակցուող հարազատ միջավայրում, ինչի համար երախտապարտ եմ եւ մինչ օրս էլ կարոտում եմ դպրոցս։ Յետոյ նաեւ սկսեցի արագօրէն թուրքերէն սովորել՝ գիտակցելով այդ լեզուի կարեւորութիւնը։
-Որտե՞ղ ես շարունակում կրթութիւնդ։
-Այս տարի գերազանցութեամբ աւարտել եմ Երեւանի պետական հումանիտար քոլէճն ու ընդունուել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետ։ Ուզում եմ մեր երկրում իմ ներդրումն ունենալ արեւելագիտութեան ոլորտում։ Դասախօսիս խորհուրդով, քանի որ որոշ չափով թուրքերէն գիտեմ, նախապատուութիւնը տուեցի արաբագիտութիւն բաժնին։ Արաբագիտութեան առաւելութիւններից մէկն էլ այն է, որ ուսումնասիրելու եմ նաեւ օսմաներէնը։ Այն ինձ կօգնի զուգահեռ բարելաւել թուրքերէնի իմացութիւնս։ Հէնց սա էլ ինձ ոգեւորեց, որ ես թուրքագիտութեան բաժին ընտրելու որոշումս փոխեմ։
-Որքանո՞վ ես հաւատում հայ-թուրքական բարիդրացիական յարաբերութիւններին։
-Կարծում եմ՝ հայ-թուրքական յարաբերութիւնները կլինեն բարիդրացիական ,երբ երկու կողմերի մօտ էլ գերակշռի փոխզիջման գաղափարախօսութիւնը։ Ստամբուլում քայլելիս դու չես զգում ատելութեան շունչը, բայց մետիայի եւ պետութեան կառավարութեան կողմից ամեն ինչ այլ կերպ է մեկնաբանւում։ Ի հարկէ, սա արդէն հարցի քաղաքական կողմն է, որը շատ աւելի դժուար է։ Ծայրայեղական դրսեւորումները, որոնք նկատուում են թէ՛ հայերի, թէ՛ թուրքերի կողմից, միմիայն աւելի են սրում երկկողմ յարաբերութիւնները եւ ընդհանրապէս չեն նպաստում հարցի դրական լուծմանը։ Օրինակ՝ Ապրիլի 24-ի նախօրէին դրօշներ այրելը եւ այլ ատելութեան դրսեւորումներ, որոնք տեղի են ունենում այդ երկու երկրներում, ցաւալի եւ անընդունելի երեւոյթներ են։ Կը ցանկանայի, որ մեր ժողովուրդը ոչինչ չտուող ծայրայեղական քայլերից զերծ մնար։
-Կարելի՞ է ասել, որ Թուրքիայից Հայաստան վերադարձած երիտասարդների ուսերին կարծրատեպեր կոտրելու, ատելութեան դէմ պայքարելու բեռ է դրուած։
-Այո՛, համոզուել եմ, որ այդպէս է։ Իրականում այստեղ շատ դժուար է յայտնուել այդ բախումների կեդրոնում, քանի որ յաճախ են մեղադրանքներ հնչեցնում, բայց դա էլ միջոց է, որ մենք էլ ազատ յայտնենք մեր կարծիքը, մեր դիրքորոշումը տուեալ հարցի վերաբերեալ։ Սա կարեւոր առաքելութիւն է, որը պէտք է պատուով կատարել եւ ամենակարեւորը՝ երբեք չնահանջել։
Հ.Գ.Տեղեկացնենք, որ համավարակի օրերին Ստամբուլի Հրանդ Տինք կրթօճախի 5 աշակերտներ վերադարձել են հայրենիք եւ ստացել իրենց աւարտական վկայականները։