Բաց զրոյցներ՝ Հայաստանից Իսթանպուլ
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
2017 թուականին Հրանդ Տինք Հիմնադրամի նախաձեռնութեամբ Հայաստանի Հանրային ռատիոյի լրագրողների մի խումբ ճանաչողական այցով Իսթանպուլում էր։ Այդ խմբի մէջ էր նաեւ Հանրային ռատիոյի կայքի՝ armradio.am-ի հայերէն էջի խմբագիր Նայիրա Մայիլեանը, ում հետ Իսթանպուլի մասին զրուցելիս մտքերս տակնուվրայ եղան. անցեալի ու ներկայի զուգահեռներում շատ պարզ հարցեր ծնուեցին։ Ո՞վ է Նայիրան։ Այստեղ՝ Իսթանպուլում, հաստատ կասէին՝ հայաստանցի խմբագիր-լրագրող է։ Իսկ ո՞վ է այդ հայաստանցին, որտեղի՞ց են սերում նրա արմատները։
«Երբ Իսթանպուլում էի, տարօրինակ զգացում ունէի. օդի մէջ կախուած տագնապ կար։ Գուցէ այդ անբացատրելի հաղորդագրութիւնն այն ամենի արդիւնքն էր, ինչը մենք գիտենք կամ ժառանգել ենք կեներով։ Ինչ-որ բան փոխուեց, երբ բարձրացանք «Կալաթա» աշտարակ.մեր առջեւ բացուեց չքնաղ Իսթանպուլն իր Մարմարայի ու Պոսֆորի հիանալի տեսարաններով։ Իստիքլալ պողոտայով, Փերայով շրջելիս հայի շունչն էի զգում։ Այդ ամենը ընդամէնը կապուած էր այն պատմութեան հետ, թէ ովքեր են կառուցել այս քաղաքն ու ովքեր են ապրել այստեղ։ Ուշագրաւ էր Քընալը կղզում մեր հանդիպումը Արա Կիւլերի հետ, սակայն պակաս ուշագրաւ չէր նաեւ հանդիպումը պոլսահայ անծանօթի հետ։ Անծանօթ մի մարդ մօտեցել էր ինձ եւ թուրքերէն ինչ-որ բան էր հարցնում, ասում եմ՝ չեմ հասկանում (թէեւ գլխի էի ընկել, որ 70-ին մօտ այդ մարդը հայ է)։ Արհամարհական հարցումով պատասխանը չուշացաւ. հայաստանցի ես, հաստատ եկել ես աշխատես։ Այո՛, հայաստանցի եմ, շրջագայելու եմ եկել,-ասացի ես, ինքն էլ թէ՝ չէ մի չէ շրջագայելու, գործ փնտռելու ես եկել։ Այ, այդտեղ, իմ մաշկի վրայ զգացի տեղացիների արհամարհական վերաբերմունքը հայաստանցիների հանդէպ»,-պատմում է Նայիրան։
-Ձեր նախնիների պատմութիւնը դէպի ո՞ւր է տանում, որտեղի՞ց էք արմատներով։
-Իմ նախնիները արաբկիրցի են, ես էլ եմ արմատներով արաբկիրցի։ Մորական պապս՝ Թեփանոս Նաչարեանը, ծնուել է Արաբկիրում 1878 թուականին։ Պապս, որ կոտորած ու տեղահանութիւններ էր տեսել եւ հրաշքով էր փրկուել (1915 թուականին թուրքի եաթաղանից փրկուել էր քրդերի օգնութեամբ), Տրապիզոնից իր ընտանիքով 1927 թուականին նաւով հասել է Բաթում, այնտեղից էլ որոշ ժամանակ անց տեղափոխուել Երեւան, որի հիւսիսային հատուածում արդէն սկսուել էր Նոր Արաբկիրի կառուցումը։
Թեփանոս պապս հմուտ կլայեկիչ էր, պղնձագործ, եւ որպէս լաւ արհեստաւոր՝ քրտերը նրան պահել էին, չէին թողել, որ թուրքերը սպանեն։ Պապիս տարել են, որ գետը նետեն, քրտերից մէկն ասել էր՝ էս լաւ վարպետներին, որ վերացնում էք, բա ո՞վ պէտք է գործ անի… Պապիս եւ տատիս ես չեմ տեսել։ Չկան նաեւ մայրս ու քեռիներս, բայց յիշողութեանս մէջ են մօրս պատմութիւններն իր ծննդավայրի, գաղթի ճանապարհի, նոր կառուցուող Արաբկիրի մասին։ Մայրս՝ Սաթենիկ Նաչարեանը, ծնուել է Արեւմտեան Հայաստանում 1922 թուականին։ Անձնագրի ծննդեան վայրը տողում նշուած է՝ Թուրքիա, Արաբկիր։ Լուսանկարում, որն արդէն 84 տարուայ պատմութիւն ունի, պապս ու տատս, մայրս ու քեռիներս են (լուսանկարն արուած է Նոր Արաբկիրում)։ Մայրական դաստիարակութիւնը ուժեղ է լինում։ Ես արաբկիրեան արմատների, սովորոյթների ու նիստուկացի ժառանգորդն եմ, այդ ամենը շատ խորն եմ զգում։ Յիշում եմ մօրս լուսահոգի հօրաքոյրների սեղանի հիւրասիրութիւնները, խօսակցութիւններն ու արաբկիրի անուշ բարբառը, որը գրեթէ կորել է։ Այդ ամենն ինձ շատ հարազատ էր։
Հայրական կողմս Ալաշկերտից է, իհարկէ, իմ հայրական արմատներն էլ են խօսում իմ մէջ։ Նրանք աւելի վաղ են եկել Հայաստան՝ 1830-ական թուականներին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
-Կցանկանայի՞ր Արաբկիրը տեսնել։
-Քեռիս մահուանից առաջ մի քանի անգամ կրկնել էր,-առիթ լինի գնաք Արաբկիր, յիշի՛ր, մեր տունը «Տաբաս» աղբիւրի մօտ է։ Պատմական հայրենիք այցելելու ցանկութիւն չունեմ. հեշտ չէ հաշտուել այն մտքի հետ, որ պապերիս հայրենիքում այլեւս թուրքեր, քուրտեր են ապրում։ 1980-ականներին մեր բարեկամներից մէկը եղել էր Արաբկիրում եւ վստահեցնում էր, որ պապիս տունը դեռ կանգուն է, միայն թէ այնտեղ քուրտ ընտանիք է ապրում։ Այսօր դէպի Արեւմտեան Հայաստան տուրեր կան, գնալը այլեւս խնդիր չէ, սակայն չեմ ուզում գնալ-տեսնել թուրքական բնակավայրի վերածուած Արաբկիրը։
-Ինչպիսի՞ն էր Հին Արաբկիրը մայրիկիդ յուշերում։
-Մայրս իր ծննդավայրը լաւ էր յիշում ու նկարագրում էր այնպէս, ինչպէս Վահագն Դաւթեանն էր նկարագրում Արաբկիրը յաւերժացնող իր «Անխորագիր» յուշագրութեան մէջ. ձորալանջերն ի վեր բարձրացող կապոյտ տանիքներ, Արաբկիրը սովորութիւն ունէր ամռանը կաւէ» տանիքներին քնել, վառորդի պէս թունդ ու արցունքի պէս ջինջ օղի են քամել Արաբկիրի թթից եւ այլն։ Հաւանաբար բոլոր տներն էին իրար նման, որովհետեւ ինչ նկարագրում է գրողը Արաբկիրի մասին, նոյնն էլ մայրս էր պատմում։ Արաբկիրը հարթ չի եղել. զառիվերի վրայ բազմած ուղիղ տանիքներով տներ՝ մի կողմից՝ մի հարկանի, միւս կողմից՝ երկյարկանի կամ եռայարկ» (քեռուս պատմելով իրենց տունը եռայարկ էր)։
«Մեր տունը գտնւում էր Շայրոզ թաղամասում։ Տան դիմաց «Տաբաս» աղբիւրն էր, բակում թթենիներ կային, գամակ էր կապած ծառերից։ Մեծ թթենին թեքւում էր երդիկի վրայ. ամռան շոգին կտուրին էինք քնում՝ բաց երկնքի տակ։ Յիշում եմ հորս աշակերտին՝ Ղարիբին, ով եւ՚ արհեստ էր սովորում հօրս մօտ, եւ՚տան գործերում օգնում մորս։ Ամէն շաբաթ-կիրակի մերս պոխչա էր կապում, Ղարիբը գրկում էր եղբայրներիս, բռնում ձեռքս՝ օգնելով մորս, որպէսզի մեզ տանի բաղնիք լողացնի։ Ես կարծում էի, որ Ղարիբը մեր եղբայրն է։ Արաբկիրի կենտրոնում գտնուող մեծ շուկայում հայրս խանութ-արհեստանոց է ունեցել։ Հայաստան տեղափոխուելիս նա մեր տան եւ արհեստանոցի բանալիները տուեց Ղարիբին»,- յիշում էր լուսահոգի մայրս։ Մայրս յիշում ու պատմում էր, իսկ ես, որ այն ժամանակ ինը տարեկան էի, զարմանում էի՝ ինչո՞ւ չկար դիմադրութիւն, ինչո՞ւ էին մերոնք այդքան անճար։ Զարմանում էի, թէ ինչպէս կարող է մարդ իր տան բանալիները տալ ուրիշին ու գալ դէպի անյայտութիւն։
-Ի՞նչը դրդեց նրանց, որ Հայաստան գաղթեն։
-Պապիս ընտանիքը 1896, յետոյ նաեւ 1915 թուականի ջարդերի ականատեսներից է եղել։ Այդ ժամանակ պատսպարուել են Արաբկիրի մօտ գտնուող մի գիւղում։ Մի օր պապս իր հոր հետ գաղտնի գալիս են իրենց տուն, որպէսզի հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր վերցնեն։ Յանկարծ նկատում են, որ թուրքերն են մտել իրենց տուն եւ թաքնւում են տանիքում։ Տեսնում են, թէ ինչպէս են տնից իրենց ունեցուածքը տանում։ Պապիս հայրը այդ տեսարանից վատանում է, իսկ պապս ստիպուած փակում է նրա բերանը, որ ձայնը չլսեն։ Հէնց այդտեղ էլ նա մահանում է։ Պապս իր հորը թաղում է տան այգում։ Յետոյ, երբ ամեն ինչ խաղաղւում է, բոլորով հետ են գալիս Արաբկիր եւ մինչեւ 1927 թուականը ապրում են Արաբկիրում։ Ամէն օր հասկանում են, որ անիմաստ է մնալը։
Երեւանի թաղամասերի պատմութիւնից ամենաիւրայատուկը Արաբկիրի պատմութիւնն է։ Ի սկզբանէ այն ձեւաւորուել է որպէս քաղաքատիպ աւան՝ «Նոր Արաբկիր» անուամբ։ Գաղափարի հեղինակը Ամերիկահայ արաբկիրցիների միութիւնն էր, որը ձգտում էր վերաբնակեցնել Թուրքիայի տարածքում մնացած Արաբկիրի նախկին բնակիչներին։ Նոր Արաբկիրը Հայաստանի առաջին հայրենադարձ աւանն էր, իսկ Նայիրա Մայիլեանի պապերը՝ Հին Արաբկիրից հայրենադարձուող ընտանիքներից մէկը։
Հ.Գ. Սա մի հատուած է Նայիրայի լուսահոգի քեռու՝ Մանաս Նազարեանի «Չի մոռնաք տղաք» գրքից, որը լոյս է տեսել Մեծ Եղեռնի 100-ամեակին։ Գրքում նկարագրուում է Արեւմտեան Հայաստանի Արաբկիր գիւղաքաղաքի հայութեան ծանր վիճակը Մեծ Եղեռնին, գաղթի երկար ու ձիգ ճանապարհի դժուարութիւններն ու տանջանքը։
«Ոլոր-մոլոր փոշոտ ճանապարհը ձգւում է դէպի լեռները։ Տատս շուռ է գալիս մաֆայի մէջ, ձեռքի մատներն իրար հագցրած՝ հովանի է արել աչքերին ու հայեացքը հառել հեռւում մշուշի մէջ թաղուած Արաբկիրին։
- Չոճուխ, դարձէք մէյմ ալ հայեցէք մեր Արաբկերին, վե՞վ գիտէ, մէյմ ալ տեսնա՞ք կու, չէք տենար,- դիմում է տատս մեզ։
- Հենո՜ւ, մեր տունն ալ կէրվանը, - ձեռքը դէպի Արաբկիր է մեկնում տատս քիչ անց։
Ես ծունկի եմ գալիս, բռնում մաֆայի եզրից, նայում տատիս ցոյց տուած կողմը եւ դժուարանում եմ որոշել, թէ որն է մեր տունը։ Մեր տունը, որի դռները բաց մնացին ու սենեակները դատարկ։ Մեր տունը, ուր հիւսւում էին իմ մանկութեան օրերի կապոյտ-կապոյտ երազները։ Մեր տունը, ուր գալու էին ապրելու ուրիշները եւ ես այլեւս երբեք, երբեք, երբեք, չէի տեսնելու…։