Բաց զրոյցներ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան (Ե.)
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Համավարակի այս ոչ սովորական ժամանակահատուածում բոլորս ենք անցնում դժուարութիւնների միջով՝ յուսալով, որ ամէն ինչ կը կարգաւորուի եւ վայրկեան առաջ կը վերադառնանք մեր բնականոն կեանքին։ Մխիթարուելու համար ակամայից համեմատում ու տեսնում ենք, որ աշխարհն է կանգնած նոյն խնդիրների առջեւ. բոլորի զգացմունքներն ու ապրումները նոյնն են, իրավիճակը նոյնն է՝ աշխարհագրական տարածքներն են տարբեր»,- մեզ հետ զրոյցում ասում է Իսթանպուլում ապրող հայաստանցի երկու երեխաների մայրիկը՝ Զառան։
2016 թուականին Զառան տատիկի եւ երկու երեխաների հետ Երեւանից տեղափոխուել է Իսթանպուլ՝ մայրիկի մօտ (մայրիկն այստեղ արտագնայ աշխատանքի էր եկել աւելի վաղ)։ Ի սկզբանէ նա ապրում էր Երեւանում տատիկի, քրոջ եւ երեխաների հետ։ Երբ քոյրը պէտք է ամուսնանար եւ տեղափոխուեր Ռուսաստան, Զառան մտահոգուեց, որ միայնակ չի կարող խնամել տատիկին եւ մանկահասակ երեխաներին։ Աւելին՝ նա չէր աշխատում, քանի որ որդին շատ փոքր էր, եւ ընտանիքը ֆինանսական տեսակէտից մայրիկի յոյսին էր մնացել։ Երկար քննարկումներից յետոյ վճռեցին տեղափոխուել Իսթանպուլ՝ մայրիկի մօտ, որպէսզի միասնաբար ապրէին ու միմեանց օգնէին։
-Ինչպէ՞ս բաժանուեցիք հարազատ միջավայրից։
-Դժուար էր բաժանուել հարազատ միջավայրից՝ քաղաքից, հարազատներից, ընկերներից։ Ոգեշնչող էր միայն մէկ բան, որ շուտով բոլորս միասին ենք լինելու։ Աւելի դժուար էր, երբ Հայաստանը մնաց հետեւում, եւ միանգամից մեր առջեւ բացուեց Թուրքիա տանող լայնարձակ ճանապարհը. ամենուր ծածանուող կարմիր դրօշներ, մեզ ժպտացող թուրքեր։ Գիտէ՞ք, երբ այստեղ ես ապրում, ուրիշ մօտեցում ես ունենում։ Մենք այստեղ ճանաչեցինք ե՛ւ լաւ, ե՛ւ վատ մարդկանց, իսկ Հայաստանում Թուրքիայի մասին տեղեկանում էինք միայն լուրերով։
-Ինչպէ՞ս դասաւորուեց ձեր կեանքն այստեղ։ Ի՞նչը պակասեց։
-Սպասելի եւ անսպասելի դժուարութիւնների միջով անցնելով՝ քայլ առ քայլ փորձեցինք առաջ գնալ։ Ցաւօք, այդ ընթացքում իմ կեանքում պակասեցին ժպիտը, հարազատ մարդիկ, մեր հայերի հետ շփումը։ Իհարկէ այստեղ էլ ենք շփւում հայերի հետ, սակայն այդ շփումը տարբեր է։
Հայաստանում փողոց դուրս գալիս գիտես, որ օդը, որը շնչում ես՝ քո՛նն է, մայթեզրի ծառերը՝ քո՛նն են։ Երբեմն այստեղի ծառերը նմանեցնում եմ Հայաստանի ծառերին.այդպէս կարօտս եմ առնում։ Ինչ-որ առումով այստեղ պակասեց ինքնավստահութիւնս, քանի որ շատ տեղերում ստիպուած ես լռել, ինչը չէիր անի քո հողի վրայ։
Յատկապէս երեխաներս դժուար ընտելացան նոր միջավայրին, նոր դպրոցին։ Աղջիկս անընդհատ համեմատութիւններ էր անում։ Այստեղի դպրոցը շատ է տարբերւում Հայաստանի դպրոցից.այստեղ երկար են մնում դպրոցում, դասապատրաստումներ են կատարում, ընդարձակ դասարաններ ու միջանցքներ չկան։ Աղջիկս նեղւում էր, որ չի կարող զանգը հնչելուն պէս դասամիջոցին վերուվար անել, վազվզել։ Յետագայում նրանք երկուսն էլ սիրեցին իրենց նոր դպրոցն ու ուսուցիչներին։
-Այս օրերին նրանց համար հեշտ չէր։ Ինչպէ՞ս անցաւ հեռավար ուսուցումը։
-Երեխաները հեռավար դասերին աստիճանաբար յարմարուեցին.առաւօտեան նրանց դժուար էի արթնացնում ու նստեցնում դասերի։ Իրենց պարտաւորուած չէին զգում, թէ ինչո՞ւ պէտք է շուտ արթնանան, մասնակցեն դասերի։ Չէ՞ որ դա ընդամէնը հեռախօս էր եւ կարող էր մի քիչ ուշ էլ միանալ։ Նրանք հոգեպէս աւելի շատ տանն էին, քան դպրոցում։ Այդուհանդերձ հեռավար ուսուցումը յաջողութեամբ շարունակեցին։
-Ի՞նչ երազանքներ ունես։
-Վերջին տարիներին այնքան բարդութիւնների միջով եմ անցել, չգիտեմ, երեւի դադարել եմ երազել կամ անիմաստ եմ համարում երազելը, դարձել եմ իրատես։ Այլեւս երեխաներիս երազանքներն են իմ երազանքները։ Նրանք երազում են Հայաստանում սփորտի եւ տարբեր խմբակներ յաճախել, իսկ այդ տարրական հնարաւորութիւններն այստեղ չունեն։
-Թուրքիայից Հայաստան մեկնեց ՀՀ քաղաքացիների երկրորդ խումբը։ Դուք վերադառնալու ծրագիր չունէի՞ք։
-Շատ ուրախացայ, որ երկրորդ խումբը մեկնել է, սակայն մենք դեռ մեկնելու մտադրութիւն չունենք։ Ուղղակի Հայաստանում տուն չունենալու պատճառով չվերադարձանք։ Եթէ տան խնդիր չունենայինք, համոզուած եմ՝ մենք էլ արդէն այդ երկրորդ խմբի հետ Հայաստանում կը լինէինք։ Աշխատանքն ինձ համար եւ յատկապէս այստեղի ծանր աշխատանքներ կատարած մարդկանց համար խնդիր չէ։ Եթէ այստեղի աշխատոյժը հասնի Հայաստան, մեր հայրենիքը է՛լ աւելի կը բարգաւաճի։