2016թ․ «Հրանտ Դինք» միջազգային 8-րդ մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են։ Մրցանակակիրներն են Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում պայքարի սիմվոլներից մեկը դարձած Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիան և վաղ հասակում ամուսնությունների դեմ աշխատանքներ իրականացնող, երեխաների կրթության համար պայքարող Մալավիացի կին ակտիվիստ Թերեզա Կաչինդամոտոն։
Ույգար Գյուլթեքին
Գյոզդե Քազազ
2009 թվականից ի վեր Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխությունն անցկացվում է նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին։ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն այս տարի տոների պատճառով սեպտեմբերի 15-ի փոխարեն սեպտեմբերի 22-ին է տեղի ունեցել։
«Ավելի խավար ժամանակաշրջան»
«Արդեն գրեթե 10 տար է անցել Հրանտ Դինքի սպանությունից։ 2007թ․ տիրող արյունալի և լարված մթնոլորտը Հրանտի սպանության պատճառներից մեկն էր։ Այսօր շատ ավելի խավար ժամանակաշրջան է։ Դաժան ռազմանակ հեղաշրջման փորձն անհաջողությամբ պսակվեց, սակայն երկրում ամեն տեսակի օրենք անորոշ դարձրեց, իշխանություններին հնարավորություն ընձեռեց երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել։ Իսկական մեղավորների կողքին հազարավոր անմեղ մարդիկ անարդարացի կերպով ձերբակալվել են։ Հարյուրավոր լրագրող, ակադեմիկոս, իրավաբան, ուսուցիչ, արվեստագետ, մարդու իրավունքների պաշտպան, կարճ ասած՝ ավտորիտար համակարգի կասկածյալները ձերբակալվել են, հեռացվել աշխատանքից կամ զրկվել ազատորեն ճամփորդելու իրավունքից։ Ականատեսն ենք, թե ինչպես Շեբնեմ Քորուր Ֆինջանջը և Ահմեդ Ալթանի պես անձիք, ովքեր արժանացել են Հրանտ Դինք մրցանակին, անարդար կերպով ձերաբակվում և երկար ժամանակ պահվում են անազատության մեջ։ 2013թ․«Հրանտ Դինք» մրցանակակիրներ «Շաբաթօրյա մայրերը» արդեն 600 շաբաթ է՝ շարունակում են Թուրքիայի պատմության ամենաերկար քաղաքացիական անհնազանդությունը հանդիսացող իրենք բողոքի ցույցերը։ Նման ժամանակաշրջանում «Հրանտ Դինք» մրցանակի իմաստ ու կարևորությունն ավելի է մեծանում։ Ողջունում ենք բռնությունից զերծ, արդար և անկախ Թուրքիա և աշխարհ ունենալու համար պայքարողներին»,- իր ելույթում նշել է մրցանակաբաշպության կոմիտեի նախագահ Ահմեդ Ինսելը։
«Միակ ճանապարհը խաղաղություն պահանջելն է»
Այս տարվա «Հրանտ Դինք» մրցանակակիրներից մեկը Թուրքիայում մարդու իրավունքի պայքարում կարևոր տեղ զբաղեցնող Դիարբեքիրի իրավաբանների ասոցացիան էր։
Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին 2015թ․ նոյեմբերի 28-ին Դիարբեքիրի Սուր գավառում շարունակվող բախումներից մշակութային արժեքների վնասմանը ուշադրություն գրավելու համար հավաքի ժամանակ թիրախավորվել և գլխին ստացած փամփուշտով սպանվել էր։
Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի անունից մրցանակը ասոցիացիայի նախագահ Ահմեդ Օզմենը ստացավ։ Դիարբքիրի իրավաբանների ասոցիացիայի՝ սպանված նախկին նախագահ Թահիր Էլչիի կինը՝ Թյուրքան Էլչին և ասոցիացիայի նախկին նախագահներից, այժմ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն ևս ներկա էին մրցանակաբաշխությանը։
Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Օզմենն իր ելույթում նշեց․«Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիան իրավաբանական, հասարակական կազմակերպություն է, որը, ստեղծման օրից մինչ այսօր զերծ մնալով իշխանական ամեն տեսակի ազդեցությունից, շարունակել է համամարդկային իրավունքների համար պայքարը, քայլեր է ձեռնարկել խաղաղության հաստատման ուղղությամբ՝ այս ճանապարհին կորցնելով ամենաարժեքավոր անդմաներին։ Ասոցիացիան միշտ ճնշվածների կողքին է եղել և սա դիտել է որպես պատմական անհրաժեշտություն․․․ Հրանտ Դինք և Թահիր Էլչի․ մարդկության պատմության երկու հերոս, իրավապաշտպան։ Հեռու և մետ անցյալում ջարդերի ենթարկված, ճնշված երկու եղբայր ժողովուրդների զավակնրն են, միաժամանակ բոլոր ճնշվածների կողքին լինելով՝ վաստակել են մարդկության պատիվը լինելու իրավունքը։ Նրանց սպանելու հրաման արձակողները սխալվել են՝ կարծելով, որ նրանց ժառանգությունը կորչելու է, մենք դադարելու ենք նրանց հետևել․․․»։
«Երկար ճանապարհ ունենք անցնելու»
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակին արժանացավ տոհմապետ Թերեզա Կաչինդամոտոն, ով աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում՝ Մալավիում, տարիներ շարունակ աշխատանքներ է տանում երեխաների բռնի ամուսնության վերացման համար և երեխաների կրթության իրավունքի համար է պայքարում։ Կաչինդամոտոն 2003թ․ 900 հազարանոց տոհմում իրականացված ընտրություններում տոհմապետ է ընտրվել։ Տոհմապետ ընտրվելուց հետո նկատել է, որ 12-13 տարեկան աղջիկները «ընտանիքների համար բեռ» լինելու պատրվակով ամուսնացվում են և սկսել է պայքարել սրա դեմ։ Կին տոհմապետն արգելել է սեռականության ճամբարները, որտեղ աղջիկ երեխաները սեռական կրթության անվան տակ սեռական բռնության են ենթարկվում։ Նրա շնորհիվ 50 տոհմապետ հրաժարվել են վաղ տարիքում ամուսնությունները խրախուսող ավանդույթներից, վաղ տարիքում իրականացված 850 ամուսնություն չեղյալ է հայտարարվել։
Թերեզա Կաչինդամոտոյին մրցանակը հանձնել են 2015թ․ մրցանակակիր ԼԳԲՏ իրավունքների համար պայքարող «Kaos GL» կազմակերպության ներկայացուցիչ Յըլդըզ Թարը և Միշել Մարիանը։ «Այս խնդրի դեմ պայքարելը հեշտ չի եղել։ Վաղահասակ ամուսնությունները հասարակության ավանդույթների կարևոր մասն են կազմում և հասարակության կողմից խրախուսվում են։ Անհրաժեշտություն կար հանրությանը տեղեկացնել վաղ տարիքում իրականացված ամուսնությունների հետևանքների մասին և վերացնել երկար տարիներ տևած այն մտայնությունը, թե վաղ տարիքի ամուսնությունները բնական երևույթ են։ Հրապտ եմ մեր ձեռքբերումներով, սակայն նաև գիտեմ, որ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են եղել այս դժվաիրն ճանապարհին։ Հույս ունեմ, որ ավելի շատ մարդ ինձ հետ ձեռք-ձեռքի, ուս-ուսի կպայքարի Մալավիի աղջիկ երեխաների իրավունքների համար։ Աստված պահապա՛ն լինի բոլորիդ»,- իր ելույթում նշել է Մալավիում վաղ տարիքում իրականացվող ամուսնությունների վերացման գործում հսկայական ճանապարհ անցած, աղջիկ երեխաների կրթության իրավունքի համար պայքար տանող Թերեզա Կաչինդամոտոն։