13-րդ Ոսկէ Ծիրան փառատօնի լաւագոյն ֆիլմը

Ծովինար Լոքմակէօզեան
dzovinarlok@gmail.com

Փառատօնն, անշուշտ, ունի իր դատակազմը, որն ընտրում է յաղթող ֆիլմեր երեք անուանակարգերում. 1.Միջազգային խաղարկային մրցոյթ, 2. Միջազգային վաւերագրական մրցոյթ, 3. Հայկական համայնապատկեր ազգային մրցոյթ։

Այս վերջին անուանակարգում ներկայացուած է մեր կինոն։ Հայկական կինոն, որն իր հերթին բաժանւում է լիամետրաժ խաղարկային, կարճամետրաժ խաղարկային եւ վաւերագրական ֆիլմերի։ Հայկական համայնապատկերը միաւորում է այս անուանակարգում այն ամէնն, ինչ ստեղծում են ազգութեամբ հայ ռեժիսորները անկախ նրանց գտնուած վայրից։ Բայց պարզւում է, որ ազգութիւնը չի ստեղծում կինոն, այլ շրջակայ միջավայրը, ուստի ազգութեամբ հայ Էօզճան Ալփերը, օրինակ, ստեղծում է թուրքական կինօ, իսկ Աննա Մէլիքեանը՝ ռուսական կինօ, անշուշտ, միայն իրենց յատուկ ռեժիսորական տեսլականով։ Ատոմ Էկոյեանի կինոն դիտւում է համաշխարհային կինոյի համատեքստում։ Ինչ վերաբերւում է հայկական կինօ հասկացութեանը, ապա դա մնաց անցեալում, որովհետեւ ազգային կինոն ունէր իր պատուիրատուն ի դէմս պետութեանը, որն այն շրջանին Սովետական Հայաստանն էր՝ Սովետական Միութեան կազմում։ Պետութիւնը պատուիրում էր, քանզի կինոն լաւագոյն եւ կարեւորագոյն քարոզչական միջոցն էր, բայց քարոզում էր այդ կինոն բարի վարքագիծ։ Կարեւորն այն է, որ պետութիւնը ինքը պատրաստում էր կինոյի բարձրակարգ մասնագէտներ։ Այսօր Մոսկուայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, որը յայտնի է իր «ՎԳԻԿ» անունով, վերանուանել է համալսարանի, սակայն այն ատեն, երբ ինստիտուտ էր, նոյնիսկ օդն ու պատերն էին ուսուցանում։ Այսօր պատուիրատուն փողն է եւ կինօ է նկարահանում մասնաւորապէս նա, ով մեծ գումար է հայթայթել եւ վերջում տեսնում ենք, որ նրա մօտ ոչինչ չի ստացուել։ Խօսքը խաղարկային կինոյի մասին է, որը ծախսատար է, ուստի պահանջւում են եւրոպական երկրների ներդրումները ֆիլմի արտադրման համար եւ անյաջողութեան դէպքում ոչ ոք չի վերցնում իր վրայ քննադատողի դերը։

Չեմ ուզում անուններ տալ, միայն նշեմ «Ոսկէ Ծիրան»ի յաղթող ֆիլմի մասին, որին հնարաւոր չէր լուրջ վերաբերուել եւ դիտել 5 րոպէից աւել, սակայն այդ «Բարի լոյս» անունով ֆիլմը, որի ռեժիսորը Աննա Արեւշատեանն էր, արժանացաւ լաւագոյն հայկական խաղարկային ֆիլմի մրցանակի։

Դաւիթ Սաֆարեանի ֆիլմը

Ըստ իս լաւագոյն ֆիլմը, որը ցուցադրուեց «Ոսկէ Ծիրան» փառատօնում, Դաւիթ Սաֆարեանի «28։94 տեղական ժամանակով» ֆիլմն էր։ Մրցոյթում ֆիլմը արժանացաւ դատակազմի յատուկ յիշատակմանը, ինչպէս նաեւ ստացաւ Հրանդ Մաթեւոսեանի անուան մրցանակ լաւագոյն սցենարի համար։ Սցենարի հեղինակը նոյնպէս Դաւիթ Սաֆարեանն էր։ Նախորդ թիւի մէջ նշել էի, որ հանդիսատեսը լքում է դահլիճը, որովհետեւ իր սեփական խնդիրներից հոգնած խուսափում է ֆիլմի առաջադրած խնդիրներից։ Դաւիթ Սաֆարեանի ֆիլմը մեր 90-ականների ցուրտ ու մութ տարիների մասին էր։ Դահլիճից դուրս եկողներ եղան, ինչպէս այդ տարիների պաղ ձմեռներից փախչողներ եղան։ Ֆիլմը մնացողների մասին էր։ Նրանց, ովքեր ապրեցին անապրելի պայմաններում եւ մնացին մարդ, քանզի մեր երկրի գլխաւոր հերոսը այն ժամանակներում մտաւորականն էր. նկարիչը, երաժիշտը, տիկնիկագործը… Այս ֆիլմի մասին ինձ շատ վաղուց պատմել էր իմ ընկերուհիս, տիկնիկագործ Անահիտ Առաքելեանը, որն այդ ֆիլմի համար կերտել էր տիկնիկներ։ Սակայն սկզբից ֆիլմը կոչուել է «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»։ Ֆիլմն ունի կարճ տարբերակ, սակայն հենց իր 130 րոպէանոց տարբերակն է դիտւում մէկ շնչով։ Ֆիլմի անունը ընթացքում փոխուեց «28։94 տեղական ժամանակով»։ Լինո՞ւմ է նման ժամանակ։ Չի՛ լինում։ Մեր հեքիաթների սկիզբն է դա՝ «լինում է-չի լինում»…Բոլոր ժողովրդների հետ էլ ողբերգական դէպքեր են լինում, սակայն միայն հայ ժողովրդի հետ է լինում այն ամէնն, ինչ չի լինում ոչ մի ժողովրդի հետ. 90-ականներին մենք ունեցանք ձմեռ, որը տեւաց տարիներ՝ ընդհատուելով կարճատեւ ընդմիջումներով։ Ժամանակը կանգ էր առել, ինչպէս գործարանները, ինչպէս կազի, ելեկտրականութեան մատակարարումը։ Միայն 45 րոպէով էին լոյս տալիս, եւ լոյս վառելու պահին մարդիկ ակամայ բացականչում էին, մոռանալով ամէն ինչ, նոյնիսկ այն, որ 45 րոպէ յետոյ կրկին ընկղմուելու են խաւարի ու պաղի մէջ։ Հաց չկար. հացի հերթ կար։ Վառելիք չկար. գրքերի կապոցների հերթ կար…ինչպէ՞ս, կը հարցնէք դուք, մի երկրում, որտեղ մարդիկ այդքան գրասէր էին, սկսեցին վառել գրքե՞ր։ Այո, սովետական երկրում հրատարակուած էր այնքան քարոզչական գրականութիւն, որը ոչ թէ կարդալու ենթակայ էր, այլ միայն այրելու։ Եւ մարդիկ այրում էին սուտը, որպէսզի տաքանան…Ինչպէ՞ս է նկարահանել Դաւիթ Սաֆարեանն այդ ֆիլմը, քանզի կինոն պատասխանում է ոչ թէ «ի՞նչ» հարցին, այլ՝ «ինչպէ՞ս»։ Սաֆարեանի ֆիլմը ֆիլմ-պոէմ է, ֆիլմ-առասպել, ֆիլմ-ձմեռ։ Այդ ծանր ժամանակների մասին նա շատ թեթեւ պատմեց։ Շատ գեղեցիկ։

-Զարթնեցի՞ր, բալես։

-Ես չեմ էլ քնել…

Այդ անլոյս ժամանակներում մնում էր միայն պառկել ու քնել, սակայն պաղ անկողնում հնարաւոր չէր քնել… Սակայն երբ տղամարդն ասում է, որ այստեղ ապրել հնարաւոր չէ, կինը նրան ընդհատում է. «Մի՞թէ դու թէյ չէիր ուզում»։ Ի դէպ կինը հայազգի չէ, նա Ռուսաստանից կամ Ուքրաինայից է եւ նրա ռուսերէնը մի տեսակ հիւթեղ է, տարածուն, եւ այն, որ կինը չի թողնում այս ցուրտ ու մութ Հայաստանը, խօսում է անբաժանութեան մասին. նա չի բաժանւում իր ամուսնուց, այս տաք երկրից, որի ձմեռները այդքան պաղ են, որովհետեւ չի բաժանւում է իր կեանքի մեծագոյն սիրուց։

Ֆիլմի գլխաւոր դերակատարները Եանա Տրուզն ու Աշոտ Ադամեանն էին։ Ադամեանը Հենրիկ Մալեանի եւ Ատոմ Էկոյեանի ամէնասիրած դերասանն է։ Ոչ ոք կինոյի մէջ չունի Ադամեանի նման պլաստիկա. նրա շարժումների, ձայնի երանգի մէջ կերպարն է յաղթանակում, նա ինքը արուեստի գործ է իր ուրոյն կեցուածքով։ Իսկ Եանա Տրուզը, որն ի դէպ Սաֆարեանի կինն է եւ ֆիլմի սցենարի համահեղինակ, մարմնաւորում էր կանացի այն տարրերը, որի առկայութեան դէպքում ոչ մի դժուարութիւն չի կարող կոտրել տղամարդուն։ Անկոտրում էին նաեւ Հեղինէ Յովհաննիսեանի (1926-2014) ու Կարէն Ջանիբեկեանի (1937-2015) կերտած հերոսները։ Ինչպէս տեսնում ենք, նրանք կեանքից արդէն հեռացել էին, երբ Սաֆարեանի ֆիլմի շնորհիւ մենք կրկին հանդիպեցինք հայ կինոյի անփոխարինելի դէմքերի հետ…


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ


Yazar Hakkında

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ