ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Այս օրերին ինչե՛ր ասես որ չեղաւ. Նիսի ահաբեկչութիւնը, Թուրքիայի յեղաշրջման փորձը, իսկ Յուլիսի 17-ին Կիրակի առաւօտեան Հայաստանում նոյնպէս յեղաշրջման փորձ տեղի ունեցաւ, ճիշդ է, աւելի փոքր չափսերի, քան Թուրքիայում։ «Նոր Հայաստան» (նախկինում «Հիմնադիր խորհրդարան») շարժման անդամները, որոնց կազմում կան մտաւորականներ եւ ազատամարտիկներ, գրոհեցին Էրեբունի թաղամասի ոստիկանական ստորաբաժանմունքը, պատանդ վերցնելով մի քանի ոստիկանների։ Գործողութեան անունը դրեցին «Սասնա Ծռեր»։ Ի՞նչ են պահանջում. ազատ արձակել արցախեան հերոս Ժիրայր Սեֆիլեանին, ինչպէս նաեւ միւս քաղբանտարկեալներին։ Պահանջում են նաեւ այն, ինչ ողջ Հայաստանում եւ արտերկրներում գտնըւող հայ ժողովուրդն է ուզում, այսինքն Սերժ Սարգսեանի հրաժարականը, քանզի նախագահը մեղմ ասած ձախողել է իր նախագահութիւնը, ուր որ է երկրորդ ցեղասպանութիւն տեղի կ՚ունենայ նրա քաղաքականութեան արդիւնքում, ժամն է եկել փոխել երկրի ձախողած կառավարումը, բայց… հազարամեակների համբերութիւն ունեցող ժողովուրդը, որի փայլուն քաջարի զաւակները աներեւակայելի հերոսութեամբ կռւում են հակառակորդի դէմ, երկրի ներսում խուսափում են արիւնահեղութիւնից, քանզի արիւնը հայկական է, իսկ իշխանութիւնը պաշտպանւում է ներքին զօրքերի շնորհիւ։ Եւ ո՞ւր ենք այսպէս հասնելու։ Վերջապէս, մի խումբ անհամբերներ ըմբոստացան եւ այս ըմբոստութիւնը ես կ՚անուանէի Անհամբերութեան յեղաշրջում։ Փոքրիկ խիզախ մի խմբի, որոնց մասին ռուսական քարոզչական լրատուութիւնը ասում է, որ խումբը ծախուած է, դրսից է կառավարւում եւ այլն։ Բայց մենք գիտենք, թէ ինչ է լինում, երբ դանակը հասնում է ոսկորին եւ երբ համբերութեան բաժակը լեցւում է։ Ի հարկէ, ժողովուրդը ոտքի չի ելնի, որովհետեւ կաղում է երկու ոտքերից, որոնք են յոյսն ու հաւատը։ Բայց անբարոյական եմ համարում նստել համացանցի առաջ եւ դիտել, թէ ինչպէս են լաւագոյն տղաները զինուած պայքարի դուրս գալիս յանուն արժանապատիւ կեանքի, յանուն նրա, որ հողերը պիտի յանձնուեն Ատրպէյճանին։ Իսկ բանակցային ընթացքը դա է պարտադրում նախագահ Սերժ Սարգսեանին։ Արդէն այդ 800 հեքթարը, որն Ատրպէյճանը ապրիլեան պատերազմի արդիւնքում որպէս թանկարժէք աւար, յաղթանակի ապացոյց ցուցադրում է իր ժողովրդին, մեր նախագահը որակեց որպէս ամայի տարածք, նշանակութիւն չունեցող հող, վիրաւորելով հայ զինուորի արիւնը, որը նա թափեց այդ հողի համար։ Ժիրայր Սեֆիլեանին էլ ձերբակալեցին, որովհետեւ նա պատրաստւում էր կամաւորներից կազմըւած ջոկատով ազատագրել այդ տարածքը, յետ վերցնել։ Յիշենք խաղաղութեան Նոպելեան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Անդրէ Սախարովի խօսքերը ղարաբաղեան խնդրի վերաբերեալ, ասուած 1988-ի Սովետական Միութեան Գերագոյն Խորհրդի նիստին.
«Ատրպէյճանի համար Ղարաբաղը հեղինակութեան հարց է, իսկ հայերի համար՝ կենաց-մահու»։
Ուրեմն բաւ է, որ մի մեթր հող զիջենք, ողջ Ղարաբաղը եւ Ղարաբաղի հետ մէկտեղ Հայաստանը կը կործանուեն։ Թէ ինչի մասին են պայմանաւորուել երեք նախագահները Սանքթ-Պետերբուրգում Յունիսին կայացած հանդիպման ժամանակ, հանրութեանը յայտնի չէ, միայն գիտենք, որ Պաքուն դրական գնահատեց այդ հանդիպումը եւ խօսեց առաջընթաց արձանագրելու հնարաւորութեան մասին։ Բայց այն, ինչ դրական է Պաքուի համար, չի կարող դրական համարուել Հայաստանի եւ Արցախի համար, ուստի լուրեր տարածուեցին, որ Հայաստանը պիտի յանձնի Արցախի շուրջ անվտանգութեան գօտին։ Ահա եւ համբերութեան բաժակի վերջին կաթիլը։ Եթէ նախագահը ընտրուած լինէր ոչ թէ ընտրակեղծիքների շնորհիւ, այլ արդար ճանապարհով, գուցէ նա աւելորդ չհամարէր ժողովրդի հետ քննարկել մեզ յուզող հարցերը, բայց նա հաւաքում է միայն իր կուսակիցներին եւ կարգադրութիւններ անում, ինչպէս դա տեղի էր ունենում Սովետական Միութեան կուսակցական նիստերին։ Ժամանակ առ ժամանակ Յուլիսի 17-ի նման ընդվզումներ անպայման տեղի կ՚ունենան։ Ինչո՞վ դա կ՚աւարտուի։ Վախենում եմ, որ պարզապէս կ՚աւելանայ քաղբանտարկեալների թիւը, իսկ եթէ ժողովուրդը արթնանայ եւ փողոցները լեցնի, ապա Ռուսաստանի Դաշնութիւնը կը յիշի, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ օգնութեան կը հասնի։