Այլեւս չենք զոհուելու

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

«Հայ ծնուելը պատիւ է, ապրելը՝ պայքար է, մեռնելը՝ յաղթանակ», ասել է Վազգէն Ա. Կաթողիկոսը։

Եթէ այսօր ուշադիր նայէք հայաստանցիների դէմքերին, լինի դա փողոցում կամ սուփերմարքետում, համերգասրահներում եւ ցուցահանդէսներում կամ հեռատեսիլով՝ սկսած հաղորդավարներից եւ վերջացրած հաղորդման հիւրերից, ապա բոլորի մօտ անխտիր աչքերում կը նկատէք անեզր, անսահման, ինչպէս հայոց պատմութիւնն է, տխրութիւն։ Միայն զինուորը չէ դիրքաւորուած յենակէտում սպասում հակառակորդի տեղաշարժին։ Արդէն նաեւ Նախիջեւանի կողմից։ Տանը հանգիստ նստել հնարաւոր չէ եւ ռազմաճակատ են մեկնում բոլոր նրանք, ովքեր մասնակցել էին առաջին արցախեան պատերազմին։ 24 տարի անց։

«Ո՞նց ես, տղա՜յ ճան, քեզ լաւ նայի», -զգուշացնում են հարազատները գրպանի հեռախօսով առաջնագծում ծառայող զինուորին։ «Մենք կանգնած ենք, մենք մեր գործն ենք անում»,-պատասխանում է զինուորը եւ ընդունում հերթափոխը։ 2 Ապրիլ 2016-ի առաւօտուայ 4-ն է։ Ո՛չ ոք չգիտէր, թէ ինչ էր կատարուելու 5 րոպէ յետոյ, իսկ յետոյ այդ զինուորը հերոսաբար ընդունեց մարտը, չնահանջեց եւ ընկաւ իր ընկերների հետ։ Միայն Ապրիլի 11-ին Կարմիր Խաչի միջոցով հնարաւոր եղաւ ստանալ 18 զինուորների դիերը։ Դեռ յոյս ունէինք, որ գուցէ գերի են ընկել եւ ողջ կը վերադառնան, սակայն ատրպէյճանական գերութիւնը միայն մահ է խոստանում եւ այն, թէ ինչ է անում նրանց բանակը ողջ թէ զոհուած հակառակորդի հետ, գնահատւում է որպէս պատերազմական յանցագործութիւն։

Իսկ մի՞թէ միայն Ատրպէյճանն է յանցագործ։ Մենք, հազարամեակների պատմութիւն ունեցող ազգ, գիտենք մեր մեղքերը աւելի լաւ, քան ոեւէ մէկը։ Յանցաւորը մեր հանդուրժողականութիւնն է։ Այս լուսաւոր տղերքի յուղարկաւորութեան ժամանակ, հարազատներից ոչ ոք ատելութեամբ չէր լեցուած թշնամու հանդէպ։ «Մե՜նք ենք մեղաւոր, մեր միջի չարիքը չհանելու համար է, որ հողին ենք յանձնում մեր երախաներին»,-ասաց հարազատներից մէկը։ Շատ մեղմ է ասուած, որովհետեւ իմ կարծիքով Հայաստանի ղեկավարները պարզապէս պետական յանցագործներ են, նրանց խղճի վրայ է մեր տղաների արիւնը։ Նրանց պէտք է դատել «յանկարծակի յարձակում Ատրպէյճանի կողմից» յայտարարութեան համար։ Հակառակորդը նաւթ է վաճառում եւ սպառազինւում է, զէնքեր է գնում Ռուսաստանից ու Իսրաէլից… Իսկ Հայաստանը պարտքեր է կուտակում, արդէն չորս միլիառ պետական պարտք ունենք. ճիշդ այնքան, որքան դիզել է երկրորդ նախագահը իր նախագահութեան օրով։ Բացի այդ յայտնի է դարձել, թէ որքան միլիառներ են դուրս հանուել երկրից. գրեթէ 10 միլիառ, թէեւ ես լսել եմ շատ աւելի մեծ թուի մասին։ Եւ փոխանակ այդ թալանի յետեւից ընկնեն, ողբում են, թէ ինչու է Ռուսաստանը տասնեակ երկրներին իրենց միլիարդաւոր պարտքերը ներում, իսկ Հայաստանին՝ ոչ։ Ահա վերջերս եւ Ուզպէքստանին որոշեց ներել 886 միլիոնանոց պարտքը, թողնելով միայն 25 միլիոնը։

Սկսած 2002-ից իրականացւում է «գոյք պարտքի դիմաց» ծրագիրը, որի արդիւնքում Հայաստանը պարտքերի դիմաց ՌԴ-ին փոխանցեց «Մարս» գործարանի տարածքը, Հրազդանի ՀԷԿ-ը, Սեւան-Հրազդան ՀԷԿ կասկադը, երկու գիտահետազօտական ինստիտուտներ։ Արդեօք դրանք պէտք չէի՞ն լինի պատերազմի մէջ գտնուող Հայաստանի համար, որը թէեւ նաւթ չունի, բայց գիտական այնպիսի ներուժ ունի, որ կարող է միջուկային զէնք արտադրել։ Վերջապէս «Հայռուսգազարդ»ի բաժնետոմսերի վերջին 10%-ը զիջեցինք ՌԴ-ին։ Մեր ղեկավարները չկարողացան ձերբազատուել պոլշեվիկեան կայսերապաշտամունքից, տրուելով միակ դաշնակցին եւ երկրպագելով Քրեմլին։ Պատճառը՝ Կիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռազմակայանն է, որը զսպում է Թուրքիայի ոտնձգութիւնները։ Բայց մի՞թէ այդ կայանը մեզ համար է տեղակայուած։ Մեր սիրուն հայի աչքերի։ Այս ապրիլեան լայնածաւալ գրոհը ցոյց տուեց իրական դաշնակիցներին, դրանք երեքն են. առաջնագծում կանգնած զինուորը, հայ զինուորը եւ կրկին այդ զինուորը։ Ահա այս երիտասարդների, նրանց կեանքի եւ երիտասարդութեան մէջ պէտք է ներդրումներ կատարել։ Այն փայլուն երիտասարդութեանը, որի դէմ երկրի նախագահը դուրս է հանում ոստիկանական զօրքերը։ Երիտասարդներին ծանօթ չէ սովետական ստրկամտութիւնը եւ նրանք համարժէք են վերաբերւում Ատրպէյճանին զէնք մատակարարողներին։ Նրանք պաստառներով դիմաւորեցին ռուս բարձրաստիճան պաշտօնեաներին եւ ես դէմ եմ այդ պաստառների «հակառուսական» բնորոշումին. դրանք հակապատերազմական էին։ Իսրայէլից ժամանած հիւրերին էլ դիմաւորեցին պաստառներով եւ իսրայէլցիները ներողութիւն խնդրեցին իրենց պետութեան համար. նրանք պաշտօնեաներ չէին, այլ՝ մտաւորականներ էին, ուստի անկեղծ էին եւ կարող էին սեփական մօտեցում ունենալ փաստի հանդէպ։ Իսկ հոլոքոստի եւ ցեղասպանութեան ինստիտուտի տնօրէն Իսրայէլ Չարնին «The Time of Israel» պարբերականի յօդուածում ամօթով գրեց իր խոցուած, զայրացած լինելու մասին. «Արդեօ՞ք Իսրայէլը մահացու անօդաչուներ կը վաճառէր Հիտլերին»։ Սակայն կրկին դառնանք ինքներս մեզ. ի՞նչ աշխատանք ենք տարել մենք եւ մեր դիւանագէտները, որպէսզի աշխարհը իմանայ մեր եւ ատրպէյճանցիների անհամատեղելիութեան մասին, որ մենք չենք կարող ականջ կտրողների եւ գերիներին խոշտանգող անմարդկային տեսակի հետ միեւնոյն պետութեան կազմում գոյատեւել։ Մենք ողջ անկախութեան տարիների ընթացքում հանդուրժել ենք պետական թալանին, խուսափելով ցնցումներից եւ այժմ հասկացանք, որ դա բառիս բուն իմաստով դէպի մահ տանող ճանապարհ է։ Պետութիւնը միայն երիտասարդի հերոսութեամբ չի պահուի։ Ստացւում է, որ կեանքը՝ պաշտօնեաների համար է, իսկ մահը՝ զինուորի։ Դղեակները՝ թալանչիների համար են, իսկ զինուորի տեղը՝ Եռաբլուրն է։ Բաւական է, սթափուէ՜ք։ Եւ հանէք այդ մահուան գաղափարը՝ սկսած մեր օրհներգից։

Բայց երանի, որ իւր ազգի

Ազատութեան պիտ ապրի։

Այս տարբերակն են գերադասում մատաղ սերունդները եւ միայն այս տարբերակով հնարաւոր կը լինի ձերբազատուել հայի աչքերի մէջ պատսպարուած տխրութիւնից…

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ