ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Այսօրուայ գրութեանս մեծերը 18-20 տարեկան զինուորներն են։ Նրանց մեծութիւնը թոյլ չտուեց այդ երիտասարդներին հասակ առնել, ընտանիք կազմել, պարզապէս ապրել, հիանալով Աստծոյ եւ մարդու ստեղծած հրաշալիքներով եւ այս կամ այն կերպով իրենց ներդրումը բերել այդ հրաշագործութեան մէջ։ Այդ տղաներին մահը սիրահարուեց եւ իր գիրկն առաւ… Նրանք ընկան իմացեալ մահով եւ մենք բոլորս յայտնուեցինք տարբեր մի իրականութեան մէջ։ Այդ իրականութիւնը այսույետ պարտաւորեցնում է մեզ ապրել իմացեալ կեանքով։
Պատերազմ, որը ո՜չ սկիզբ ունի, ո՜չ էլ աւարտ
Փաստօրէն պատերազմը երբեք էլ չէր աւարտուել։ 1991-1994 թթ. պատերազմում յաղթած Հայաստանը քաղաքականօրէն չամրագրեց իր յաղթանակը, այլ միայն համաձայնեց ստորագրել զինադադարի պայմանագիրի տակ։ Երբեք չկարողացաւ ապացուցել աշխարհին, որ զաւթող չէ, այլ ընդամէնը պաշտպանուող։ Նոյնիսկ Հոճալուի իրական պատմութիւնը չկարողացաւ հասցնել միջազգային հանրութեանը։ Եւ սկսուեց երկարաշունչ բանակցային գործընթաց, որի ատեն զինադադարի պայմանագիրի ստորագըրութեանը հանդէս եկող Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցութիւններից։ Հետաքրքիր է, որ նոյնիսկ ռուսական հեռուստատեսային վիճաբանութիւնների ժամանակ, Ատրպէյճանի ներկայացուցիչը Ղարաբաղը յամառօրէն անուանում է Ատրպէյճան, իսկ ղարաբաղցուն՝ ատրպէյճանցի… հայկական ծագումով։ Սա մեր տարածքն է եւ վերջ, իսկ հայերին ռուս գրող եւ դիւանագէտ Ալեքսանդր Գրիբոյեդովն է բերել եւ բնակեցրել Ղարաբաղում։ Նոյնիսկ Երեւանը ատրպէյճանական տարածք է ըստ ատրպէյճանցիների յօրինած պատմութեան։
Կրակի դադարը երբեք չպահպանուեց Ատրպէյճանի կողմից. կրակի եւ կեանքերի հետ խաղացող հակառակորդից հայ զինուորը ընդամէնը պաշտպանւում էր՝ Լեռնային Ղարաբաղի բանակը կոչելով պաշտպանական բանակ։ Կրակոցներին այնքան են վարժուել Ղարաբաղ եւ Հայաստան-Ատրպէյճանական սահմանի բնակիչները, որ զարմանում են միայն այն ժամանակ, երբ յանկարծ կրակոցները ինչ-որ պահ դադարում են։ Եւ այս 22 տարիների ընթացքում միշտ զոհեր եւ նահատակներ են եղել, եւ այդ փաստի հանդէպ ցուցաբերուել է բացարձակ անտարբերութիւն։ Իսկ նահատակւում էին 18-20 տարեկանները…
Կեանքը վաճառքի հանած վերնախաւը հարստանում էր ծնողների երկիւղից, որոնք փրկելով զաւակներին «էշ նահատակի» հեռանկարից, մեծ գումարներ էին վճարում՝ առաջնագծում չծառայելու համար։ Պատրաստ էին նոյնիսկ քաղաքի կեդրոնում գտնուող տունը վաճառել, միայն թէ փրկեն որդու կեանքը դիպուկահարի փամփուշտից։
Սուրբ նահատակներ
Եւ ահա եկաւ Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերուայ գրոհը Ատրպէյճանի կողմից։ Յարձակմանը պատրստուել էին 30 տարեկանից ոչ պակաս յատուկ գրոհայիններ, որոնք վերադարձան տուն… դագաղների մէջ որպէս էշ նահատակներ։ Աշխարհը աչքերը չռած նայում էր, թէ ինչպէս աշխարհացրիւ հայ ժողովուրդը մի մարդու պէս ինքնակազմակերպուեց եւ նետուեց կրակը բռնկուելու վայր, որպէսզի այն մարեցնի։ Այս անգամ հերթ էին կանգնում՝ առաջնագիծ գնալու համար։
Մինչեւ հիմա էլ, գրեթէ ամէն օր զոհւում են տղաները, աւելի յաճախ հերոսաբար նահատակւում, բայց համայն հայութիւնը սխալմամբ օգտագործում է «քառօրեայ պատերազմ» եզրոյթը։ Վերլուծաբանները, նայած ով որ երկրի սիրահար է, Ալիեւի յետեւում տեսնում են կամ ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին կամ Թուրքիային։ Թուրքիան չի թաքցնում, որ խրախուսում եւ հովանաւորում է իր փոքր եղբօրը։ ԱՄՆ-ին մատնանշողները պարզաբանում են, որ այդ գերտէրութիւնը ուզում է ապակայութացնել Ռուսաստանի տիրոյթը։ Իսկ Ռուսաստանը երկու կողմերին զէնք է վաճառում, որպէսզի ամենաթէժ պահին կասեցնելով հայերի առաջխաղացումը, ցոյց տայ, թէ ով է իրավիճակի տէրը այս տարածաշրջանում եւ ում են պարտական երկու կողմերը կրակի մարեցման համար։ Եւ ոչ ոք չի ուզում հաշուի նստել այն տարբերակի հետ, որ Ատրպէյճանը երբեք չի հաշտուի իր պարտութեան հետ եւ վերցնելով ընդմիջում կրկին ու կրկին կը վերադառնայ՝ հայերին նոր հերոսներ պարգեւելու համար։ Եւ մեր անկատար աշխարհի վրայ շարունակ պիտի նայեն ազնիւ, մաքուր, անձնուրաց երիտասարդների աչքերը, որոնք կը խօսեն մեզ հետ արդէն երկնքից, հազիւ մի քանի քայլ արած երկրի վրայ։ Նրանք կը խնդրէն «իրենց բացակայ չդնել»…