ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ինչո՞ւ է չարը միշտ յաղթանակում, մի՞թէ այն աւելի ուժեղ է, քան բարին։ Նոյնիսկ երախային եթէ չպատժես նրա չար արարքի համար, նա անպատժելիութիւնից չարագործ կարող է դառնալ։ Իսկ ցեղասպանութիւնը իրագործելու համար բանտից ազատ էին արձակուել մարդասպաններ, որոնցից ստեղծուեց յատուկ կազմակերպութիւն (Թեշկիլաթը Մահսուսա) եւ նրանք՝ պատիժի փոխարէն ազատութիւն ստացած եւ խրախուսուած, այնպիսի աներեւակայի դաժանութիւն էին ցուցաբերում հայերին ոչնչացնելու արիւնահեղ գործում, որը միայն նրանց այլայլուած մտքով կարող էր անցնել։ Դարը կատարեց իր հարիւրամեայ պտոյտը եւ ցեղասպանութիւնը վերադարձաւ իր մեկնակէտին արդէն Ատրպէյճանի սանձարձակ գործողութիւնների եւ Ատրպէյճանին դաս տուող Թուրքիայի տեսքով։
Ճանաչել Արցախը
«Բարեւ»,-ասաց հոլիվուտեան գերաստղ Ճորճ Քլունին Ապրիլի 22-ին, ոտքը դնելով հայկական հող, մեծագոյն հրճուանք պատճառելով երիտասարդ երկրպագուներին։ Սակայն այս պատկերի մէջ աւելի մեծ հրճուանք պիտի պատճառի ոչ թէ Քլունին կամ որեւէ մի ուրիշ աստղ, այլ՝ հողը։ Մեր հողը։ Տեսե՞լ էք ասորիներին կամ գնչուներին։ Շատ համակրելի ժողովուրդ են, էթնոս, բայց ինչ-որ բան կարծես թէ պակասում է։ Սեփական հող չունեն։ Արմատ։ Այսպէս եւ մենք, հայերս, այսօր կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առջեւ։ Ի լուր աշխարհի հայերին. Ատրպէյճանը «իր» տարածքը վերադարձնելու հարցը վճռել է լուծել պատերազմի ճանապարհով։ Այս քառօրեայ Blitzkrieg-ը, այսինքն կայծակնային պատերազմի տարբերակը ցոյց տուեց նրանց թանկարժէք սպառազինութիւնը եւ զէնքին չտիրապետելու իրողութիւնը։ Օրինակ, Մարդակերտի Հողաթափ գիւղից եկած մի ղարաբաղցի պատմեց, որ 40 ռումբ են նետել իրենց գիւղ եւ ոչ մէկը չի պայթել։ Ի՞նչ կը լինէր, եթէ պայթէր։ Ի՞նչ կը լինի, եթէ պատերազմի մէջ ներքաշուի նաեւ Հայաստանը։ Ցեղասպանը մտնի մեր քաղաք, փողոց, տուն։ Իսկ որ դա ցեղասպան է, կասկած չկայ։ Ինչպէս ասաց թուրք գրող Սաիթ Չետինօղլուն, որը մասնակցում էր Ապրիլի 23-ին Երեւանում կայացող «Ընդդէմ Ցեղասպանութեան Յանցագործութեան» կլոպալ ֆորումին, Թուրքիան արտահանում է ցեղասպանութիւնը։ Իսկ միւս մասնակից՝ Եւրոպական Խորհրդարանի պատգամաւոր Ֆրանք Էնկելն ասաց. «եթէ մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, կարող է տեղի ունենալ եւս մէկ ցեղասպանութիւն»։
Իսկ այն կանխելու համար առաջին հերթին պէտք է պայքարել ցեղասպանութեան ճանաչման հետ մէկտեղ Արցախի ճանաչման համար, որովհետեւ դա կը նշանակի պայքարել Արցախի եւ Հայաստանի բնակչութեան ողջ մնալու իրաւունքի համար։
Աւրորա մրցանակ յանուն մարդասիրաց
Ապրիլի 24-ին Երեւանում կայացաւ կարեւոր մի արարողութիւն, «Աւրորա» մրցանակաբաշխութիւն, որի շուրջ համախմբուել էր համայն աշխարհի բարի մարդկանց ընտրանին։ «Աւրորա» մրցանակ յանուն մարդասիրաց (Aurora Prize) հիմնադրել են երեք հայորդիներ. երեւանցի Ռուբէն Վարդանեանը, որը գործարար է Ռուսաստանից, պէյրութցի Նուպար Աֆեյեանը ԱՄՆ-ից եւ թավրիզեցի Վարդան Գրիգորեանը, Քառնեգի հիմնադրամի նախագահ, պատմութեան եւ հումանիտար գիտութիւնների տոքթոր, փրոֆէսոր Նիւ Եորքից։ Իրենց յայտարութեան մէջ հիմնադիրները նշել են, որ «Աւրորան կոչուած է մեծարել մերօրեայ հումանիստներին, որոնք սեփական կեանքը վտանգելով փրկում են ուրիշներին»։
Մրցանակի ներկայացուած էին 186 յաւակնորդներ 27 երկրներից, որոնցից ամէն մէկը ըստ Վարդան Գրիգորեանի ցուցադրում էր մարդկային ոգու զօրութիւնը։
Ահա ֆինալում յայտնուած 4 յաւակնորդները.
1 Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, մարդու եւ աշխատաւորների իրաւունքների պաշտպան, Փաքիստանի կախեալ շահագործուողների ազատագրութեան ճակատի գլխաւոր քարտուղար. եղել է ստրկութեան մէջ, 35 տարի պայքարել է աղիւսի գործարանի բանուորներին ստրկութիւնից ազատելու համար։ Ստիպելով բանուորներին տէր կանգնել իրենց իրաւունքներին, փրկել է աւելի քան 80 հազար մարդ ստրկութիւնից։
2 Ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինա, Սուդանի՝ կէս միլիոնանոց Քաուդա բնակավայրի «Գթութեան Մայր» հիւանդանոցի միակ վիրաբոյժն է։ Սուտանում 2011-ից ընթանում է քաղաքացիական պատերազմ եւ վիրաբոյժը աշխատում է շաբաթուայ եօթ օր, օրեկան 24 ժամ, հասանելի լինելով խոշտանգուածներին եւ յուսահատներին։
3 Հայր Պերնարտ Քինուի. Կեդրոնաաֆրիկեան Հանրապետութիւնից, Բոսեմտելէ քաղաքի կաթոլիկ առաքելութեան վանահայր, աշխատում է այնքան դժուար պայմաններում, որ նկարահանող խումբը չկարողացաւ մօտենալ նրան եւ մրցանակաբաշխութեանը ցուցադրեցին արխիւային նիւթ։ Նա աշխատում է 2010-ից կաթողիկ եկեղեցում եւ երբեք չի նահանջի ու կը մնայ նրանց կողքին, ովքեր ենթարկւում են մուսուլման խմբաւորումների կողմից յարձակման եւ խոշտանգումներին։
4 Մարգարիտ Բարանկիցէ. Ռուանտայի ցեղասպանութեան, քաղաքացիական պատերազմին հիմնել է հիւանդանոց, որտեղ օգնութիւն են ստացել 80 հազար մարդ, խնամել է փախստականներին եւ մայր դարձել տասնեակ որբերի համար։ Վայրագութիւններին պատասխանել է անձնազոհութեամբ։ Բարանկիցէի եօթ երախաներին սպաննել էին իր իսկ աչքի առաջ։
Վերջապէս բեմ դուրս եկաւ Ճորճ Քլունին Ռուբէն Վարդանեանի հետ եւ հոլիվուտեան աստղն ասաց. «Այս օրերին ես հասկացայ, որ Հայաստանում ամենասիրած բանը կենաց ասելն է։ Ռուբէն, Վարդան եւ Նուպար, այն ինչ դուք անում էք, բացառիկ է եւ դուք աւելի լաւն էք դարձնում աշխարհը»։
«Աւրորա» մրցանակը շնորհուեց Մարգարիտ Բարանկիցէին, այն կազմում էր 100 հազար տոլար եւ մէկ միլիոն, որը Բարանկիցեն ինքը կը շնորհի կազմակերպութիւններին՝ մարդասիրական օգնութեան նպատակով։ Միւս երեք յաւակնորդները կը ստանան 25 հազար տոլար նուիրատուութիւն՝ ուղղելու համար այն կազմակերպութիւններին, որոնք ոգեշնչել են նրանց։
«Որեւէ բան չի կարող յաղթել սիրոյն՝ ո՜չ բանակները, ո՜չ ատելութիւնը, ո՜չ հետապնդումները, ո՜չ սովը։ Ոչինչ», -ասաց Բարանկիցէն։
Ով կարող է ռուանտացի այս հերոս կնոջը հասկանալ աւելի լաւ, քան ցեղասպանութիւն տեսած հայը։