ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ինչպէ՞ս արձագանգեցին Ապրիլեան քառօրեայ (Ապրիլ 2-5) պատերազմին տարբեր երկրներ.
Բելառուսի արտգործնախարարութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս նշեց, որ «Մտահոգուած է Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական ակտիւ գործողութիւնների վերսկսմամբ»։ Ղազախստանի արտգործնախարարութեան արձագանքը հետեւեալն էր. «Լուրջ մտահոգութիւն ենք յայտնում Ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի խախտման եւ մարդկային կորուստների վերաբերեալ հաղորդումների առնչութեամբ»։ Վրաստանի պաշտպանութեան նախարարը կարեւորեց խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը։ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը անընդունելի համարեց լարուածութեան սրացումը Ղարաբաղում եւ կոչ արեց կողմերին դադարեցնել կրակը։ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը կոչ արեց անմիջապէս դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ պահպանել հրադադարի ռեժիմը։ Իսրայէլ-Հայաստան պատգամաւորական բարեկամական խումբի ղեկավար, Կնեսետի փոխխօսնակը խստօրէն դատապարտեց Ադրբեջանի գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի դէմ եւ կոչ արեց հաստատել խաղաղութիւն, նշելով, որ խաղաղ լուծումը երկարատեւ գործընթաց է։
Անպէտք միութիւններում ենք
Մէկ տարի առաջ Հայաստանը յանուն իր գլխաւոր դաշնակից Ռուսաստանի մտաւ Եւրասիական Տնտեսական Միութիւն (ԵՏՄ) եւ Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւն (ՀԱՊԿ)։ Ի՞նչ տնտեսական կամ անվտանգութեան օգուտ ունի Հայաստանը այս անդամակցութիւններից։ Ղարաբաղեան ապրիլեան ողբերգութեան արդիւնքում մենք յիրաւի տեսանք, թէ ինչ դաշնակիցների հետ ենք միաւորուել ի դէմս Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի։
Տարօրինակ միութիւնների մէջ ենք գտնւում անկեղծ ասած. Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը աւելի հակուած են Ադրբեջանին եւ Թուրքիային, քան դաշնակից Հայաստանին։ Բելառուսի արտգործնախարարը ապրիլի 2-ին ոչ թէ դաշնակցի հետ հեռախօսով կապուեց իրավիճակի սրման վերաբերեալ, այլ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ եւ սկզբից հանդէս եկաւ յայտարարութեամբ, որտեղ կոչ արեց հաւատարիմ մնալ տարածքային ամբողջականութեանը։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը, հրաւիրելով Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին Արտգործնախարարութիւն, արտայայտեց իր զայրոյթը Բելառուսի դիրքորոշման առթիւ, որից յետոյ մեր տարօրինակ դաշնակիցը փոխեց իր որոշակի կոչը անորոշի։ Ինչ վերաբերում է մեր միւս դաշնակից Ղազախստանին, ապա վերջինս հրաժարուեց ժամանել ապրիլի 8-ին Երեւան՝ մասնակցելու ԵՏՄ-ի վարչապետների նիստին, պատճառաբանելով, թէ իբր Երեւանում անցկացուող նիստը կը դիտուի որպէս Ղարաբաղեան հակամարտութեան կողմերից մէկին սատարելը։ Եւ վարչապետ Յովիկ Աբրահամեանը մեկնեց Մոսկուա՝ Ապրիլի մասնակցելու համար 13-ին այդ նիստին։
Միակողմանի սիրոյ արդիւնք
Այժմ անդրադառնանք մեր 200 տարուայ սիրոյ՝ Ռուսաստանին։ Համացանցում կարելի է գտնել մի մեծ պատկերաւոր ցուցակ, որի մէջ թուարկւում են 2009-2015թթ. Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառուած զէնքի տեսակները։ Դրանց թւում են 150000 միաւոր ինքնաձիգները, նռնակները, հակատանկային հրթիռային համակարգերը, 18 միաւոր կրակի համազարկային համակարգեր TOC-1A, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանութեան համակարգեր, զենիթահրթիռային համակարգեր եւ… ուշադրութիւն. BM-30 համազարկային համակարգ, որի անունն է «Սմերչ» եւ այն ներկայացնում է իրենից զանգուածային ոչնչացման զէնք։ Այս մահաբեր զէնքը ամէնաաւերիչն է միջուկային զէնքից յետոյ. 40 երկվայրկեանում արձակում է 12 հրթիռ, որոնք անցնելով 90 կմ, ունակ են ոչնչացնել 67 հեկտար տարածքի վրայ գտնուող ողջ կենդանի ուժը։ 18 միաւոր «Սմերչ» է գնել Ադրբեջանը Ռուսաստանից։ Դեռեւս 2014-ին, երբ գնուեց այդ զէնքը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետեանը սարսափեց.
«Սմերչ» արտադրում է միայն Ռուսաստանը եւ մեր տարածաշրջանում այն հաւասարազօր է ատոմային ռումբին։ Եթէ ռուսական կողմը այդ վաճառքը պայմանաւորում է business-ով, ապա թող վճարի ռուսական ռազմակայանի դիմաց, որը տեղակայել է Հայաստանում, հակառակ դէպքում մենք էլ կը զբաղուենք business-ով եւ կը վաճառենք այն մի ուրիշ պետութեան։ Պետութիւն ասուածը աւելի վեհ հասկացութիւն է, քան առեւտուրը։ Ռուսաստանը գործարա՞ր է թէ լուրջ պետութիւն ։ Երեւակայէք, որ այդ զէնքը ուղղուի Ստեփանակերտի վրայ։ Հազարներով մարդիկ կը զոհուեն»։
Այժմ համաձայն ենք, որ այսքան զէնքով համալրուած բանակը չէր կարող յարձակում չիրականացնել, հանդէս գալով մեր սահմաններին ապրիլի 2-ին իր ողջ ձեռք բերուած զինուժով։ «Սմերչ»ը նոյնպէս կիրառուեց, բայց… Կեանքիս մէջ երբեք այդքան չէի ծիծաղել, որքան realnews.am կայքում 07.04.2016–ին տեղադրած լուրը կարդալիս.
«Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական քուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնուած եւ Ադրբեջանի կողմից կիրառուած «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ Սա պատմութեան մէջ չլսուած դիպուած է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զէնք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը պարզապէս թանկարժէք զէնքի կոյտի պահեստ է, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահաւոր կորուստներ կրեց ու հետ շպրտուեց ոչ միայն հայոց բանակի եւ զինուորի անձնազոհ պայքարի, այլեւ սեփական տխմարութեան պատճառով»։
Այսպիսով, աստուած թող մեզ փրկի մեր «դաշնակիցներից», իսկ թշնամիների հետ մենք ինքներս կարող ենք առճակատուել։