ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Հայաստանցիների բառապաշարում կան բառեր, որոնք վերցուած են օտար լեզուներից (մասնաւորապէս թրքերէնից ու ռուսերէնից), սակայն օգտագործւում են նոր, ուժեղացուած իմաստով, օրինակ, թրքերէնից վերցուած yol բառը ոչ մի ընդհանուր բան չունի թրքերէն «ճանապարհ»ի հետ. հայաստանցին ասում է «եօլա ենք գնում», որպէսզի բացատրի իր վիճակը, երբ մարդ ծայրը ծայրին է հասցնում եւ որը իրականում համապատասխանում է թրքերէն idare etmek բառակապակցութեանը։ Իսկ եթէ հայաստանցուն պարզաբանես, որ «ճան» թրքերէն նշանակում է «հոգի», նա երբեք չի փոխարինի այդ բառը հայկական բառով։ Մարդու մասին «խիեար» են ասում, եթէ նա իրենից բան չի ներկայացնում (հայերէն «վարունգ»ը օգտագործւում է միայն բանջարեղէնի իմաստով)։ Այժմ տեսնենք, թէ ինչպէս է իր հայրենիքում եօլա տանող ժողովուրդը, որը հացի խնդիր ունի եւ ստիպուած մեկնում է Հայաստանից դուրս, պատերազմի սպառնալիքի ներքոյ վերադառնում է հայրենիք, կռիւ տալիս եւ ընկնում քաջի մահով։
Փա՜ռք քեզ, Զինուոր։ Ես քո ճանին մեռնեմ
Այս ի՛նչ կատարուեց մեզ հետ 2016-ի Ապրիլին։ Մի՛ մարդ էինք դառել։ Մի՛ զինուոր։ Մի՛ սիրտ։ Մի՛ մայր եւ մի՛ որդի։ Մենք-ը ես էր դարձել եւ այդ ես-ը սիրուց պատրաստ էր պայթել։ Ահա թէ ինչ արեց հայ ազգի հետ Ատրպէյճանի ատելութեան պայթիւնը։ Այնպիսի սիրոյ ալիք առթնացրեց մեր մէջ՝ միմեանց հանդէպ, մեր ծնած հողի հանդէպ, որ մեր ողջ էութիւնը թնդաց։ Արցունքներ էին յորդում այս քառօրեայ (2-5 Ապրիլ) պատերազմի ընթացքում, յետոյ ընկած հերոսների որոնումներին, յետոյ… յետոյ երբ առաջին պատերազմի (1991-1994) մարտիկները ջոկատ առ ջոկատ մեկնեցին առաջնագիծ, հայրերը կանգնեցին որդիների կողքին՝ նրանց հրամանատարութեան ներքոյ, հիանալով մատաղ սերունդի արիութեամբ։ Որքա՛ն հերոսական դէպքեր արձանագրուեցին նորօրեայ պատմութեան մէջ, որտեղ անձնազոհութիւնը, իր վրայ կրակ վերցնելը՝ որպէսզի ընկերները փրկուեն, դարձան սովորական երեւոյթ։ Ամէն մահ հերոսութիւն չէ։ Զինծառայողներն ասում են, որ հերոսը նա է, ով պոյ է տուել։ Կրկին ռուսական բառ՝ պոյ, լատինատառով boy, այսինքն մարտի բռնուել։ Հերոսանում է նա, ով մարտնչում է անհաւասար կռւում։ Որքա՛ն այդպիսի հերոսներ ունեցանք այս պատերազմում։ Էպոսացան մեր հերոսները։ Հերոս չունեցող ազգը էպոս չի կարող ունենալ, բայց մենք ունենք, որովհետեւ մենք հազարամեակներից մեր ճամբան բռնած ազգ ենք, եւ հասել ենք 21-րդ դար շնորհիւ մեր հերոսութեան։ Հայ ընդհանրապէս նշանակում է հերոս-ազգ։
Տուխով տղաներ
Մեր տղաները սովորական տղաներ չեն, նրանք տուխով տղաներ են։ Ի՞նչ է դա նշանակում։ Հայերէն «ոգի» բառը գրական, մի տեսակ պաշտօնական բնոյթի է, որը բաւականին թոյլ է արտայայտում այն ուժը, որ ներդնում է հայաստանցին ռուսերէնից վերցրած «տուխ» բառի մէջ (լատինատառ duch)։ Չկայ այսօր հայաստանցի, որը «տուխով տղաներ» արտասանելիս կարողանայ զսպել արցունքները։ Եւ ինչպէս է հնարաւոր դիմանալ ու հաշտուել այն իրավիճակի հետ, երբ երկու օրուայ զօրակոչուած 18 տարեկան պատանին եւ 20 տարին լրացած մարտիկը, որին մի քանի օր է մնում զօրացրուելուն, իրենց անկոտրում տուխով պաշտպանում են մեր հողը եւ յետ շպրտում կատաղի հրոսակախմբին։ Ի դէպ, երբ ասում եմ հայաստանցի, ի նկատի ունեմ նաեւ արցախցուն։ Դարեր ի վեր Արցախը եղել է հայկական հող. Մեծ Հայք պետութեան (Ն.Ք. 331- Ք.Յ. 428) 15 նահանգներից 10-րդ էր։ Իսկ ատրպէյճանական բանակը անուանեցի հրոսակախումբ, որովհետեւ առանձնակի դաժանութեամբ սպաննել ծերերին, կտրելով նրանց ականջները, գլխատել դիակները կամ կտրել վերջոյթները, ուղղել զէնքը դպրոցի կամ շտապօգնութեան վրայ… կը ներէք, դրանք զինուոր կոչուելու իրաւունք չունեն։ Նրանք ոչ թէ պատերազմում են, այլ ցեղասպանում. նրանց մեր տարածքն է պէտք, որին մենք հող ենք ասում։ Եւ նրանք սկսում են յարձակումը, այնուհետեւ փախչում, որովհետեւ նրանց դէմ կռւում են այդ հողի ծնած հերոսները։
Եթէ արցախեան առաջին պատերազմի սխրագործութիւնների ու յաղթանակների մասին տեղեակ էին միայն մեր ազգն ու օտար պատմաբաններն ու քաղաքագէտները, ապա այս պատերազմը կատարւում է համայն աշխարհի աչքի առաջ, որը ակնթարթօրէն եւ մանրամասն տեղեկանում է եղելութեան մասին եւ արձագանգում։ Ահաւասիկ մի արձագանգ, որը տեղ գտաւ «Երեւանեան աշխարհաքաղաքական ակումբ» կայքում։ Պուլղարացի յայտնի գրող, հրապարակախօս, քաղաքագէտ եւ հասարակական գործիչ Փլամէն Փասքովը կիսւում է իր մտորումներով, որը ներկայացնում եմ ստորեւ.
Հայերը հերոս ազգի կոչման քննութիւն տուեցին
Ինձ յանկարծակիի չբերեց Ատրպէյճանի յարձակումը Լեռնային Ղարաբաղի վրայ։ Աշխարհաքաղաքական տեսանկիւնից դա կանխատեսելի զարգացում էր։ Բայց ինձ զարմացրեց, նոյնիսկ ցնցեց մի ուրիշ բան։ Հայաստանն իր տարածքով 3 անգամ փոքր է Պուլղարիայից եւ մօտ 2 անգամ աւելի փոքր է Ատրպէյճանից։ Բնակչութիւնը 2,5 անգամ զիջում է Ատրպէյճանին։ Հայաստանը չունի կասպեան նաւթ, չունի թիկունքին կանգնած հզօր Թուրքիա, ընդհակառակը, ունի ստիպուած ամենամեծ օդակայանը, որովհետեւ Հայաստանը շրջապատուած է երկրներով եւ ժողովուրդներով, որոնք պատրաստ են ամէն վայրկեան վերացնել նրան եւ պարել նրա ոսկորների վրայ։ Ուստի Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ բարձր կենսամակարդակ, մեծ բանակ եւ ռազմական պիւճէ։ Սահմանն ահռելի չափսերի է, եւ ամբողջ սահմանը կարելի է անուանել ռազմաճակատ՝ բացառութեամբ Վրաստանի եւ մի փոքր կտոր Իրանի։ Ռազմավարական տեսանկիւնից պաշտպանել նման երկիրն ու ժողովրդին անիրական առաքելութիւն է, իսկ լայնածաւալ պատերազմել՝ առաւել եւս։ Այդուհանդերձ Ատրպէյճանը շփման գծի ամբողջ երկայնքով յարձակուեց, այն էլ ոչ թէ Հայաստանի, այլ՝ Արցախի վրայ։ Արցախցիները ցոյց տուեցին, որ պատրաստ են կռուել մինչեւ վերջ։ Իսկ այն, որ նրանք սկզբում կորցրեցին մի քանի յենակէտ, միանգամայն բնական է. 5-6 զինուոր իւրաքանչիւր յենակէտում երկար չեն կարող դիմակայել ծանր զրահաթեքնիկային, նոյնիսկ եթէ զոհուեն հերոսի մահով։ Հրաշքներ լինո՞ւմ են։ Պարզւում է, որ լինում են։ Ես մի ցնցող տեսանիւթ տեսայ. հայ տղաները, զինուորական համազգեստ հագած, ռազմաճակատ մեկնելուց առաջ պարում են իրենց սիրելի աղջիկների, քոյրերի, մայրերի հետ։ Ու այդ ամէնը կատարւում է իրենց մի քանի անգամ գերազանցող հակառակորդի հետ մահացու մարտի մեկնելուց առաջ։ Իսկ հակառակորդը իրեն սատանայի պէս է պահում. աւերում է դպրոցները, սպաննում աշակերտներին, խոշտանգում սպաննուած ծերերի դիակները, կտրում նրանց ականջները, գլխատում երիտասարդին, որը պաշտպանում էր հարազատ հողը… Ինձ տպաւորեց այն, որ ողջ հայ ժողովուրդը կամաւոր նետուեց ի պաշտպանութիւն հայրենիքի։ Ոչ միայն Հայաստանից եւ Արցախից էին կամաւորականներ մեկնում, այլ ամբողջ աշխարհից։ 21-րդ դարում, երբ առեւտուրը, դաւաճանութիւնը, մարդկային արժէքների զգալի անկումն ու խամաճիկային ռեժիմները չարորակ ուռուցքի պէս ներթափանցել են բոլոր երկրները, նման համախմբուածութիւնն ու ինքնազոհութիւնը ինձ ուղղակի ապշեցրեց։ Հայաստանի հազարաւոր տարիների պատմութեան ընթացքում զաւթողները եկել ու գնացել են, բայց Արցախը միշտ էլ պահպանել է իր հայկական ոգին։ Եւ այս անցած 4 օրերը ինձ ստիպեցին լրջօրէն խորհել շատ բաների մասին։ Ես տեսնում եմ, որ 2016-ի Ապրիլին հայ ժողովուրդը տուեց հերոս-ազգ կոչուելու իրաւունքի քննութիւնը։ Ազգ, որ եղել է, կայ ու կը լինի։ Ազգ, որի միլիոնատէրերն իրենց որդիներին ուղարկում են կռուելու անհաւասար կռւում, դա իւրայատուկ ազգ է։ Իսկական ազգ է։ Նման ազգին յաղթել անհնար է։ Կարելի է սպաննել, վերացնել, բայց յաղթել՝ երբեք։ Ես կ՚ուզենայի, որ նման ծանր ճգնաժամային պահին իմ հարազատ պուլղարացի ժողովուրդը ուժ գտնէր իր մէջ ու հայ ժողովրդի նման քննութիւն տար։