(Նուիրւում է Կանանց Միջազգային Տօնին)
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Սովետական գաղափարախօսութիւնը սերմանում էր չարն ու բարիի հետեւեալ տեսակէտը. աղքատը միշտ բարի է, իսկ հարուստը՝ չար։ Եւ քանի որ մասնաւոր սեփականութիւնը արգելուած էր, ապա գլխաւոր հարստութիւնը համարւում էր կրթութիւնը, բարձրագոյն ուսումնական հաստատութեան վկայականը։
Քեզ հետ եւ առանց քեզ
Եթէ հետաքրքրուենք, թէ ինչպիսին էին ամուսնանական յայտարարութիւնները մինչեւ 1917, այսինքն Հոկտեմբերեան յեղափոխութիւն, ապա նիւթականը դիտւում էր որպէս ամուսնութեան պարտադիր պայման, օրինակ.
«Գեղեցիկ օրիորդ յաւերժահարսի աչքերով կեանքի տօնի է հրաւիրում պարոնի, որը մտաւորական է եւ շատ հարուստ, ունակ է վառ եւ ուժեղ զգացմունքի նպատակը՝ ամուսնութիւն»։
«20 տարեկան կրթուած մի օրիորդ փնտռում է միլիոնատէր ամուսնու, անպայման տարիքոտ՝ անհաւատարմութիւնից խուսափելու համար»։
«Կ՚ամուսնանամ նրա հետ, ով կ՚ապահովի իմ ազնիւ գոյացութիւնը եւ կը պաշտպանի վիրաւորանքներից»։
Ինչպէս տեսնում ենք, տղամարդուն ապաւինում էին ապահովութեան եւ պաշտպանութեան նպատակով։ Մէկ դար անցնի թէ հազարամեակ, կինը կը փնտռի տղամարդ նախ մարդկութեան վերարտադրութեան համար… իսկ ինչ վերաբերւում է անձնական նպատակների, ապա ամուսնանալուց եւ զաւակներ ունենալուց յետոյ կիներից շատերը հասկանում են, որ նրանք միայնակ են իրենց խնդիրների հետ, որոնցից ամենամեծը դա հենց ինքը ամուսինն է։ Ամուսնալուծուելուց յետոյ նրանք ազատ շունչ են քաշում, ձերբազատուելով մի մեծ բեռից։ Եթէ դուք Հայաստանում հաւաքուէք ինչ-որ մի երեկոյթի, որտեղ կը տեսնէք 10 կին, ապա նրանցից առնուազն 6-ը բաժանուած կարգավիճակում կը լինեն։ Սա է հայաստանեան իրականութիւնը։
Կանանց ամենասիրուած տօնը Մարտի 8-ն է։ Անկախացումից յետոյ կառավարական որոշում էին կայացրել վերացնել այն եւ Կանացի Տօնի փոխարէն տօնել Ապրիլի 7-ը, որպէս մայրերի եւ գեղեցկութեան օր։ Արդիւնքում Մարտի 8-ը ձգուեց մինչեւ Ապրիլի 7։ Աշխարհի ոչ մի ուրիշ երկրում չկայ տօն-միամսեակ։ Հայաստանը թող դաս լինի միւսներին. կարելի է թղթի վրայ որոշումներ կայացնել, բայց ոչ՝ զանգուածային գիտակցութեան մէջ։
Կանանց Տօնի իմ հերոսուհի՝ Նարինէ Չիլինգարեանը
Մարտի 12-ին Ժաղովրդական արուեստի թանգարանում բացուեց Նարինէ Չիլինգարեանի «Ճախրանք» անունով ստեղծագործութիւնների ցուցահանդէսը։ Երբեք չէի տեսել բացման ատեն այդքան այցելուներ, որոնց մէջ յատկապէս աչքի էին ընկնում համաշխարհային կինոյի հսկայ Արտաւազդ Փելեշեանը իր չքնաղ կողակցի հետ եւ Քոմփոզիթորների Միութեան նախագահ Արամ Սաթեանը։ Բազմաթիւ նկարիչներ, արուեստագէտներ, Չիլինգարեան-Մամիկոնեան տոհմի ներկայացուցիչներ մօտենում էին Նարինէին ծաղկեփունջներով։ Նարինէի դէմքին բաւարարութիւն էր դրոշմուել, որը երկար եւ աշխատար շրջանի արդիւնք էր, իսկ այցելուների դէմքին՝ հիացմունք, խառնուած զարմանքի հետ. ոչ ոք չէր սպասում Նարինէից նման դրսեւորում։ Մասնագիտութեամբ Նարինէն դերասանուհի էր, սակայն նա աւարտել էր ոչ թէ արդի թատրոնի եւ կինոյի ինստիտուտը, այլ երբեմնի գեղարուեստա-թատերականը, որի պատերի նեքրոյ սովորում էին եւ ապագայ նկարիչները, եւ դերասանները եւ… ինչպէս չկայ որեւէ մի թատրոն առանց գեղագիտական տեսլականի, այնպէս էլ չկայ իսկական դերասան, որը չփափաքի ինչ-որ մի պահ կատարողական արուեստից անցնել ստեղծագործական դրսեւորման, եւ դա յաճախ լինում է բեմադրողի փափաք։ Նարինէ Չիլինգարեանը Երկիր Մետիա հեռուստաալիքում սկսեց իրականացնել «Կանգառ երկուսի համար» իր նախագիծը, որը ծնունդ առաւ Երեւանի փողոցներում նստարաններ տեղադրելուց յետոյ։ Մէկը նստած է նստարանին եւ յանկարծ նրա կողքին յայտնւում է իր վաղեմի բարեկամը։ Նարինէն հիւր էր կանչում իր ընտրած հերոսին եւ զրուցում իր հետ։ Այո՜, դա հարցազրոյց չէր, այլ անկեղծ զրոյց, որի աւարտին Նարինէն յայտնում էր երկրորդ հիւրի մասին։ Հերոսի համար երկրորդը անակնկալ էր, բայց վերջինս նրա մտերիմներից էր, եւ այնքան լաւ էր ճանաչում նրան, որ աւելացնում եւ լրացնում էր Նարինէի հիւրի դիմանկարը։ Հետեւեալ հեղինակային նախագիծը դարձաւ «Դիմանկար» հաղորդումը։ Նստարանը փոխարինուեց իր ընտրած հերոսի հարազատ միջավայրով. զրոյցն այսույետ սկսեց ընթանալ իր տանը կամ արուեստանոցում եւ այսպիսով կերտւում է նրա դիմանկարը։ Եւ ահա Նարինէն հրաւիրեց բոլորին Հ. Շարամբեանի անուան ժողովրդական արուեստի թանգարան՝ իր գեղարուեստական ցուցահանդէսի բացմանը։ Արուեստի տեսակների մէջ կերպարուեստը դժուարագոյնն է։ Եւ հենց այդ տեսակի մէջ փափաքեցին ծնուել Նարինէի երազային կերպարները։ Ինչո՞ւ։ Հենց այդ դէմքերն ու պատկերները թելադրեցին ստեղծման եղանակը, որն է՝ ամսագրերից կտրտած թերթիկները։ Կեանքի ընթացքում կուտակուած զգացմունքները, գրքերի կամ արուեստի ազդեցութեան տակ ծնուած մտքի եւ զգացմունքների թրթիռները ճախրելով հաւաքւում են իւրայատուկ կերպարների մէջ։ Ամենեւին էլ չհաւակնելով համալրել արհեստավարժ նկարիչների շարքերը, Նարինէ Չիլինգարեանի նմոյշները զարմանք առաջացրեցին հենց նկարիչների մէջ. «Ի՛նչ լաւ է, որ դու չես հասկանում, թէ ինչ ես անում»,ասաց Նարինէին նրանցից մէկը։