ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
«Մեծ Պաս պապին էլ համեցէք արէք, թո՛ղ գայ՝ էգուց առաւօտ ոտները երդիկներիցը քաշ անի»։
Ակլատիզ՝ ծիսական տիկնիկ է, խորհրդանշում է Պաս պապին, հսկում է Մեծ Պահքի ճիշդ ընթացքը։ Ակլատիզի ամենատես աչքից ոչ մի բան չի վրիպում։ Ակլատիզին ուղեկցում են նրա երկու մտերիմ ոգիները՝ Փախլաճօղլին, ով հսկում է պասը լուծող երախաների վրայ, եւ Քեպեպճօղլին, ով հսկում է Ուտիսի վրայ։
Նրանով երբեմն վախեցնում են երախաներին ու, առհասարակ, իւրաքանչիւր պաս խախտողին, որպէսզի օրինազանցութիւններ չանի ու ոչ պասային, ասել է թէ՝ ուտիսի կերակուրներ չուտի։ Անհրաժեշտութեան դէպքում նա կարող է նոյնիսկ պատժել իր «չոմբախ»ով։ Հենց այդ պատժիչ գործառոյթն իրականացնելու համար էլ նա իր ձեռքերից կախուած ունի փոքրիկ քարագունդեր։ Նոյն նպատակին է յաճախ ծառայում ոտքերին կցած սոխուկը եւ կծու պղպեղը, որոնք մռմռացնում են կարգազանցների աչքերը եւ բերանը։ Այդ սոխուկը յաճախ Խոնջոլոզ (Կարախոնջոլոզ, Խարախոնջոլոզ) են անուանում, արձագանգը թուրքական չար եւ նոյնիսկ մարդակեր խոնջոլոզ ոգիների, այդպիսով վախեցնում են պասը խախտողներին, իբր Խոնջոլոզը կու գայ ու կը պատժի։ Սակայն այս դէպքում զուտ պատժելու համար էր շեշտւում։ Ակլատիզը խիստ էր, սակայն՝ ոչ չար. բարի էր ու բարեբեր։ Ուստի խոնջոլոզն էլ այս դէպքում խստահայեաց էր, բայց՝ բարեմիտ։ Հետաքրքրական է՝ Արցախում տարածուած մի վայրի բանջարեղէն կայ՝ խընջըլոզ անուամբ, որի արմատները փոքրիկ սոխագնդեր են, եւ աճում է այն գարնան սկզբներին։ Արցախեան պատերազմի սով ու ցամաք տարիներին իսկական ու հիւթեղ ուրախութեան առիթ էին իմ ու այլ մանուկների համար։
Յաճախ Ակլատիզին խնդրանք-աղօթքով էին դիմում՝ այդպիսով եւս մէկ անգամ շեշտելով նրա անհատականութիւնը. «Սո՛ւրբ Ակլատիզ, կատարիր խնդրանքս, ես քեզ մատաղ կ՚անեմ»։
Ակլատիզին այլ կերպ կոչում էին Ախըլոճ, Մըռմըռաս, Մոռմոռազ,Կոկորիճ, Ֆռիկ, Ճօճօ, Խուլունճիկ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ եւ այլն... եւ այլն... Ակլատիզ կամ Աքլատիզ, որովհետեւ նկատի ունէին արական սկիզբը։ Համարւում է՝ բառը ծագել է «աքլոր» եւ «տիզ» բառերից։ Այս տեսակէտն է գալիս պաշտպանելու համշենահայերի սովորոյթը՝ Մեծ Պասի առաջին շաբաթը կոչել «Կօկօ Ռասի», ինչը նոյնականացւում է կօկօռաս-աքլորիկ իմաստին։ Յայտնի է նաեւ Ակլատիզ-Գոգոռոզ տարբերակը։ Ֆռիկ կամ Ճօճօ էին ասում սասունցիները, քանի որ, կախուած լինելով երդիկից՝ Ակլատիզն անընդմէջ դէսուդէն էր շրջւում-ճօճւում։ Մըռմըռաս, քանի որ մռմռացնում էր ուտիսի կերակուրները համտեսել ցանկացողների աչքերը։
Ակլատիզի աքլոր կամ թռչուն լինելու մասին են վկայում նաեւ հետեւեալ սովորոյթները. Պուլանըխում Ակլատիզը պատրաստելիս սոխի մի կողմից պատրաստում էին թռչնի կտուց։ Իսկ Այնթապում, երբ գալիս էր Ակլատիզին հրաժեշտ տալու պահը, փետրազարդ սոխը, որը նրանք անուանում էին Խուլուճիկ, թաթախում էին մածնի մէջ եւ դնում երդիկին. հաւատում էին, որ սոխը դառնում էր մկաններ, խռիւը՝ թեւեր, ինքը՝ Խուլուճիկն ամբողջովին վերածւում էր թռչնի եւ թռչում գնում. «Ակլատիզ, թռի հերդիս»։
Ակլատիզը պատրաստում էին երկու խաչուած փայտերի հիմքի վրայ։ Հագցնում էին հայ պապիկի աւանդական հագուստ, նկարում էին խստահայեաց դէմքը՝ երկար ու փարթամ պեխ-մօրուսով, ձեռքերից կախում էին թելի ծայրին ամրացուած քարեր, իսկ ոտքերը խրում էին սոխուկի կամ խմորագնդի, գետնախնձորի կամ կաւագնդի մէջ։ Սոխուկի մէջ խրում էին եօթ փետուրներ եւ Ակլատիզին կախում ձեղունից։ Այս եօթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի եօթ շաբաթները։ Ոմանք միեւնոյն գոյնի փետուրներ էին խրում սոխուկի մէջ, ոմանք, զորօրինակ՝ մշեցիները, սեւ՝ որպէս ցուրտ ու գորշ ձմրան ու մօտալուտ ձնհալի խորհրդանիշ։ Իսկ ոմանք միախառնում էին տարբեր գոյներ՝ առաջին չորսը ճերմակ փետուրներ էին՝ որպէս Մեծ Պասի ձմեռուան առաջին չորս շաբաթները, մէկը՝ խատուտիկ, որ ձմրան եւ գարնան միջեւ անցումային շաբաթուայ խորհուրդը ունէր, վերջին երկուսը՝ կատարեալ սեւ՝ որպէս գարնան առաջին ձնհալային եւ հողի երեւման շաբաթների խորհրդանիշ։ Իսկ Նոր Նախիջեւանում փետուրներից տարբեր երանգների թելեր էին կապում։ Իւրաքանչիւր շաբաթն իր գոյնը ունէր. առաջինները սեւ էին, Լուսաւորչինը՝ սպիտակ, Ծաղկազարդինը՝ կանաչ, Զատիկինը՝ կարմիր, անշուշտ՝ կարմիր։ Իւրաքանչիւր շաբաթ մի փետուր էին հանում ու այդ օրացոյցով էլ ապրում մինչ Զատիկը։ Պոկուած փետուրները կամ թաղում էին հողի մէջ, կամ յանձնում էին քամուն։ Իսկ Արթիկում հաւաքում էին բոլոր փետուրները, խուրձ կապում, եւ ամէն անգամ հաց թխելիս այդ փետուրներով սրբում ալիւրը եւ թափ տալիս խմորի վրայ. համարւում էր, որ դրանք առատութիւն եւ լիութիւն են բերում։ Մինչդեռ Փանիկ գիւղում փետուրները պահում էին ներքնակի տակ՝ մինչ յաջորդ տարուայ պասը։ Փետուրը սոխից հանելիս երգեր էին երգում, զորօրինակ՝ Շիրակում երգում էին. «ճիճու, ճիճուարանքը դուրս, ցորեն, գարին ներս»։ Նախավերջին փետուրը հանելիս այնքան յոգնած են լինում պասից, որ գոչում էին թէ. «Յետին շաբաթ քարքաշան, ճժեր հալան ու մաշան»։
Ինչեւէ, այս շաբաթ, թերեւս, թեւակոխեցինք Միջինքը. Մարտի 2-ին արձագանգեց Մեծ Պասը կիսող 24-րդ օրը։ Յուսանք՝ յեզ նոյնպէս մետաղադրամ է բաժին ընկել. չէ՞ որ այդ օրը մեր մայրերը թխեցին անուշ Միջինքը՝ չմոռանալով մէջը դնել երջանկաբեր մետաղադրամը։