Նոյեմբերի 25, 1957, Վայսելիա ԱՄՆ- Յունիս 12, 1993, Մարտունի Արցախ Այս ակնարկը ինձ համար շատ թանկ է. 1991-ին ես անձամբ հանդիպել էի Մոնթէ Մելքոնեանին մի ընկերական շրջապատում, իսկ 2000-ին ես այցելել էի Մարտունին եւ հանդիպելով արդէն Մոնթէ Մելքոնեանին մօտիկից ճանաչողներին, կազմել էի ինձ համար նրա հազուադէպ մարդկային նկարագիրը։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Լեռնային ի զուր չեն կոչում Ղարաբաղը։ Արդէն Գորիսում լեռները քեզ իրենց գիրկն են առնում եւ բերում նորոգուած Լաչինի ճամբան։ Գլխավերեւում – արծիւն է սաւառնում, ոտքիդ տակ օձ է սողում։ Եղանակը՝ կարծես, ծովեզերքում լինես, աւելի ճիշդ, երկնաեզերքում։ Ստորոտում սփռուած գիւղերը երկնքի եզերքից թափուած «գանձնոցներ» են։ Մարդիկ այստեղ երկար են ապրում՝ 80 տարեկանը դեռ ծնողներ ունի, եւ եթէ մէկը 75 տարեկանում մահանայ, կասեն – երիտասարդ մեռաւ։
-Մենք հաւասար ողբում էինք մեր նահատակներին եւ Հայաստանից եկածներին, հայաստանցիների համար նոյնիսկ աւելի, որովհետեւ հարազատները հեռու էին,-յիշում էր մի տարեց կին։
Իսկ ամենամեծ վիշտը եկաւ 1993-ի Յունիսի 12-ին, երբ ընկերները բերեցին Մոնթէին, ասելով «Աւօն չկայ»։
Ղարաբաղի Մարտունու շրջանի ամէն կողմ Մոնթէի շնչով է օծուած։
«Մեր գիւղը 600 հոգի էինք, 30 զոհ տուեցինք, իմ տղան էլ ընկաւ, ես դրանից յետոյ հիւանդացայ։ Աւոյին որդուս պէս էի սիրում, այնպէս որ երկու զաւակ կորցրի»,- պատմում է Ամարաս վանքի պահակը։ «Եթէ Աւօն չլինէր, Ղարաբաղը չէինք վերցնի»,-աւելացնում է նա։
Աւոյի զօրախմբի հաշուապահը. «Նա մեզ սովորեցրեց ռիսկի։ Վախ չունէր… Մոնթէն վտանգը հաշուարկում էր, ասում էր, ինձ թշնամու գնդակը չի խփի, այդ պատճառով էլ ժողովրդի մէջ տարածուած է այն կարծիքը, որ Աւոյին մերոնք են խփել»։ Թէեւ մահափորձեր եղել են, բայց խօսելիս Մոնթէի մասին, չեմ ուզում ակնարկել նրանց մասին, ովքեր ԱՄՆ-ից եկած, Ֆրանսիական բանտում նստած հերոսի մէջ տեսնում էին մրցակից, չհասկանալով, որ Մոնթէն, մասնակցելով այս պայքարի մէջ, պաշտօն կամ որեւէ երախտագիտութիւն չէր ակնկալում, քանզի նա սովորական մարդ չէր, նրա նմանը չկար, աւելի ճիշդ՝ նա ոչ թէ մարդ էր, այլ լեգենդ. եկաւ, յաղթեց ու նահատակուեց, բայց եւ թողեց իր ետեւից այն համոզմունքը, որ նորից կու գայ. «Ո՞վ գիտի, Վարդանի կամ Անդրանիկի հոգին էր իր մէջ մարմնաւորւած եւ նորից, եթէ պէտք լինի, իր հոգին կը ծնուի»,- մտածում էին նրա մասին։
Պատերազմում մոռանում են գթութ-
եան մասին, դաժանութիւն կիրառելով նոյնիսկ անմեղ կանանց ու մանուկների նկատմամբ, սակայն Մոնթէն թոյլ չէր տալիս գերիներին որեւէ վնաս պատճառել։ «Մէկը մի նապաստակ էր խփել»։ Աւօն հարցնում է. «Ո՞վ է խփել»։ «Ե՛ս»։ «Երկու ամսուայ աշխատավարձը կտրել»,- պատմում է Մոնթէի թանք նորոգողը։ Արտաքին տեսքից Մոնթէ Մելքոնեանը հերոս չէր՝ հասակ չունէր … Մոնթէն ասում էր, կարդալուց չէ, որ կը սովորես։ Աւարտելով Գալիֆորնիայի Պըրքլի համալսարանի հին ասիական պատմութեան եւ հնագիտութեան բաժինները, նա պատրաստւում էր շարունակել ուսումը Օքսֆորտի համալսարանում, սակայն հենց այդ ժամանակ է, որ նրա մէջ արթնանում է ազգային ինքնագիտակցութիւնը եւ բերում ԱՍԱԼԱ։ Հետեւում են ֆրանսիական բանտարկութեան տարիները, որոնց մասին նա պատմում էր հետեւեալը. «Դուք չի կարծէք, որ դա Ֆրանսիա է եւ բանտում քեզ հետ վարւում են քաղաքակիրթ ձեւով։ Բանտը քաղաքակրթութեան հետ կապ չունի»։ 1991-ից Մոնթէն հաստատուեց Հայաստանում, երդուելով կեանքը չխնայել Արցախի յաղթանակի համար։
Ղարաբաղի Մարտունու շրջանի ամէն քար գիտի Մոնթէ հրամանատարին եւ եթէ ժամանակը կանգ առաւ 1993-ի Յունիսի 12-ին նրա ֆիզիկական կեանքի առումով, ապա այնտեղ, ուր Աւօն ներկայ էր գտնուել, նա չի բացակայի այլեւս երբեք։
Զայրոյթի ժամանակ «էշ» բառն էր օգտագործում։ «Այս ի՞նչ եղաւ լոյսի հետ»։ «Քամի է»։ «Էշ, արտասահմանում քամի չի՞ լինում՝ լոյսը ինչի՞ չի մարում»։ Խմողներին հանգիստ չէր թողնում. «է՛շ էք, որ խմում էք»։ «Խմիչքը մեր նախնիներից է եկել»։ «Ուրեմն նրա՛նք էլ էշ էին»։ Մի օր էլ զինուորները խաղողի օղու շուրջ էին բոլորուել։ Մոնթէի վախից թաքցրեցին, սակայն երբ Աւօն մտաւ, նա հոտով գտաւ օղին։ Սառնասրտօրէն դատարկեց պատուհանի տակ։ «Աւօ՛, տղաները վազում են դուրս արբած հողը հոտոտելու»։ Երկար չմտածեց Մոնթէն. երկու օր շարունակ միզեց այդ օղու վրայ։ Ինքը Աւօն մածուն էր սիրում եւ խմորեղէն։ Խորովա՞ծ – «տուէ՛ք տղերքին»։ Իր անձին մեծ նշանակութիւն չէր տալիս։ Մի բուժքոյր պատմում է. «Սաստիկ անձրեւ էր գալիս։ Հոսպիտալի բակում տեսայ մէկը այդ անձրեւի տակ նստած է նստարանին։ Մօտեցայ – Աւօն էր.
- Ի՞նչ ես անում այստեղ, գնանք ներս։
- Բժիշկի հետ գործ ունեմ, սպասում եմ։
- Գնանք ներս,- եւ բուժքոյրը առաջարկում է նրան նստել սաւանով ծածկած մահճակալին։
- Ոչ, կը կեղտոտեմ։
Հայաստանում զոհուածների յիշատակին աղբիւր են տեղադրում։ Աւօն էլ իր աղբիւրն ունեցաւ։ Պարզ զուլալ ջուր է լցւում աղբիւրից թթենիներով շրջապատուած լճի մէջ։ Վշտի արցունքներով լցուած աւազանի նման չէ, այլ՝ մեծ մի հայելու, որի մէջ ամէն մարդ կարող է տեսնել սեփական բարութիւնը։ Մի՛ քաշուէք բարի լինելուց, եկէք Մարտունի շրջան ամառուայ սկզբին եւ համտեսէք Մոնթէի աղբիւրի թութերից։ Իսկ Աւօն… Աւօն երկար չի մնայ անլինելիութեան մէջ, նա նորից կը վերադառնայ, որպէսզի յիշեցնի էշերին, որ մահ չկայ եւ վախ չկայ, այլ կայ մի մեծ սէր, որը տանում է դէպի յաղթանակ։