Գիշերուայ հանգիստ քունը, տագնապի մշտական զգացումը, արժեհամակարգը, ծանրացած խիղճն արժէն հազար ամերիկեան տոլարից մի փոքր շատ։ Արցախի խաղաղ ժողովրդին ահաբեկելու համար Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից ահաբեկիչներն այդքան գումար են ստանում։ Տեղեկութիւնների համաձայն որոշների ձեռքից վերցնում են հեռախօսներն ու առանց վճարելու ուղարկում են մեզ սպաննելու։ Մենք ի հարկէ թոյլ չենք տալիս եւ թոյլ չենք տայ մեր սեփական տանը երկրորդ անգամ մեզ սպաննել, բայց այս պատերազմը միայն մեր հանդէպ չի, որ անարդար է։ Արդար չէ մարդուց խիղճ պարտք վերցնել ու գոնէ չվարձատրել։ Մարդ սպաննելն իրօ՞ք էդքան հեշտ ու անվճար գործ է։
Ես 25 տարեկան եմ։ Մինչեւ վերջերս մտածում էի՝դէ փոքր եմ, բայց հիմա էսքանն ինձ երկար է թւում ու երբ զոհուածների ցուցակում կարդում եմ իմ տարիքի զինծառայողի անուն, մտածում եմ. «Լաւ է, որ շատ փոքր չէր»։ Ահաբեկիչների դէմ պայաքարող ու այդ ընթացքում զոհուող տղերքից շատերը 18-20 տարեկան ժամկէտային զինծառայողներ են, նրանց կողքին կռւում են մեծ թիւով կամաւորներ՝անկախ սեռից ու տարիքից։ Շատերն են զոհւում ու զոհւում են նաեւ խաղաղ բնակիչներ եւ կրկին՝ անկախ սեռից եւ տարիքից։ Ապրում եւ աշխատում եմ Մասիսում։ Քաղաքն այսօր շատ հերոսներ ունի, բայց մեծ ցաւով պիտի ասեմ, որ նրանցից չորսը զոհուել են։ Զոհուած տղերքից երեքն ապրում էին նոյն թաղամասում ուր ես։ Մասիսի ամենաաղմկոտ թաղամասն աւելի լուռ եղել է մէկ էլ, երբ դեռ քաղաքը բնակեցուած չէր։ Տղերքից մէկի հոգեհանգստի ժամանակ, երբ մեր կարծիքով աննկատ լաց էինք լինում, մեզ սթափեցրեց 19-ամեայ զոհուած հերոսի հայրը։ Առանց որեւէ չափազանցութեան եւ տառացիօրէն մէջ եմ բերում նրա խօսքերը. «Խնդրում եմ բոլորդ լռէ՛ք ու թող միայն մայրը լաց լինի։ Լաց լինելու փոխարէն ծափ տուէք, որովհետեւ իմ տղան ձեր հերոսն է»։ Էս խօսքերից սթափուեց նաեւ հերոսի մայրը։ Նորից առանց որեւէ չափազանցութեան եւ տառացիօրէն մէջ եմ բերում նրա խօսքերը, որոնք ասում էր գոռալով. «Ինձ մի՛ նայէք, ես չեմ կարող չլացել, իմ մի մասն է զոհուել, բայց դուք ծափ տուէք իմ հերոսին»։ Միւս հոգեհանգստին 23-ամեայ հերոսի մայրը լաց չէր լինում։ Տղան կամաւոր էր։ Պատերազմի ընթացքում մի անգամ վիրաւորուել էր, համապատասխան բուժօգնութիւն ստացել ու երբ ի վիճակի է եղել գնալ՝ առանց ընտանիքի անդամներին տեղեակ պահելու վերադարձել է առաջնագիծ։ Հաւանաբար տեղեակ էր, որ լարուած մարտ է սպասւում, զանգել էր մօրը, ով մեզ էր պատմում, թէ ինչ էր ասել որդին։ Առանց որեւէ չափազանցութեան եւ տառացիօրէն մէջ եմ բերում. «եթէ ողջ մնամ կը զանգեմ, իսկ եթէ չէ պիտի խոստանաս, որ չես լացելու»։ Մարտից յետոյ իրօք ողջ էր մնացել, բայց վիրաւոր էր ու գործողութեան աւարտից յետոյ զանգել մօրն ասելու, որ ողջ է, բայց երբ ընկերոջ օգնութեամբ դուրս էր գալիս մարտադաշտից, թշնամու դիպուկահարը սպաննել էր նրան։ Հերոսի մայրը պահում էր խոստումը, լաց չէր լինում, անդադար պատմում էր որդու մասին, բայց չկարողացաւ լացը զսպել, երբ հարսն ու եօթ ամսական թոռը մտան եկեղեցի։ Առանց որեւէ չափազանցութեան եւ տառացիօրէն մէջ եմ բերում. «Լաւ է տղես, որ գոնէ մարմինդ ունենք։ Տղադ քեզ վերջին անգամ տեսնել կը կարողանա»։ Ով կը մտածէր, որ զաւակի անշնչացած մարմինը կարող է մխիթարել։ Շատ ծնողներ գոնէ վերջին անգամ իրենց զաւակների անշունչ մարմինը տեսնել չեն կարող, քանի որ արկերի պայթիւններից մարմինները մոխրանում են, ու մեր քաղաքի չորս հերոս տղերքից մէկի մարմինն էլ մոխրացել էր՝որպէս կամաւոր առաջնագիծ մեկնած հօր աչքերի առաջ։ Դժուար է ապրել նման իրականութիւնում, լսել ու տեսնել էն ինչ կատարւում է, բայց մենք կը դիմանանք, որովհետեւ յաղթում ենք՝ ուղղակի անարդարութիւնը շտկել է պէտք։ Կեանքեր խլելը, խաղաղութեան հանդէպ բռնանալը, մարդկանց դժբախտացնելը հեշտ գործ չէ։ Ատրպէյճանին ահաբեկիչներ տրամադրողները պէտք է պարտադրեն վերջինին վճարել վարձկաններին։ Մենք հայրիւր տարի առաջուայ զինաթափուած ժողովուրդը չենք։ Այսօր մենք ի վիճակի ենք պայքարել յանուն մեր հայրենիքի ու դա անելու ենք ցանկացած գնով։ Վարձկաններին մեր հարստութեամբ խաբել պէտք չէ։ Արցախի սահմաններից ներս միակ բանը, որ կարող են տանել սեփական մահն է, բայց մեզ տհաճ է պայքարել նրանց դէմ, ովքեր մեզ սպաննել են փորձում յանուն ոչնչի՝ անգամ առանց փողի։ Էս պատերազմում՝ 30 տարի առաջուայ պէս, Ատրպէյճանն ունի նիւթական մեծ առաւելութիւն եւ մարդասիրութեան խիստ պակաս։ Անարդարութիւնը եւ ուժերի անհաւասարութիւնն այս հակասութեան մէջ է։ Մեր բոլոր զոհուած հերոսների մարմինները, նրանցից մնացած մոխիրները հասնում են իրենց ընտանիքներին։ Իւրաքանչիւրի համար մի ամբողջ պետութիւն է ցաւում։ Իսկ կռուելը նրանց հետ, ովքեր տարածում են էդ ցաւը ոչ մի բանի դիմաց, ովքեր մեր սահմաններից ներս գտնում են իրանց մահը, եւ ում անշնչացած մարմիններն անտէր ընկած են ու չկայ մէկը, որ գոնէ լաց լինի հազարաւոր դիերից գոնէ մէկի վրայ, քանի որ դրանց ետեւից որեւէ մէկը չի գալիս, արժեհամակարգերի ամենաանհաւասար պայաքարն է, որում մենք ի սկզբանէ յաղթել ենք։ Մենք պայքարում ենք մեր հայրենիքի ու խաղաղութեան համար, ու էս գործում աննպատակ մարդասպաններից պաշտպանուելուց արդէն յոգնել ենք։