Բաց զրոյցներ. Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Գիշերային անդորրի մէջ օդանաւը վայրէջք կատարեց. դռները բացուելուն պէս օդի կտրուկ փոփոխութիւն զգացի, ինչը շոգեբաղնիք էր յիշեցնում։ Պէտք է խոստովանեմ, որ այդ պահը շատ տպաւորիչ էր։ Թաքսիի պատուհանից նայում էի գիշերային լոյսերից խեղդուող Իսթանպուլին։ Իննամեայ աղջնակի համար ամէն ինչ չափազանց էր, որովհետեւ Իսթանպուլն ահռելի էր։ Բնականաբար սկզբնական շրջանում նաեւ դժուար էր քաղաքին յարմարուելը։ Նոյնիսկ կարծում եմ՝ յարմարուեցի այն ժամանակ, երբ արդէն Հայաստանում էի։ Քաղաքը, մարդիկ, առանձին դրուագներ միշտ սրտումս են։ Հիմա տարիներ անց յիշում եմ Իսթանպուլն իբրեւ խայտաբղետ ներկապնակ։ Յաճախ եմ յիշում ծովն ու Իսթանպուլեան նախաճաշը, որն ինձ համար նոյնքան կարեւոր էր, որքան միւսների համար։ Իսթանպուլեան յիշողութիւններս աւելի թանկ են դառնում, քանի որ գնալով խամրում են, ու մնում է այն, ինչը ցանկանում եմ յիշել (գուցէ դրանցից շատերը ինքս եմ յօրինում)», ասում է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Մարինա Արզումանովան, ով 5 տարի ապրել է Իսթանպուլում եւ կրթութիւն է ստացել Հրանդ Տինք կրթօճախում։
-Հետագայ կրթութիւնդ որտե՞ղ շարունակեցիր։ Հայրենիքում ինչպէ՞ս դիմաւորեցին քեզ՝ Թուրքիայից վերադարձած աշակերտին։
-Հայաստան վերադառնալուս առաջին տարին իմ ծննդավայր Ջերմուկում անցկացրի, որտեղ բոլորը ճանաչում են ընտանիքս։ Թէեւ որեւէ խնդիր չունեցայ, սակայն փոփոխութիւնը կտրուկ էր։ Յետոյ տեղափոխուեցի Երեւան եւ ընդունուեցի աւագ դպրոց։ Հրանդ Տինքի վարժարանում մենք տանն էինք, իսկ այնտեղից յետոյ մենք յայտնւում ենք դրսում։ «Դուրսը» իւրաքանչիւրիս դէպքում տարբեր է։ Երեւանի հետ հեշտ լեզու գտայ։ Այստեղ Իսթանպուլից եկած լինելուս փաստը շատ քչերին է ծանօթ։ Երբ իմանում են, շատերը հետաքրքրութիւն են դրսեւորում, զարմանում են, թէ ինչպէս եմ հայերէն լաւ խօսում։ Ուզում են, որ պատմեմ Իսթանպուլից։ Բացասական արձագանգ չեմ յիշում։ Կարծում եմ՝ ինքս էլ հեշտ յարմարուեցի, դրա համար էլ ինձ ընդունեցին պարզապէս որպէս աշակերտ, ոչ թէ՝ Իսթանպուլից եկած աշակերտ։
-Այժմ որտե՞ղ ես կրթութիւն ստանում։ Դժուա՞ր չէ արդեօք Հայաստանում համավարակի եւ ներքաղաքական լարուած մթնոլորտում ուսանող լինելը։
-Սովորում եմ Երեւանի Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում եւ պատրաստւում եմ ռեժիսոր դառնալ։ Սա դեռեւս իմ կեանքի ամենաանսպասելի ու ամենաճիշդ որոշումն է, որից յետոյ ես՝ որպէս անհատականութիւն էվոլուցիա եմ ապրում։ Իմ բախտը բերեց ու ես զեղչ ստացայ բարձր առաջադիմութեան համար, բայց պատկերացնում եմ, թէ յատկապէս այս շրջանում ինչքան դժուար էր ուսանող ունեցող ընտանիքների համար վարձեր վճարելը։ Պէտք է խոստովանեմ, որ կրթութեան վիճակը ծանր է, եւ ուսանողի համար կրթութեան բացերը լրացնելու գլխաւոր ճանապարհը ինքնակրթութիւնն է։ Կրթութեան ոլորտում դրական փոփոխութիւնների հասնելու համար գուցէ դեռ ժամանակ է պէտք։ Այսօր մեր սերունդը ձգտում է նորարարութեան. փորձում է ճեղքել պատնէշները (ամէն մէկը մի ձեւով)։ Մենք զարգացող պետութիւն ենք, որը ապրել է քաղաքական կտրուկ փոփոխութիւն ու գտնւում է համաճարակի կեդրոնում, որին նաեւ խեղդում են քաղաքական, տնտեսական ու տարածաշրջանային առաւելութիւն ունեցող հսկաները։ Ի հարկէ, Հայաստանում վերջին երկու տարիներին մեծ փոփոխութիւններ եղան։ Իրավիճակը դատել չեմ կարող, որովհետեւ ստոյգ տեղեկատուութիւնը սակաւ է, իսկ ինչ վերաբերւում է առհասարակ տեղեկատուութեանը. Հայաստանում այն ամէնուր է, այստեղ կան ամենաքիչը հազար վարկածներ, կարծիքներ, համոզմունքներ ու քննադատութիւններ։ Հայաստանն ու հայկական կինօն կարծում եմ յայտնուել են նման իրավիճակներում։ Երբեմն լինում են պոռթկումներ, սակայն դեռեւս երեւելի արդիւնքներ չկան։ Գուցէ պարզապէս պէտք է նկարել «կինօ» ու քիչ խօսել (քննադատել) չնկարահանուած ֆիլմից։
-Հայ-թուրքական յարաբերութիւններու մասին ի՞նչ մտածումներ ունես։
-Մի քանի տարի ապրելով Թուրքիայում՝ շատ անգամ աւելի լաւ վերաբերմունքի եմ արժանացել ոչ թէ հայերի, այլ՝ թուրքերի կողմէն։ Հասկանում եմ, որ կան թեմաներ, որոնց մասին պէտք է խօսել, բայց նաեւ չեմ կարող ատել այն երկիրը, որի մի մասն եմ նաեւ ես, ու հիմա այն է իմ մի մասը։ Ես մի մարդ եմ, ով ծնուել է Հայաստանում եւ ունի հայկական կեներ, բայց առաջին հերթին ես մարդ եմ՝ աշխարհի քաղաքացի։ Ու մենք բոլորս ենք մարդ։ Դա նման է երկու հարեւան տների խռովութեանը, որոնք մի օր կը հաշտուեն։ Եթէ ես տարիներով թողնեմ ընտանիքս ու ապրեմ հարեւաններիս տանը, նրանք ինձ համար հարազատ կը դառնան։ Երբ վերադառնամ իմ տուն, ու տանս միւս անդամները խռով լինեն նրանցից, ես էլ ակամայից կը վերաբերուեմ նոյն կերպ։ Ամէն դէպքում սրտիս մի անկիւնում պահած կը լինեմ թանկ զգացմունքներս։ Քաղաքական լուծում ակնկալելը մօտ ապագայում հեռու է իրականութիւնից, սակայն քաղաքականութիւնից դուրս՝ կան խօսելու աւելի ազդեցիկ մեթոդներ, որոնցից մէկը հէնց արուեստն է՝ օրինակ կինօն։ Յուսամ՝ մի օր կինոյի լեզուով կ՚անդրադառնամ այդ յարաբերութիւնների լուսաւոր ապագային։