ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՈՂՈՍԵԱՆ
Համաճարակի օդի մէջ ծանրացան հարցեր՝ մի՞թէ բոլորն են վերադառնում, ինչո՞ւ է այդքան դժուար վերադարձի ճանապարհը, որոնք նոր պատասխանների կարիք ունեն, իսկ մինչ կը հասունանան պատասխանները՝ ես կը ներկայացնեմ բաց զրոյցներ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան։
-Ինչո՞ւ ընտանիքդ չցանկացաւ Հայաստան վերադառնալ, չէ՞ որ վիճակն իսկապէս լուրջ է, -այս հարցը տուեցի Հայաստանից ինձ զանգահարած Էմմային։
Էմմայի ընտանիքն այստեղ է ապրում, եւ վերջինս ինձ հետ կապ էր հաստատել՝ երկրում ստեղծուած իրավիճակին ծանօթանալու համար։ Նա այժմ Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող է։ Մինչ համաճարակը իր մտերիմ ընկերուհու հետ ապրում էր Երեւանում վարձակալած բնակարանում եւ կրթութիւն ստանում։ Ստեղծուած իրավիճակը ստիպեց երկուսին էլ տունը յանձնել եւ վերադառնալ հայրենի քաղաք՝ Կիւմրի։ Կիւմրիում նա տարիներ շարունակ ապրել է ծնողներից հեռու՝ տատիկի հետ։ Աղջիկը շատ է անհանգստանում Թուրքիայում գտնուող ընտանիքի՝ ծնողների ու 11-ամեայ եղբօր համար։
-Ինչպէ՞ս ես յարմարւում նոր առօրեայիդ։
-Համաճարակն ինձ մօտ անհանգստութիւն է առաջացրել. մի կողմից կարոտել եմ առաջուայ խաղաղ առօրեան, միւս կողմից՝ մտածում եմ ծնողներիս մասին։ Սոցիալական դժուարութիւնների եւ յատկապէս իմ՝ մայրաքաղաքում կրթութիւնը կազմակերպելու համար, հայրս եւ մայրս մեկնել էին Թուրքիա՝ արտագնայ աշխատանքի։ Արդէն վեց տարի է, ինչ նրանք այնտեղ են։ Հայրս այստեղ աշխատանք չունէր, մայրս թեքսթիլի գործարանում դերձակ էր։ Երկուսն էլ Թուրքիայում մինչ համաճարակը աշխատում էին՝ մայրս դերձակութիւն էր անում, հայրս մատանիների արտադրութեան ոլորտում էր՝ մոմից մատանիների կաղապարներ էր պատրաստում։ Անհանգիստ եմ, քանի որ մի կողմից չունեն կացութեան եւ աշխատանքի իրաւունք, միւս կողմից էլ՝ ներկայիս վիճակով պայմանաւորուած, մէկ ամիս է ինչ մնացել են անգործ։ Տեղեակ եմ, որ օգտուել են պատրիարքարանի տրամադրած օգնութիւնից, սակայն վարձով ապրողներին միայն պարենամթերքը բաւարար չէ։ Եթէ այլեւս չունես եկամուտ, ուստի խնդիրների շղթան երկարում է, եւ մեղմ ասած օտարութեան մէջ ոչ ոք քեզ պարտական չէ։
-Այդ դէպքում, ինչո՞ւ անցեալ շաբաթ չվերադարձան Հայաստան։
-Այո՛, տեղեակ եմ, որ տասնեակ հայաստանցիներ են վերադարձել։ Շատ կը ցանկանայի նրանց մէջ տեսնել ծնողներիս ու եղբօրս, սակայն կան հիմնաւոր պատճառներ, որ նրանք դեռեւս այդպիսի որոշում չեն առնում։ Ցաւօք, Հայաստանում վարձատրութիւնը դեռ թոյլ չի տալիս մեր ընտանեկան կարիքները հոգալ, մանաւանդ այն դէպքում, երբ նրանք ինձ ֆինանսապէս սատարում են, որ կարողանամ Երեւանում վարձով ապրել ու սովորել։ Եւ յետոյ ոչ միայն հացի խնդիր է.Գիւմրիում ունենք տուն, որը բնակելի չէ, պէտք է հիմնովին վերանորոգուի, տանիքն ամբողջովին կախուել է անձրեւներից։ Ամեէ դէպքում, եթէ այս իրավիճակը երկար շարունակուի, ապա մայրս եւ եղբայրս ստիպուած կվերադառնան, սակայն հայրս անձնագրային խնդիրների պատճառով՝ դեռ ո՛չ։ Վստահ չեմ, որ Հայաստանում կը կարողանան մեր կարիքները հոգալ։
-Այս օրերին, ո՞րն է քո ամենամեծ երազանքը։
-Երազանքները միշտ էլ շատ են լինում, սակայն ամենակարեւորը վայրկեան առաջ մեր բնականոն կեանքին վերադառնալն է, իսկ երկրորդը՝ քանի որ Թուրքիայում համաճարակը լայն տարածում է գտել, ուզում եմ լաւ լուր լսել, որ արդէն ամեն բան կարգաւորուել է։ Ես գտնւում եմ իմ հայրենիքում եւ նոյնիսկ այս իրավիճակում՝ ինձ հանգիստ եմ զգում, բայց ծնողներիս այնտեղ գտնուելու փաստն ու անորոշ ապագան ինձ հանգիստ չեն տալիս։
-Մի տարի դու էլ ապրեցիր օտարութեան մէջ։ Ութերորդ դասարանում էիր, երբ յաճախում էիր Հրանդ Տինք վարժարան։ Ի՞նչ զգացողութիւններ ունեցար։
-Այո՛, 2014 թուականն էր։ Միայն մի բան պարզ հասկացայ.դու կարող ես այնտեղ ստեղծել կեանքի համար նուազագոյն կամ առաւելագոյն կենսապայմանները, սակայն, միեւնոյնն է, դու ամուր չես կանգնած, դա քո հայրենիքը չէ։
-Եթէ քո հայրենիքի առաջնորդը հրաշագործ լիներ, ի՞նչ կը խնդրէիր նրանից։
-Մանկութիւնս հետ բերել, առանց ծնողներիս ապրած տարիներս հետ բերել, այո՛, վերադարձնել անհոգ մանկութիւնս, երբ ցանկացած պահի կարող էի ամուր գրկել ծնողներիս։ Կը խնդրէի լուսաւոր ապագայ՝ առանց մտածմունքների, կարոտների, մեղադրանքների, թէ իմ պատճառով են նրանք հիմա հեռւում։ Կ՚ուզէի խաղաղ կեանք հայրենիքում, պարզապէս ծնողներիս հետ ապրել կ՚ուզէի։
Հ.Գ. Եւ այս օրերին գլխումս տարուբերւում է այս նախադասութիւնը. «Մի՛ փնտռէք ձեր երազանքները դրսում, ուժ գտէք տանը՝ ներսում զօրանալու», ապա թերթում իմ՝ գաղթականի օրագիրը.
- Մի՞թէ մարդիկ հէնց այնպէս, անպատճառ կարող են տուն-տեղ թողնելով՝ բռնել արտագաղթի քարքարուտ ճանապարհը։ Ո՞վ է երջանիկ օտար հողում, երբ սեփական հարկի տակ չէ՝ թէկուզ մի կտոր ցամաք հացով, բայց հարազատներով շրջապատուած եւ ամուր կառչած Մայր հողին (7.12.2011թ. Պոլիս)։
Գիտէ՞ք արդեօք՝ ինչ ասել է գաղթականի օրագիր.այն լեցուն է չպատմուած օրերով, պայքարով, հայրենիքի կարոտով, պարզ երազանքներով, երիտասարդութեան կորսուած տարիներով, երեխաներիդ անհայրենիք ու անարեւ մանկութեամբ, սակայն երբեք չմեռնող յոյսով։
Շարունակելի...