Կ՚ապրինք այնպիսի օրեր, ուր համայն մարդկութեան համար շատ քիչ լաւ բաներ կը կատարուին։ Երբ կ՚ըսենք համաճարակ, պատերազմ, ֆինանսական ճգնաժամ, մեզմէ շատեր կը փորձեն փախչիլ վիրտուալ աշխարհ եւ շեղել իրենց ուշադրութիւնը իրողութենէ ու երջանկութիւն գտնել կախարդական աշխարհի մը մէջ։ Ահա այդպիսի օր մը հանդիպեցայ Գեւորգ Մհերի Համբարձումեանին, երբ էջ առ էջ կը թափառէի փոքրիկ ժպիտի մը համար։
Հայաստանի մէջ ֆենոմեն դառնալու ճանապարհին այս երիտասարդ արուեստագէտը իր երաժշտական փարոտիներով կը հրապուրէ երկիրը։ Տաղանդաւոր արուեստագէտը, բազմաթիւ երեւելի երաժիշտներու երգերուն պատասխաններ կը յօրինէ, իր իսկ խօսքերով։ Ան գովասանքի արժանի է իր ձայնով ու մեկնաբանութեամբ, ինչպէս նաեւ իր ճկուն հումորով։
Փոքրիկ հետազօտութեան մը արդիւնքով կարճ ժամանակին յաջողեցայ գտնել զինք եւ «Ակօս»ի ընթերցողներուն համար զրուցել ու ապա այդ ճամբով ալ ներկայացնել այս բազմարժէք արուեստագէտը։
ԼՈՒՍՅԷՆ ՔՈՓԱՐ
lusyenkopar81@hotmail.com
Լ.Ք.- Ափսոս որ Թուրքիա չէք եկած եւ մենք ձեզ շատ չենք կրցած ճանչնալ։ Ինտերնետի դրութեամբ պատահմամբ ձեր գործերը տեսնելով զարմացայ։ Կ՚ուզեմ ձեզ ծանօթացնել պոլսահայութեան։ Ձեր երաժշտական կեանքը ինչպէ՞ս սկսաւ։
Նախ ողջունում եմ ձեզ, Պոլսոյ հայութեանը եւ աշխհարի բոլոր հայերին։
Ես ծնուել եմ Վայոց ձորի Աղաւնաձոր գիւղում, յաճախել եմ տեղի արուեստի դպրոցը։ Յաճախ գիւղում կազմակերպում էինք թատերական ներկայացումներ։ Իմ դերերի մեծ մասը երաժշտական էր։ Յետոյ որոշեցի աւելի կեդրոնանալ երգ եւ երաժշտութեան մէջ։ Ընդունուեցի Երեւանի Պետական Կոմիտասի անուան կոնսերվատորիա ակադէմիական վոկալ բաժին (օպերային երգիչ) եւ այդտեղից էլ աւելի խորացայ երաժշտութեան ասպարէզում։ Շատ դժուար տարիներ են անցել քանի որ ամէն բան անում էի իմ սեփական ուժերով։ Օգնող չունէի իմ կարիերայի ճանապարհին։ Հիմնեցի իմ համեստ ձայնագրման ստուդիան ու հիմա տարիների ընթացքում փորձում եմ աւելի զարգացնել իմ երաժշտական աշխարհը, եւ քիչ քիչ աւելի ընդլայնել ստուդիան։ Այս կեանքում հասկացել եմ եթէ կայ ձգտում ուրեմն պէտք է հաւատալ դրան եւ յոյսը դնել սեփական ուժերի վրայ։
Լ.Ք.- Դուք թէ կ՚երգէք, թէ կը գրէք եւ թէ կը յօրինէք։ Ձեր գործերէն նմոյշներ կրնաք ծանօթացնել։
Այո, բացի երգելը ես գրում եմ երգեր, երաժշտութիւններ եւ գործիքաւորում եմ։ Գրում եմ տարբեր ոճերի եւ թեմաների երգեր։ Ունեմ երգեր մեր բանակին եւ հերոսներին նուիրուած, բայց այս պահին կը ցանկանամ, մի երգի հետ ծանօթացնել որը սիրոյ մասին է, քանի որ սէրը կառուցում է մեր կեանքը եւ աշխարհը։
Տեսիլք
Սահեց օրը այս օրն էլ անցաւ,
Սուզուեց արեւը ու գիշեր դարձաւ,
Եկաւ մի ստուեր թափանցիկ փերի,
Լսուեց ձայնը մեղմ ու հաճելի,
Ծանօթ էր բոյրը թափանցիկ փերու,
Եւ նրա շունչը մեղմօրօր քամու
Յանկարծ արդնացայ սիրոյ երազից,
Քամին էր փչում բաց պատուհանից,
Փչեց քամին սենեակում խաւար,
Մարեց մոմերը որն ինձ լոյս կու տար,
Նորից մի պատկեր նորից ինձ գերեց,
Երազիս ստուերն ասես այցելեց։
Լ.Ք.- Կարգ մը երգերուն պատասխան երգեր կը յօրինէք եւ անոնց հետ կ՚երգէք։ Այս նիւթի շուրջ ինչպէս ետդարձեր կ՚առնէք։
Քանի որ մեր ազգը այս վերջին տարիներին ունեցել է շատ դժուարութիւներ, քովիդ, պատերազմ, փորձեցի երգ եւ երաժշտութիւնը միաձուլել հումորին, եւ ժպիտ տալ մարդկանց։ Կարծում եմ ստացուեց դա ինձ մօտ եւ ստացայ մարդկանց սէրը ու շատ ու շատ դրական արձագանգներ։ Դա շատ բարդ չէ, ուղղակի պէտք է հասկանալ երգի բառերը եւ փոփոխել, դարձնել պատասխան։ Երգիչները տեղեակ չեն որ իրենց երգին սպասում է պատասխան եւ դա էլ ամենակարեւոր ինտրիգն է։
Լ.Ք.- Ունիք ձեր յատուկ սթիւտիոն։ «Կ. Թենոր Սթիւտիօ»ի մէջ մինակ ձեր գործերը կը յօրինէ՞ք, թէ ոչ ուրիշ աշխատանքներ ալ կը տանիք։
Այո ես ունեմ իմ ստուդիան (G Tenor studio) քանի որ ձայնագրուելու եւ երգեր թողարկելու համար շատ գումարներ էր անհրաժեշտ։ Փորձեցի իմ ուժերով ստեղծել ստուդիա։ Վարձակալեցի մի փոքրիկ տարածք եւ հիմնեցի ստուդիան, ու դեռ ստեղծման փուլի մէջ է եւ քիչ քիչ քայլերով կը դարձնեմ իմ երազած ստուդիան։ Ստուդիան առաջնային ծառայում է իմ երգերի ու կարիերիայի համար, նաեւ այն մարդկանց համար ովքեր ցանկանում են ձայնագրուել եւ ունենալ նոր երգեր։ Այժմ դա է իմ վաստակելու միջոցը։
Լ.Ք.- Ինչպէս ամբողջ աշխարհ, Հայաստանի երաժիշտներ ալ ազդուեցան համավարակէն։ Ձեզ վրայ եւ ձեր երաժշտական կեանքի վրայ համավարակի ազդեցութիւնը ինչպէ՞ս զգացիք։
Բնականաբար ազդեց համաճարակը, սակայն ունեցաւ օգուտներ, այդ ընթացքում զբաղւում էի ինքնակրթութեամբ, ու փորձում էի հմտանալ իմ գործի մէջ։ Միշտ էլ եթէ լինում են դժուար ժամանակներ, գիտակից մարդիկ փնտռում են տարբերակներ խելացի կերպով բոլոր դժուարութիւները յաղթահարելու համար։
Լ.Ք.- Հայաստան շատ դժուար օրեր ապրեցաւ։ Ատրպէյճան- Արցախ պատերազմը ձեր վրայ ինչպէ՞ս ազդեց։ Գիտեմ երգ մը յօրինած էք։ Այս երգի պատմութիւնը մեզ հետ կրնա՞ք բաժնել։
Իրօք շատ դժուար օրեր էին ամբողջ հայութեան համար։ Այդ ընթացքում ցանկանում էի մեկնել ռազմաճակատ, սակայն ծանր վարակուեցի քորոնա վիրուսով։ Այո, գրել եմ երգեր հերոսների անուններով։ Իմ գրած երգերը երգել են տարբեր երգիչներ, այդպէս փորձում էինք ոգեշնչել հայերին եւ հերոսներին։
Լ.Ք.-Ինչպէս հասկցայ Վրաստանէն զատ այլ երկիր մը չէք գտնուած։ Կ՚ուզէ՞ք Թուրքիա այցելել։
Այո մէկ անգամ եղել եմ Վրաստանում փառատօնի։
Նպատակներ կար ուսումս շարունակելու Իտալիայում, սակայն անձնական խնդիրների պաճառով չուզեցի գնալ։
Այո, կուզեմ լինել Թուրքիայում։ Քանի որ շատ կուզեմ տեսնել Արեւմտեան Հայաստանը, եւ ծանօթանալ Պոլսոյ հայութեան հետ եւ ինչու ոչ, իմ արուեստով ուրախացնել տեղի հայերին։
Լ.Ք.-Վերջին ըլլալով՝ ձեր բոլոր ստեղծագործութիւններուն ինչպէ՞ս կրնանք հասնիլ։
Ես կամ ամէն հարթակում Facebook, You Tube, Tik Tok, Instegram։ Իմ ստերղծագործութիւններուն ծանօթանալու համար պէտք է որոնել լատինատառ Gevorg Mheri նշումով։