ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Ամէն անգամ, երբ ինձ ծանօթ կամ անծանօթ շրջանակներում հարցնում էին, թէ ինչո՞ւ են հայաստանցիները եկել Թուրքիա աշխատելու՝ նեղսրտում էի։ Նեղսրտում էի, որովհետեւ իբրեւ ականատես պիտի պատմէի ու հիմնաւորէի նրանց գալու արդարացի պատճառները։ Չէ՞ որ նրանք ընտրել էին մի ուղղութիւն, որն ըստ էութեան ամենավերջինը պէտք է լինէր ընտրացանկի մէջ, սակայն ընտրուել էր այն, ինչի հնարաւորութիւնն ունէին ֆինանսական տեսանկիւնից։ Սկսած Հայաստանում յետխորհրդային շրջանի լուրջ ցնցումներից, մինչեւ Պաքուի եւ Սումգայիթի ջարդերի հետեւանքով հայ փախստականների հոսքը Հայաստան, մինչեւ Սպիտակի աւերիչ երկրաշարժ, մինչեւ Ղարաբաղեան պատերազմ, նաեւ այն, թէ ինչպէս երկրի բոլոր գործարանները կտորների վերածւում եւ ողջ երկաթն ինչպէս էր ամէն օր Մեղրիով դէպի Իրան տեղափոխւում՝ ժողովրդին մատնելով տարիների տնտեսական խոր ճգնաժամի, մէկ առ մէկ թուարկում էի։ Ամենամեծ աղէտը, սակայն երկրի իշխանաւորներն ու օլիկարխներն էին, որոնք անկախութիւնից յետոյ թալանել էին երկիրը։ Գաղտնիք չէր, թէ ինչպէս էր մսխւում երկրի պետական պիւճէն, ինչպէս էին առաջին դէմքերը Լաս Վեկասի խաղատներում վատնում ժողովրդից յափշտակուած դրամը, ինչ յանցաւոր եղանակով էին հանգուցալուծւում բոլոր խնդիրները եւ այլն։ Հայաստանում 90-ականներից մինչեւ 2018 թուականը մարդիկ տնով-տեղով աշխատում էին, սակայն նրանց սառնարանը դատարկ էր մնում։ Քաղաքացիների ստուար զանգուածը գրեթէ ամէն ամիս դժուարութեամբ է վճարել կոմունալ վարձավճարները (ջուր, էլեկտրաէներկիա, կազ), տարրական հացի խնդիր է լուծել։ Մինչ այդ իշխանական պարագլուխներն իրենց դղեակներում վայելել են ցոփ ու շուայտ կեանք. աղքատ երկրում աչքիդ առաջ սլանում էին վերջին մոտելի ավտոմեքենաներ՝ Bentley, Range Rover... Հացի խնդիր, տան խնդիր, ահա թէ ինչո՞ւ են հայաստանցիները տարիներ շարունակ Թուրքիա եկել, որի համար նրանց հայրենիքում չեն ներում։
Յետադարձ հայեացք դէպի Թաւշեայ յեղափոխութիւն
2018 թուականին հայ ժողովուրդը տօնեց իր վերջին տասնամեակների ամենաբովանդակային յաղթանակը՝ իշխանութեան գլուխ բերելով Նիկոլ Փաշինեանին։ Փաշինեանը հաստատուն քայլերով երկիրը աստիճանաբար սկսեց տանել ժողովրդական ճանապարհով՝ այսպիսով անթաքոյց շարժելով բռնատիրական նկրտումներ ունեցող հարեւան պետութիւնների առաջնորդների զայրոյթը, միւս կողմից էլ՝ նոյն պետութիւնների հասարակութիւնների նախանձը։ Ո՞վ պիտի հեշտ ու խաղաղ թոյլ տար, որ Կովկասն ունենար այսպիսի օրինակ, ով վճռել էր չհպատակուել ոչ ոքի։ Հայ ժողովրդի հաւատը վաղուայ օրուայ հանդէպ, բարօրութեան մէջ ապրելու վճռականութիւնը, կորսուած ժպիտը սկսեցին շողշողալ նրա դէմքին։ Սակայն ոչինչ էլ հալած իւղի պէս սահուն չէր ընթանալու, քանի դեռ տարիներ շարունակ մարդկանց ուղեղները թմրեցրել էին։ Եւ անհրաժեշտ էր քայլ առ քայլ դէպի ճշմարտութիւնը գնալ, ինչն էլ իր հերթին նման էր երկրի ներսում մաշող պայքարի։ Ես ամենեւին չեմ յաւակնում ի ցոյց դնել Փաշինեանի ճիշդ ու սխալ քայլերը, սակայն ակնյայտ էր, որ երկրի անվտանգութիւնը հարցականի տակ էր դրուած, իսկ կադրային քաղաքականութիւնը թոյլ հիմքերի վրայ էր։ Ինչո՞ւ, որովհետեւ ռուսի բարեկամ նախկին նախագահներին անընդհատ ազատազրկման սպառնալիքն էր ուղեկցում։ Եթէ ո՛չ նրանք, ապա ովքեր պէտք է անվերապահ աջակցութիւն ստանային Ռուսաստանից՝ դառնալով խամաճիկ...։ Միշտ էլ վախեցել ենք Փաշինեանի համար, որ նրա գլխին էլ 1999 թուականի Հոկտեմբերի 27-ը չսարքեն, այնպէս ինչպէս արեցին Վազգէն Սարգսեանի, Կարէն Տեմիրճեանի, Յուրի Բախշեանի հանդէպ։ Այդ ժամանակ էլ ժողովուրդը վերածնունդ էր ապրում, երկիրը շէնացնելու համազգային որոշումն էր կեանքի կոչւում։ Արի ու տես, որ մեր բոլոր վախերը ջրի երես են դուրս գալիս։
Դժբախտաբար 2020 թուականը սարսափելի տարի էր հայ ժողովրդի համար։ Ատրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմում զոհուեցին հազարից աւելի զինուորներ, ունեցանք անդառնալի կորուստներ։ Հայ ժողովուդի չսպիացած վերքերն արնահոսեցին։ Բոլորիս աչքի առաջ մղւում էր անհաւասար պատերազմ, որին սակայն հայ հերոս տղաները արժանի դիմադրութիւն ցոյց տուեցին 43 օր։ Իսկ հետաքրքիր է՝ ինչպէ՞ս պէտք է աւարտուեր այս ամէնը, մի՞թէ հնարաւոր էր յաղթել այս պատերազմում, ինչո՞ւ ժողովրդի թիկունքում ստորագրուեց այդ չարաբաստիկ պայմանագիրը, ո՞վ է դաւաճանը։ Ամէն մէկը կէս դիւանագէտ, կէս ռազմական գործի վարպետ կարող է իր վարկածներն առաջ տանել։ Եղաւ այն, ինչ արդէն եղաւ՝ Արցախը բռնի հայաթափ արեցին, արցախցուն անշիրիմ ու անտուն թողեցին...
Իսկ ո՞ւմ է պատկանելու վաղուայ յաղթանակը
Ազգային դաւաճանները փառքի պսակ դրեցին Ալիեւի գլխին՝ որբացնելով Արցախը։ Փաշինեանի ննջասենեակը թուրքական ալիքներին հրամցնողները, Աժ նախագահին իր երեխաների աչքի առաջ դաժանաբար ծեծի ենթարկողները նոյնպէս դաւաճաններ են, ազգը ոչ մի դաւաճանութիւն չի ներելու։ Ամէն բան ջրի երես է դուրս գալու...
Ժամանակից շուտ յաղթանակներ մի՛ տօնէք, ո՛չ մենք ենք յաղթել, ո՛չ էլ դուք, կեցցէ՛ ստրկութիւնը, «եղբայր» Ատրպէյճան։ Պատերազմը յաղթել է ռուսը։ Իսկ ո՞ւմ է պատկանելու վաղուայ յաղթանակը՝ խելքը գլուխը հաւաքողին։ Հայերը ոտքի կը կանգնեն, չեն ինքնասպանուի, էլի՛ քարը քարի վրայ կը դնեն, էլի՛ հազարաւոր զինուորներ կը ծնուեն, սխալներից դասեր կը քաղեն, այդ թւում ձեր կոյր աչքերը կը բացուեն, սակայն նզովեալ լինեն բոլոր պատերազմները, բռնապետները, ազգի դաւաճանները։ Դուք բոլորդ էլ մեռնելիս մերկ մարմին ու աղտոտ սիրտ էք տանելու երկինք։ Դժոխքում էլ ձեր կանգառը նոյն անունն է ունենալու՝ Ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Բարի՛ երթ...
Յ. Գ. Արցախի մեր տունը, որտեղ մայրիկիս մահից յետոյ հայրս էր ապրում, ամենաթանկ յիշողութիւնների վայրն էր։ Այդ ամենաթանկը, որտեղից հայրս հրետակոծութեան տակ ամէն գնով փորձել էր փրկել մայրիկիս լուսանկարը։ Տնից յետոյ նրա համար ամենաթանկը մայրիկիս լուսանկարն էր։ Երանի մայրիկիս, որ չտեսաւ այս ամէնը...։