dzovinarlok@gmail.com
Այո՛, կան թեմաներ, որոնք չունեն ուրիշ գոյն բացի սեւ-սպիտակից։
Ամենադաժանը կենդանիների մէջ
Կինոյի անխոնջ մշակներն են դիմում այդ նիւթերին, տեսանելի դարձնելով անտեսանելին եւ լսելի դարձնելով անլսելին։ Ո՞վ է ստիպում նրանց օրեր, նոյնիսկ տարիներ շարունակ «մանրադիտակով» նայել մարդուն՝ կորզելու համար ճշմարտութիւնը նրանից։ Այս տեսանկիւնից պիտի առանձնացնեմ երեք ռեժիսորներին. ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ Ուլրիխ Զայդլին, իտալական վաւերագրող Ջանֆրանկօ Ռոզիին եւ ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադեանին։
Զայլդին մենք բացայայտել էինք նախորդ «Ոսկէ ծիրաններին»։ «Դրախտ.սէր» (2012) ֆիլմում թեման կրկին սեւ-սպիտակ էր. ինչպէս են սպիտակամորթ եւրոպացի տարեց կանայք մեկնում Աֆրիկա՝ սեքսուալ հաճոյքների հետեւից։ Հոյակապ էր արուած։ Արուեստագէտի փայլուն ձեռագրով… Ո՛չ միայն ֆիլմը տեսանք, այլ նաեւ անձամբ Զայլդին։ Այս անգամ նոյնպէս տեսանք նրան իր ֆիլմը ներկայացնելիս։ «Սաֆարի» (կամ սափարի նշանակում է որսորդական ճամբորդութիւն Աֆրիկայում)։ Կրկին սպիտակամորթերը իրենց հաճոյքները որսում են Աֆրիկայում. մենք տեսնում ենք, թէ ինչպէս են մարդիկ սպանում բիզոնին, զեբրին, ընձուղտին եւ… մորթազերծում (անշուշտ դա անում են վարձու սեւամորթերը)։ Այստեղ է, որ մարդը որպէս կենդանական աշխարհի ամենաբանական էակ հանդէս է գալիս որպէս ամենադաժանը կենդանիներից։ Զայլդի կարծիքով մարդն իրեն վեր դասելով ամէն ինչից, սպանում է այն ամենն, ինչով պայմանաւորուած է իր գոյութիւնը։
Երբ սիրում ես քո հերոսին
Բոլորովին տարբեր է Ջանֆրանկո Ռոզին. նա մարդու մէջ որսում է մարդուն։ Նոյնիսկ մարդասպանին նկարահանելիս (500 մարդ սպանած մեքսիկացի թմրաբարոնին «Մարդասպանը, սենեակ 164» ֆիլմում) նա…սիրում է.
-Ես պիտի սիրեմ իմ հերոսին։ Նոյնիսկ մարդասպանին։ Իմ կամերան դատում է, բայց ես՝ ոչ։ Ես կինեմատոգրաֆիստ չեմ. եթէ ինձ ասեն, որ ես լաւ օպերատոր եմ, ապա ես կը վիրաւորուեմ։ Ինձ համար կարեւորը յարաբերութիւն ստեղծելն է։ Ամէն կադրում պիտի շարադրանք լինի։ Ես չէի ուզում «Ոսկէ առիւծ» ստանալ (2013-ին Վենետիկում Ռոզիին շնորհեցին «Ոսկէ առիւծ» մրցանակը «Սրբազան օղակաձեւ ճանապարհ»- ի համար) Երբ ինձ տուեցին այդ մրցանակը, որոշ ռեժիսորներ առարկեցին. ինչո՞ւ են մրցանակ տալիս վաւերագրողին, նա չգիտի ոնց պէտք է աշխատել դերասանի հետ։ Ինձ համար չկայ տարբերակում վաւերագրականի եւ խաղարկայինի միջեւ։ Ինձ համար դա կինօ է։ Կարեւորը ճշմարտութիւն գտնելն է։ Խաղարկայինի դէպքում սցենարը ես եմ գրում, իսկ վաւերագրականի՝ պատմութիւնը ինքդ ես գտնում։ Ես ինքս չեմ գրում, ես՝ գտնում եմ։ Ինձ համար գեղեցկութիւնը ծնւում է այն պահին, երբ ես բացում եմ մարդուն։ Ես երբեք չեմ նկարահանում նրանց, ով գանգատում է։ Իմ հերոսները դժուար կեանքով են ապրում, բայց չեն բողոքում։
Ձիւնէ փաթիլի պէս անորսալի
Ճիշդ այդպիսին էր ֆրանսիացի ռեժիսոր եւ սցենարիստ Վալերի Մասադեանի հերոսուհին «Միլա» ֆիլմում։ Երբեք չէր բողոքում։ Ամէն մէկի համար չէր նախատեսուած այդ ֆիլմը. շատերը լքում էին դահլիճը, ինչպէս եւ Ջանֆրանկօ Ռոզիի ֆիլմերի ժամանակ (Չնայած «Միլա»-ն Լոկարնօ կինօփառատօնում 2017-ին շահեց Հանդիսատեսի մրցանակ)։ Որովհետեւ նման ֆիլմեր չունեն կոմերցիոն հմայք։ Նման ֆիլմ ստեղծողը չի յաւակնում շահել հանդիսատեսին։ Մասադեանի համար ամենակարեւորն էր՝ գտնել իր հերոսուհուն մարդկանց մէջ։ Եւ նա գտաւ ոչ փրոֆէօսիոնալ Սեւերին Ժոնկերին, որը դարձաւ նրա Միլան։ Մասադեանը տալիս է իր հերոսուհու դիմանկարը. կարծես ձիւնի փաթիլ լինի։ Ձիւնի պէս փխրուն, նուրբ ու անորսալի, որին կարող էիր անվերջ հետեւել։ Ի՞նչ էր կատարւում նրա հետ ֆիլմում։ Հանդիպում էր, սիրում էր, քնում էր, այնուհետեւ մնաց առանց իր ընկերոջը, միայնակ, յղի, ունեցաւ երախայ։ Այսպէս ռեժիսոր Մասադեանը հետեւում էր իր հերոսուհուն եւ ֆիլմը ստեղծուեց մոնթաժի շնորհիւ։ Իրականում ֆիլմը ֆիլմից դուրս էր։ Տպաւորութեան մէջ էր, որը մնաց հանդիսատեսի հետ։
Սիրերգութիւն թող ըլլայ…
Այժմ այն սեւ-սպիտակ թեմայի մասին, որը երբեք ոչ մի ուրիշ գոյն չի ունենայ հայի համար։
Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՛ւն թող ըլլայ…
Ո՛չ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակի մէջ ակօսին.
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՝
Օրհներգութի՛ւն թող ըլլայ։
Դուռը թակում է ոստիկանը… Արիւնով են ծածկւում տողերը։ Բանաստեղծին սպաննել դիւրին է, բայց բանաստեղծական տողերը՝ ոչ։ Դրանք հնչում են հայերէնով Իսթանպուլի պետական թատրոնի դերասան Եղիա Աքկիւնի ձայնով եւ անգլերէնով՝ Շոն Բինի ձայնով։ Այս 22 րոպէանոց «Դանիէլ» կարճամեթրաժ ֆիլմի հեղինակն էր Կարօ Պերպերեանը (պրոդիւսերներ՝ Տաթեւիկ Այվազեան, Նարէ Տէր-Գաբրիէլեան)։ Ծնողները Կիպրոսից Էին գաղթել Մեծ Բրիտանիա, որտեղ եւ ծնուել է ռեժիսորը։ Գեղեցիկ, դիւթիչ ֆիլմ էր ստացուել Դանիէլ Վարուժանի մասին։ «Ալ այլուղս» երգը միահիւսւում էր բանաստեղծութեան հետ։ Արեւմտահայերէնը շոյում էր մեր արեւելահայ ականջը։ Դահլիճը շունչը պահած դիտում էր ֆիլմը։ Նրբաճաշակ։ Կարծես մարդու կողմից չէր ստեղծուած, այլ ինքնաստեղծարար լինէր։ Բայց բաւականին մեծ դերասանական կազմ էր ներգրաւուած ֆիլմում. Կիւմրու դրամատիկական թատրոնի դերասաններն էին, եւ ֆիլմը նկարահանուել էր Կիւմրիում։ Դերասաններ կային նաեւ «Միհր» թատրոնից։ Ֆիլմի աւարտը փոխանցուեց «Հաբրբան» երգին։ Ի՞նչ մահերով մահացան մեր մտաւորականները 1915-ին. արդեօք գիտե՞նք այդ մասին։ Յամենայնդէպս Դանիէլը դիմադրել էր եւ առաւել դաժան մահուան էր արժանացել։ Հայոց ցեղասպանութեան առանձնայատկութիւնը նրանում էր, որ 1,5 միլիոն զոհերից ամէն մէկն ունեցաւ իր մահուան տեսակը, եւ միայն մտաւորականներին յիշատակելիս՝ մենք անդրադառնում ենք նրանց թողած հոգեւոր ժառանգութեանը առաւել, քան դաժան վերջաւորութեանը։
…Հարաւային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի՛ մեղրը փեթակներուն,
Յորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգութի՛ւն թող ըլլայ։