Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում Հետախուզության բաժնի աշխատակիցների լսումներն են ընթանում։ Թամեր Բյուլենթ Դեմիրելը և Ալի Փոյրազն ավարտել են իրենց ցուցմունքները։
Ույգար Գյուլթեքին
Գյոզդե Քազազ
Դինքի սպանության հարցով պետական պաշտոնյաների դեմ հարուցված դատական գործը շարունակվում է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում։
Դատական նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 2-ը։ Նիստին մասնակցել են կալանավորված մեղադրյալներ Ռամազան Աքյուրեքն ու Օգյուն Սամասթը։
Դատական նիստին ներկա էին նաև Դինքի սպանության ժամանակահատվածում Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցներ Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյեւլբելը և Ալի Փոյրազը, ովքեր Ֆեթուլահական ահաբեկչական խմբավորման հետաքննության շրջանակներում են ձերբակալվել։
Յասին Հայալը, Շուքրու Յըլդըզը, Մեհմեդ Ալի Օզքըլընչը, Օզքան մումջուն և Համդի Էգբաթանը բանտախցերից տեսակապի միջոցով են մասնակցել դատական նիստին։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներից միայն Ահմեդ Իլհան Գյուլերն է ներկա եղել դատական նիստին։
«Անվտանգության ապահովումը հետախուզության պարտականությունը չէ»
Ցուցմունք է ներկայացրել Թամեր Բյուլենթը, ով Դինքի սպանության ժամանակ Ոստիկանության հետախուզության «C» բաժնի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Նա նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են։
Դեմիրելը նշել է, որ չի հիշում, թե 2006թ․ Հետախուզության «C» ստորաբաժանմունքն ի՞ր լիազորության տակ է եղել, թե ոչ, սակայն Հրանտ Դինքի հետ կապված փաստաթղթին ինքն է նայել։
«Հայալին գիտեինք»
Դեմիրելը նշել է, որ Յասին Հայալին ավելի վաղ իրականացրած պայթյունի պատճառով գիտեին։ Դեմիրելը հերքել է այն մեղադրանքը, թե իրենք փաստաթուղթ են թաքցրել՝ նշելով, որ փաստաթուղթը արխիվացվել է, և ցանկացողները կարող էին տեսնել այն։
Դեմիրելը նշել է, որ անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը Ստամբուլին է պատկանում, և ինքը չի հիշում մի դեպք, երբ «Հետախուզությունը ապահովի որևէ մեկի անվտանգությունը»։
Դեմիրելը նշել է, որ Ստամբուլ ուղարկված փաստաթղթերում նշված «աղմկահարույց գործողություն» արտահայտությունը համարժեք է «F4» զեկույցում տեղ գտած «ամեն գնով սպանելու է» արտահայտությանը։
«C5» ստորաբաժանմունքին առնչվող հարցին ի պատասխան Դեմիրելը նշել է, որ գիտի «C1», «C2», «C3» ստորաբաժնմունքների մասին, սակայն տեղեկություն չունի «C5»-ի մասին։
«Անհրաժեշտ հրահանգները տվել եմ»
Պատասխանելով հարցին, թե զեկույցի մասին իր ղեկավարներին տեղյակ պահե՞լ է, թե՞ ոչ՝ Դեմիրելը նշել է․ «Չեմ հիշում՝ տեղյակ պահել եմ, թե ոչ։ Սակայն փաստաթղթի վրա անհրաժեշտ հրահանգները գրել եմ»։
«Ամեն դեպքի հետևում կան նման բաներ։ Անկարայում 100 մարդ զոհվեց, Ստամբուլում զբոսաշրջիկներ զոհվեցին․ եթե այս դեպքերին էլ նայեք, նման բաներ կտեսնեք»,- նշել է Թամեր Բյուլենթ Դեմիրելը։
Դինք ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն Դեմիրելին հարցրել է, թե «աղմկահարույց գործողություն» գրությունը Ստամբուլ ուղարկելուց հետո Ստամբուլի և Տրապիզոնի հետ կապը պահե՞լ են, թե՞ ոչ։ Դեմրելն ի պատասխան նշել է, որ նահանգային ստորաբաժանմունքն աշխատում և տեղեկություն է փոխանցում, սակայն դրանից բացի ուրիշ կապ չի եղել։
Ալի Փոյրազ․ «Դինքի անունը սպանությունից հետո եմ լսել»
Դինքի սպանության գործով դատական նիստում ցուցմունք է տվել նաև սպանության ժամանակաշրջանում Հետախուզության բաժնի աշխատակից Ալի Փոյրազը, ով նշել է, որ 2006թ․ սկսել է աշխատել «C» ստորաբաժանմունքում՝ փոքրամասնությունների և ծայրահեղականների բաժանմունքում, և որ Դինքի սպանության ծրագրի մասին «F4» զեկույցն իր պաշտոնավարման ժամանակ գոյություն չի ունեցել։ «Նոր-նոր էի փորձում հասկանալ ստանձնածս պարտականությունները, երբ այդ դաժան դեպքը տեղի ունեցավ։ Դինքի անունն այդ դեպքից հետո եմ լսել։ «Ակօս»-ի մասին էլ չգիտեի։ Սպանությունից հետո եմ իմացել, որ «C» ստորաբաժանմունքն է հետաքրքրվում այդ հարցով»,- նշել էՓոյրազը։
Ալի Փոյրազը մեղադրվում է պաշտոնի չարաշահման և զինված հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ։ Հերքելով երկու մեղադրանքները՝ Փոյրազը նշում է․ «Ինչպե՞ս կարող էի պաշտոնս չարաշահել, եթե տեղեկություն չունեի։ Պատասխանատվության եմ ենթարկվում մի ժամանակաշրջանի համար, երբ չկայի»։
Փոյրազը նաև նշել է, որ մինչդեռ ինքը ձերբակալված է, նույն շրջանում Տրապիզոնի հետախուզության բաժնի պետի տեղակալ և Ստամբուլի հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնողներն ազատ են, ինչն էլ ապացույցն է, նրա որ իրենցից ոչ ոք զինված հանցախմբի մաս չի կազմում։